
«Չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է». Թոմաս դը Վաալ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունները կողմերի համար անակնկալ չեն լինի. ապրիլյան պատերազմից հետո երկու կողմերն էլ լավ պաշտպանված են, և ռազմական գործողությունների դեպքում այս անգամ ավելի մեծ էսկալացիա կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:
«2016 թվականը շատ վտանգավոր տարի էր: Իրավիճակի լարման հավանականություն դեռ կա, ամեն դեպքում այս տարին կարող է լինել ավելի վտանգավոր նոր սպառազինությունների գործադրման տեսանկյունից: Հետևաբար, մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,-ասաց Թոմաս դը Վաալը:
Նրա խոսքով, կարևոր է միջազգային դիվանագիտության բավարար չափով ներգրավվածություն: Թոմաս դը Վաալի կարծիքով, անհրաժեշտ է լուրջ դերակատար, ով հանձնառու կլինի այս աշխատանքի իրականացման համար:Նա ընդգծում է, որ այսօր հիմնական խնդիրը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի ամրապնդումն է:
«Պետք է սկսել վերանայել ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունները, եթե չենք ցանկանում, որ հակամարտությունը վերսկսվի: Միայն Ռուսաստանը չէ, որ պետք է խնդիրը լուծի, եռակողմ ձևաչափը շատ կարևոր է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համար: Սա մի հնարավորություն է, որ Մոսկվան և Վաշինգտոնը արդյունավետ համագործակցեն»,-ասաց նա:
Թոմ դը Վաալը նշեց, որ Ադրբեջանը բաց չէ հրապարակային տեսակետներ ներկայացնելու տեսանկյունից: Հիմնականում տեսանելի են պաշտոնական կարծիքները: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդիկ իրենց տներում, բարեկամական միջավայրում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում իրենց որդիները սպանվեն:
«Հասարակությունը պետք է հասկանա, որ քաղաքական բանակցությունը լավագույն գործիքն է հակամարտությունը կարգավորելու ճանապարհին: Ակնհայտ է, որ Ղարաբաղն ի վերջո ինչ-որ կարգավիճակ ունենալու է: Երբ ես խոսում եմ ինքնիշխանության մասին, ես նկատի ունեմ անկախություն կամ համադաշնության կարգավիճակ, Ադրբեջանի հետ միասին: Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի կազմի մասին, չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է: Չեմ կարծում դա տեղի կունենա, թույլ տվեք հստակ դա նշել»,- ասաց նա: