Կապ չունեցող կապերի մասին

Վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, պատասխանում է՝ տանը սափրվելուց։ Այս կարճ անեկդոտի օգնությանը նախկինում նույնպես մի քանի անգամ դիմել ենք, որպեսզի ցույց տանք, թե պատճառահետևանքային կապ ասվածն ինչպես կարող է խեղաթյուրվել և ներկայացվել` ըստ նպատակահարմարության։

Թեկուզ օրինակն անկեդոտային է, սակայն իրականությունից հեռու չէ։ Ավելին, եթե նման բան պնդող վարսավիրին ասես՝ ասածդ հիմնավորիր, նա կբերի մի քանի թարմ օրինակ և կտա մի քանի մարդու անուն, որոնք վերջերս քաղցկեղից մահացել են և երբեք վարսավիրանոցում չեն սափրվել։ Մյուս կողմից՝ ասածն ավելի հիմնավորելու համար նա կտա մի քանի առողջ մարդկանց անուն, որոնք իր մշտական հաճախորդներն են։

Ոչինչ, որ գիտությունը որևէ կապ չի գտել քաղցկեղի ու սափրվելու վայրի միջև։ Կարևորը՝ վարսավիրին հայտնի օրինակները հաստատում են իր թեզը, նա դրանից ավելի չի էլ խորանա։

Նման օրինակները շատ են ու մեր կենցաղի անբաժանելի մասն են։

Իհարկե, կենցաղում սա ինչ-որ տեղ բնական է և հասկանալի։ Սակայն հրապարակային, պաշտոնական հայտարարությունների կամ պնդումների դեպքում, երբ որևէ երևույթ կամ արդյունք պայմանավորվում է մեկ այլ երևույթով, արդյունքով կամ անձով, ապա դրա տակ պետք է լուրջ վերլուծություն լինի։

Սակայն ոչ միշտ է այդպես լինում։

Անցած շաբաթ հրապարակվեց «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակված «Great country, Smart opportunities» ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ:

Բաժիններից մեկը վերաբերում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Բաժինը վերնագրված է «ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները»։ Այստեղ համառոտ ներկայացված են այդ առավելությունները՝ 180 միլիոնանոց շուկա, անդամ երկրների միջև մաքսատուրքերի բացակայություն, և այլն։ Այս մասը (իհարկե, որոշ վերապահումներով) նորմալ է։

Խնդիրն այն նախադասությունն է, որի միջոցով ապացուցվում է, որ այդ առավելություններն աշխատում են։

Անգլալեզու ձեռնարկի մեջ նշվում է. «Հայաստանն ունի առաջին շոշափելի արդյունքները ԵԱՏՄ-ին անդամակցությունից. 2016 թվականին արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 53%-ով՝ 2015 թվականի համեմատ»։

Այո, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն իրոք 53%-ով աճել է, սակայն արդյո՞ք դա ԵԱՏՄ-ին մեր անդամակցության արդյունքն է։ Այսինքն՝ եթե անդամակցած չլինեինք, նման ցուցանիշ չէ՞ր գրանցվի։

Դեպի եվրասիական շուկա արտահանման աճին մենք վերջերս անդրադարձել ենք և նշել, որ այդ աճը գրանցվել է հիմնականում պոմիդորի արտահանման անհավանական աճի, կոնյակի շնորհիվ, և մի քիչ էլ՝ հագուստի և տրիկոտաժի աճի հաշվին։

Պոմիդորի թեման, չնայած պաշտոնական պարզաբանումներին, մինչ օրս կասկած է հարուցում։ Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր 1129.7 տոննա պոմիդոր՝ 1.5 մլն դոլար մաքսային արժեքով, իսկ 2016-ին՝ 35 842 տոննա՝ 22.6 մլն դոլար մաքսային արժեքով։ Չար լեզուներն ասում էին, որ իրականում հայկականի անվան տակ արտահանվել է թուրքական լոլիկը, սակայն Գյուղնախարարությունն այս աճը բացատրեց ջերմոցների ընդլայնմամբ և այլ գործոններով։ Մենք հավատում ենք Գյուղնախարարությանը, սակայն այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ի՞նչ կապ ունի ջերմոցային տնտեսությունը ԵԱՏՄ-ի հետ։ Ֆերմերները սպասում էին՝ ԵԱՏՄ մտնենք, նո՞ր սկսեին ջերմոցներ սարքել լոլիկի համար։

Իսկ կոնյակի արտահանման աճն ավելի պարզ բացատրություն ունի։ 2014-ի վերջին ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտադրողների մի մասը պարզապես հրաժարվել է ապրանքն արտահանել Ռուսաստան, փոխարենը՝ գերադասել է պահեստավորել և սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Ինչպես երևում է, այդ բարենպաստ ժամանակը եղել է 2016 թվականը. ռուբլու փոխարժեքի որոշակի ամրապնդումից հետո տեղական արտադրողները սկսեցին արտահանել ոչ միայն՝ նույն տարում արտադրած, այլև՝ 2015-ից պահուստավորած ապրանքը։

Երկար-բարակ խոսելու փոխարեն՝ աչքի անցկացրեք գծապատկերը, որտեղ ներկայացված են Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալները՝ 2014-2016 թվականներին։

2015 թվականին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը նվազեց մոտ 30%-ով՝ 324.7 մլն դոլարից հասնելով 236.6 մլն դոլարի։ Այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազեց 308.4 մլն դոլարից՝ 225.9 մլն դոլարի։

Այսինքն, 2016 թվականի աճը տպավորիչ է այն պատճառով, որ 2015-ին ունեցել ենք գրեթե նույնքան տպավորիչ անկում։ Դատարկ բաժակը ջրով լցնելն ավելի տպավորիչ է, քան կիսատ բաժակը։ Սակայն երկու դեպքում էլ ստացվում է 1 բաժակ ջուր, և բաժակը լցնելու գործով հպարտանալուց առաջ պետք է նաև խոսել այն մասին, թե ով և ինչու էր այն դատարկել։

Սակայն ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ 2015 թվականին մենք նույնպես ԵԱՏՄ-ի անդամ էինք։ Ուրեմն ի՞նչ՝ կարելի էր ասել, որ արտահանման անկումը ԵԱՏՄ-ին անդամակցության հետևա՞նք էր։ Որքան հիշում ենք, տնտեսական բլոկի պատասխանատուներն այդ անկումը բացատրում էին այլ գործոններով (ՌԴ տնտեսական վիճակի վատթարացում, ռուբլու փոխարժեք և այլն), որոնք բացասաբար էին ազդելու՝ անկախ նրանից՝ մենք ԵԱՏՄ-ի անդա՞մ ենք, թե՞ ոչ։

Կարճ ասած, պետք չէ ցանկալի ու «պուպուշ» թվերը պայմանավորել այնպիսի գործոններով, որոնցով դրանք պայմանավորված չեն (կամ՝ այդ կապն ապացուցված չէ)։

Որպեսզի գործող իշխանության համար ասվածն ավելի համոզիչ լինի, հիշեցնենք, որ մինչև 2007 թվականը Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ուներ, 2008-ից հետո սկսվեցին դժվարությունները։ Մինչև 2008 թվականը երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, դրանից հետո՝ Սերժ Սարգսյանը։

Կարելի՞ է ասել, որ տնտեսական աճի տարիների համար պարտական ենք Ռոբերտ Քոչարյանին, իսկ տնտեսական անհաջողությունների մեղավորը Սերժ Սարգսյանն է։ Իհա՛րկե ոչ։ Որովհետև 2000-ականներին նավթի գների աճն ու Ռուսաստանի տնտեսական վերելքը, իսկ հետո՝ 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը կամ 2014-ից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն ու նավթի գների անկումը ոչ մի կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ով է Հայաստանի նախագահը։

Ավելին ասենք, մի շարք տնտեսագետների համոզմամբ՝ 2009-ի խորը անկումը հենց նախորդ տարիների երկնիշ, սակայն անառողջ տնտեսական աճի հետևանքն էր, քանի որ շեշտը դրվել էր հիմնականում շինարարության ոլորտի վրա։

Այնպես որ, ավելի լավ է գայթակղությանը չտրվել և, թեկուզ անուղղակիորեն, ցանկալի թվերը չվերագրել ցանկալի անձանց կամ իրողություններին։ Չէ՞ որ դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս