Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է էթիկական խախտումներով

Այսօր տեղի ունեցավ «ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» թեմայով կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կողմից իրականացվող Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները, որ ներառում էր 2017թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածը: Կոնֆերանսը վարում էին ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի համակարգող Մեսրոպ Հարությունյանը, ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը: Կոնֆերանսին ներկա էին նաև ԱԺ ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ընթացքում բարձրաձայնած ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ նախընտրական քարոզարշավի 20 օրերի ընթացքում արտահայտությունների և տեսադրվագների մակարդակում 5 հեռուստաալիքների եթերում ի հայտ են եկել էթիկայի կանոնների 23 խախտումներ: Պարզվում է նաև՝ խախտումների ինտենսիվությունը հետազոտված ժամանակահատվածի վերջին օրերին էականորեն աճել է: Էթիկայի կանոնների խախտման հիմնական մասն արձանագրվել է երեք հեռուստաալիքների՝ «Հանրային Առաջինի» պարագայում՝ 8, «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների դեպքում՝ 7-ական, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում՝ ընդամենը 1 անգամ, իսկ
«Շանթ» հեռուստաընկերության եթերում քարոզարշավի իրականացման ողջ ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել:

Ըստ հրապարակված արդյունքների՝ պարզ է դառնում հետևյալ պատկերը. հեռուստաընկերությունները ձգտում են հետևել օրենսդրության պահանջներին և հավասարաչափ լուսաբանել նախընտրական քարոզարշավը, ինչը, սակայն, միշտ չէ, որ հաջողվում է՝ ռեսուրսների և աշխատակիցների սղության պատճառով: Կոնֆերանսին ներկա, ԱԺ ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունների ներկայացուցիչներից գրեթե բոլորը հավաստում են՝ ըստ պատշաճի չեն լուսաբանվում քարոզարշավի մարզային այցելությունները, ինչի հետևանքով խեղաթյուրված կարծիք է ձևավորվում, որ կուսակցությունները և դաշինքները մարզերում ավելի պասիվ քարոզարշավ են իրականացնում:

Նախընտրական քարոզչության առաջին 20 օրերի ընթացքում հետազոտվող 5 հեռուստաալիքների հանրագումարային ցուցանիշներով անդրադարձների հաճախականությամբ և եթերաժամանակով առաջատարը ՀՀԿ-ն է, որին անմիջապես հաջորդում է «Ծառուկյան» դաշինքը:

Կարդացեք նաև

Նախընտրական եթերի չլուծված խնդիրներից է մնում պաշտոնատար անձանց լուսաբանումը պաշտոնական պարտականություններ կատարելիս, երբ լուսաբանումը դիտարկվում է՝ իբրև քարոզարշավ, ինչպես նաև՝ քաղաքական բանավեճերի անթույլատրելի բացակայությունը: Մեծ խնդիր է նաև քարոզարշավի ընթացքում տարածքային ցուցակներով մասնակցող թեկնածուների համար հավասար պայմանների բացակայությունը:

Տեղեկացնենք, որ միջոցառումը կազմակերպվում է «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ԵՄԱ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ:

Տեսանյութեր

Լրահոս