«Հայաստանը ԵԱՏՄ ցուցանիշների աճի առումով առաջատարներից է». Տատյանա Վալովայա

«ԵԱՏՄ-ն սկսում է հաղթահարել տնտեսական անբարենպաստ մթնոլորտի հետևանքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան՝ ներկայացնելով ԵԱՏՄ տնտեսական 2016թ. որոշ կարևոր ցուցանիշներ։

Նա նախ նշեց, որ մշտապես անկեղծորեն ասել են՝ ԵԱՏՄ հիմնադրումը համընկավ ոչ այնքան բարենպաստ տնտեսական փուլի հետ, որն անդրադարձավ ԵԱՏՄ ցուցանիշների վրա։ Այնուամենայնիվ, Վալովայի խոսքով, և 2015թ., և 2016թ. իրենց վերլուծությունը հստակ ցույց է տվել, որ, եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի բացասական կլինեին։

«Ավելին, մենք վստահ ենք, որ ինտեգրացիոն զարգացման շնորհիվ մենք կկարողանանք շատ ավելի արագ հաղթահարել բացասական միտումները՝ դուրս գալով տնտեսական զարգացման շատ ավելի դինամիկ մակարդակի։ Բավարարված ենք նրանով, որ 2016թ. արդյունքները մեզ ապացուցում են մեր կանխատեսումների իրատեսականությունը։ Մեր գնահատականների համաձայն՝ 2016թ., թեև ԵԱՏՄ ՀՆԱ-ն մեծապես կրճատվել է, այն կրճատվել է 0,1 %-ով այն դեպքում, երբ նախորդող 2015թ. կրճատվել էր 2,3 %-ով, սա արդեն հուսադրող միտում է, ավելին, մենք ցանկանում ենք նշել, որ նախորդ տարի ԵԱՏՄ երեք երկրների մասով՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան, մենք արդեն նկատում ենք ՀՆԱ-ի աճ։ 2017թ. համար կանխատեսում ենք միության ՀՆԱ-ի աճ 0,9 %-ով և նման դրական դինամիկա ենք կանխատեսում 2018-2019թթ.-ի համար»,- հույս հայտնեց Վալովայան։

Նա տեղեկացրեց, որ 2016թ. առևտրաարդյունաբերության ոլորտում աճը կազմել է 0,9 %, իսկ մի շարք երկրների մասով շատ ավելի բարձր է եղել ցուցանիշը։ Օրինակ, նրա փոխանցմամբ, ՀՀ-ն 6,7% աճ է ունեցել, իսկ Ղրղըզստանը՝ 4.9%: Գյուղատնտեսության ոլորտում, ըստ ԵԱՏՄ պաշտոնյայի, ունեցել են 4,5 % աճ, բայց, նրա կարծիքով, կարևոր է ասել, որ 2015թ. ևս նկատել են գյուղատնտեսական արտադրանքի աճ 2,6%-ով։ «Մենք այս տարի արդեն տեսնում ենք այն ինտեգրացիոն ազդեցությունը, որն ունեցել են ԵԱՏՄ նոր անդամ երկրները՝ Հայաստանը և Ղրղըզստանը։ Սա շատ կարևոր և հետաքրքիր թեմա է, քանի որ դա խոսում է այն մասին, որ այս երկրները ոչ միայն ճիշտ տնտեսական ընտրություն են կատարել՝ միանալով միությանը, այլև այդ փաստը խոսում է նաև այն մասին, որ այն բանի համար, որպեսզի հետագայում ևս ակտիվորեն ստանանք նորանոր օգուտներ ինտեգրացիայից, պետք է այդ ինտեգրացիան զարգացնենք և խորացնենք»,- նման տեսակետ հայտնեց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։

Խոսելով փոխադարձ առևտրի ցուցանիշներից՝ բանախոսն ասաց, որ արտաքին առևտուրը լակմուսի թուղթ է, թեև դրանով ինտեգրացիան չի սահմանափակվում։ «2015-2016թթ. մեր փոխադարձ առևտուրը կրճատվում էր։ Մենք մեր վարչապետներին տեղեկացրել էինք, որ դրա հիմնական պատճառն էներգակիրների գնանկումն էր, երկրորդը՝ տնտեսական աճի դանդաղումը և, համապատասխանաբար՝ միության սահմաններում որոշ արտադրատեսակների պահանջարկի մարումը։ Անցյալ տարի արդեն դանդաղել են կրճատման տեմպերը։ Մենք 2016 թվականի տարեսկզբից փոխադարձ առևտրի ծավալների աճ ենք նկատել, օրինակ՝ փետրվարին ավելի, քան հունվարին, մարտին ավելի, քան փետրվարին, և այդպես շարունակ։ Սեպտեմբերից սկսած՝ տեսանք միտում՝ մեր փոխադարձ առևտուրը սկսեց աճել։ Փոխադարձ առևտուրը 2017թ. հունվարի դրությամբ աճել է 38,1 %-ով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, սա շատ մեծ աճ է, այն փաստում է, որ իսկապես հույս ունենք, որ հաղթահարել ենք այս ոլորտում խնդիրը»,- նկատեց Վալովայան։

Հայաստանն ու Ղրղըզստանը, նրա խոսքով, սկսեցին ինտեգրացիայի առաջին ազդեցությունը զգալ միայն 2016թ.։ Վալովայայի կարծիքով, պատահական չէ, որ հենց այս երկու երկրներն են առաջատարները մի շարք տնտեսական ցուցանիշներով։ «ՀՆԱ-ն Հայաստանի դեպքում 2%-ով է աճել, Ղրղըզստանի դեպքում՝ 3,8%-ով։ Այս տարվա և հաջորդ տարվա համար կանխատեսում ենք ՀՆԱ աճ և Հայաստանի, և Ղրղըզստանի դեպքում, այնպիսի աճ, որը բարձր է մեր միության միջին ցուցանիշներից։ Արդյունաբերության ոլորտում ՀՀ-ի ցուցանիշն աճել է 6,7 %-ով, Ղրղըզստանի դեպքում՝ 4,9 %-ով։ Մենք տեսնում ենք, որ տնտեսական աճի տեմպերն այս նոր անդամների դեպքում բարձր են միության միջիններից։

Նույնը վերաբերում է փոխադարձ առևտրի ոլորտին։ Անցյալ տարի Հայաստանի դեպքում արտահանումը ԵՏՄ տարածքում աճել է 53 %-ով, սա շատ բարձր ցուցանիշ է, Ղրղըզստանի մասով աճել է արտահանումը 4,4 %-ով։ Հայաստանի վրա այդ առաջնային ազդեցությունները շատ հստակ են երևում, դա բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է շատ ավելի վաղ, քան Ղրղըզստանը, թեև Ղրղըզստանի ցուցանիշները ևս տեսանելի են»,- նկատեց Վալովայան։

Տեսանյութեր

Լրահոս