«Այսօր մենք արձանագրում ենք համազգային և համապետական հաղթանակ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահություն հայտնեց, որ ընտրության երկրորդ փուլը՝ ձայների հաշվարկը, կանցնի, իր գնահատմամբ՝ նույնքան թափանցիկ, ազատ և հասանելի, որքան եղել է բուն ընտրարշավն ու այսօրվա ընտրության գործընթացը։

«Ուզում եմ նաև փաստել, որ ընտրության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը դրսևորել են զսպվածություն։ Մենք միասին հարգեցինք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ ամրացնելով մեր պետականության հիմքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ՀՀԿ կենտրոնական շտաբում է երկրի ղեկավարը, կառավարության ղեկավարը, ՀՀԿ գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, աշխատակիցներ։

Աշոտյանի խոսքով՝ կենտրոնական շտաբը մարդաշատ չէ, որովհետև բոլորն իրենց տեղերում են, աշխատում են, շարունակում են ամփոփել տեղեկություններ։

«Հետընտրական զարգացումներ չեն կարող տեղի ունենալ, եթե դրանց համար չլինի պարարտ հող. Նկատի ունեմ՝ ընտրողների կամքի աղավաղման այնպիսի պատկեր, որը կարող է մարդկանց մոտ ընտրությունների արդյունքի օբյեկտիվության հիմք տալ։ Փաստենք, որ այս ընտրություններին, շնորհիվ քաղաքականության մեջ տեխնոլոգիական հեղափոխության, մենք կարողացանք վերջ դնել այնպիսի ընտրախախտումներին, որոնց մասին Հայաստանում շատ էր խոսվում, օրինակ՝ կրկնակի քվեարկություններ, «կարուսելներ», ուրիշի փոխարեն քվեարկելու խոսակցություններ, և այլն։ Ես վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնց համար Հայաստանը թանկ է, Հայաստանի ընտրողները չեն բաժանվում յուրայինների ու թշնամիների, որոնց համար կապ չունի՝ ընտրողը տարեց կի՞ն է, որին ձեռքերը բռնած՝ տանում են ընտրության, թե՞ մի երիտասարդ, որն ընդդիմադիր հայացքներ ունի»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Աշոտյանը հավելեց. «Այսօր մենք արձանագրում ենք համազգային և համապետական հաղթանակ։ Իհարկե, սպասելու ենք արդյունքների ամփոփմանը, սպասելու ենք ԿԸՀ հաշվարկին, որովհետև դա էլ է կարևոր, թե ինչպիսի Հայաստան է լինելու։ Բայց քաղաքական իմաստով՝ ինչպիսի Հայաստան էլ լինի, վստահաբար, լինելու է ավելի ուժեղ, քաղաքական նոր մշակույթի կրող»։

Տեսանյութեր

Լրահոս