«Այս ամենը պլանավորած է». Արմեն Աշոտյանը ֆեյք ահազանգերի միտում է տեսնում
ՀՀԿ կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում իրենց կուսակցության ներկայացուցիչները բրիֆինգներ են կազմակերպելու և տալու են ընթացիկ գնահատականներ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Աշոտյանը նշեց, որ այսօր հատուկ օր է. «Նախ և առաջ՝ մենք հարգում ենք մեր ապրիլյան զոհերի հիշատակը. նրանք իրենց կյանքը զոհաբերեցին նաև հանուն այսօրվա, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ու առաջընթացի։ Իրենց հիշատակը լավագույնս այսօր կարող ենք նաև հարգել՝ բարձր մակարդակով կազմակերպելով խորհրդարանական ընտրություններն ու ամրացնելով պետականության հիմքերը»։
Այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքը ՀՀԿ-ն նորմալ է գնահատում։ Աշոտյանի խոսքով՝ որևէ լուրջ մտահոգության տեղ տվող միջադեպեր դեռ չեն գրանցվել.
«Տեխնիկական թերությունները մեզ էլ են հետաքրքրել. ըմբռնումով ենք մոտենում այդ խնդիրներին, քանի որ քաղաքական առումով հսկայական տեխնոլոգիական հեղափոխություն ենք իրականացնում երկրում, այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է գերժամանակակից ընտրական համակարգ։ Այդ սարքերի թիվը հազարներ են, և, եթե անգամ մի քանի տասնյակը չի աշխատում, ապա դա չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում կա.
«Լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու ու պարզաբանելու համար ժամանակ է պետք, այո, կան միջադեպեր, դրանք եզակի են, բայց չի կարելի դրանք ամբողջ ընտրական գործընթացի հիմք դիտարկել։ Այս ամենը պլանավորած է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում