
ԵՄ-ն պատրաստ է քննարկել Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները. Տուսկ

Եվրամիությունը պատրաստ կլինի Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները քննարկել հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունների ընթացքում, այսինքն՝ դեռ նախքան Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ վերջնական համաձայնության ձեռքբերումը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար
Դոնալդ Տուսկը՝ ներկայացնելով ԵՄ-ի ռազմավարությունը Brexitի շուրջ առաջիկա բանակցությունների համար:
«Դրանից հետո, երբ բավականաչափ առաջընթաց ձեռք բերվի (բանակցություններում), մենք կարող ենք քննարկել մեր ապագա հարաբերությունները»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ կողմերը նոր հարաբերությունների քննարկմանը կկարողանան ձեռնամուխ լինել բանակցությունների առաջին փուլից հետո, որը ներառում է չորս հարց:
«Մեր գլխավոր պարտքն է՝ նվազագույնի հասցնել անորոշությունն ու վնասը մեր քաղաքացիների, բիզնեսի եւ անդամ երկրների համար: Նախեւառաջ մենք պետք է մարդկանց մասին մտածենք: Մեր քաղաքացիներն ապրում, աշխատում եւ սովորում են Մեծ Բրիտանիայում, եւ նրանց իրավունքները պաշտպանված են, քանի դեռ Մեծ Բրիտանիան մնում է ԵՄ-ի կազմում»,-ասել է նա:
Առաջին փուլի մնացած հարցերն են՝ «մեր ընկերությունների համար իրավական վակուումի կանխումը», «Մեծ Բրիտանիայի կողմից բոլոր պարտավորությունների կատարումը, քանի դեռ նա ԵՄ-ի անդամ էմնում» եւ «Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի շուրջ ստեղծված իրադրությունը»:
Միայն բոլոր այս չորս հարցերի համաձայնեցումից հետո Բրյուսելը եւ Լոնդոնը կկարողանան ձեռնամուխ լինել նոր հարաբերությունների քննարկմանը: Եվ այստեղ կողմերը կցանկանան հաստատել նոր առեւտրական հարաբերություններ, ինչը բավականին դժվար կլինի, քանի որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Մեծ Բրիտանիան կունենան միմյանց հակասող պահանջներ:
Օրինակ, ռազմավարության տեքստի նախագծում, որը Տուսկն ուղարկել է ԵՄ-ի 27 երկրների ղեկավարներին, ասվում է, որ Brexit-ից հետո Լոնդոնը մասնակի մուտք չի ունենա ԵՄ-ի միասնական շուկա: Դա նշանակում է, որ շուկա մուտք ունենալու համար երկիրը պետք է կատարի բոլոր պայմանները, ներառյալ քաղաքացիների ազատ ուղեւորությունները:
Ուստի Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ բանակցությունները երբեմն նույնիսկ առճակատման բնույթ կկրեն:
«Բանակցությունները կլինեն դժվարին, խճճված եւ երբեմն նույնիսկ կկրեն առճակատման բնույթ»,-ասել է նա: Բանակցային գործընթացի վերաբերյալ ԵՄ-ի ռազմավարությունը պետք հանրակցության անդամ երկրների կողմից հավանության արժանանա ապրիլի 29-ի արտահերթ գագաթնաժողովում:
Դրանից հետո, ինչպես սպասվում է, Բրյուսելը եւ Լոնդոնը կկարողանան ձեռնամուխ լինել բուն բանակցություններին, որոնք պետք է ավարտվեն երկու տարի հետո:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը:
«Մենք թողնում ենք Եվրոպական միությունը, բայց չենք թողնում Եվրոպան, մենք ցանկանում ենք մնալ հավատարիմ գործընկերներ եւ դաշնակիցներ Իռլանդիայի եւ աշխարհամասի մեր բոլոր բարեկամների համար»,-ընդգծել է Մեյը:
Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունները պետք է անցկացվեն «կառուցողականորեն, հարգանքի եւ համագործակցելու անկեղծ ձգտման ոգով»:
Նա ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը չի փորձելու մնալ ընդհանուր շուկայի անդամ, բայց ձգտելու է առավելագույն մուտք ապահովել այնտեղ «ազատ առեւտրի վերաբերյալ նոր եւ հավակնոտ համաձայնագրի միջոցով »,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։