Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները կասկածի տակ են դնում ընտրությունների արդար լինելու հանգամանքը

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար լինելու հանգամանքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն բարձրաձայնված խախտումներին պատշաճ արձագանք չի տվել, ինչի պատճառով ինքը կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների արդար լինելու հանգամանքը:

«Ընտրությունների ազատ և արդար լինելն արդեն իսկ կասկածի տակ է, և կարող ենք պնդել, որ չարվեց բոլոր անհրաժեշտը, որպեսզի վստահություն լինի ընտրողի մոտ, որ իրապես առաջիկա ընտրությունները լինելու են ազատ և արդար»,- նշեց Ա. Սաքունցը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Վարուժան Հոկտանյանը համաձայնեց Ա. Սաքունցի հետ՝ ասելով. «Ընտրություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք միայն վաղը չէ մյուս օրվա օրը, այսինքն՝ ապրիլի 2-ը միայն քվեարկության օրն է, ընտրությունների ամբողջ գործընթացը եթե վերցնենք նույնիսկ նախընտրական քարոզչության սկիզբը, դրանից շուտ էլ է սկսվել: Այս ընթացքում մենք տեսանք այնպիսի երևույթներ, որոնք ուղեկցվում էին նաև նախորդ ընտրությունների նախընտրական շրջանում՝ և՛ անհավասար պայմանները, և՛ բռնությունները, և՛ վարչական ռեսուրսի չարաշահումը, և՛ ցուցակները, որ այդպես էլ կարգի չբերվեցին: Այս ամենը լրջագույն հիմքեր են տալիս՝ ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով: Մեծ հույսեր ես նույնպես չունեմ»:

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ ոչ միայն ԿԸՀ-ի, այլև Ոստիկանության գործողություններն են, որ իրենց տեսակետի ձևավորման վրա ազդում են. «Թեև Ոստիկանությունն իրենց ուղեցույցում ընդունեց մեր կողմից առաջարկված գրեթե բոլոր խմբագրական փոփոխությունները, և դրանք տեղ գտան ուղեցույցում, բայց եթե նայենք ընտրակաշառքի ահազանգերի վերաբերյալ ոստիկանների գործողությունները, բոլոր այն քաղաքացիները, որոնք լրագրողներին հայտնել են, որ ընտրակաշառք են վերցրել կամ իրենց ընտրակաշառք ենք առաջարկել, բոլոր այդ դեպքերում Ոստիկանություն այցելելուց հետո այդ քաղաքացիներն ասել են, որ ընտրակաշառք չի եղել, անգամ այն դեպքերում, երբ քաղաքացին տալիս էր կոնկրետ թեկնածուի անուն, Ոստիկանություն այցելելուց հետո ասում էր, որ ընտրակաշառք չի եղել, այնինչ Ոստիկանությունն ինքը ոչ միայն պետք է չկոծկեր այս դեպքերը, այլ հակառակը, ինքը պրոակտիվ հետախուզական գործողություններ պետք է իրականացներ ընտրակաշառքը բացահայտելու համար:

ԿԸՀ-ի կողմից մի շարք կարգավորումների ընդունումը կամ չընդունումը, որը կարող էր ավելի լավը դարձնել ընտրական մթնոլորտը կամ գոնե քվեարկության օրվա մթնոլորտը, հիմք է տալիս կասկածի տակ դնելու քվեարկության օրը հանձնաժողովի անկախությունը»:

Տեսանյութեր

Լրահոս