Բաժիններ՝

Արման Աթոյան-X-TECH և ARLOOPA ընկերությունների տնօրեն

X-TECH-ը հիմնադրվել է 2008թ.-ին և շատ արագ դարձել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը վեբ դիզայնի և վեբ կայքերի մշակման բնագավառում: Շուտով ընկերությունում սկսում են զբաղվել վեբ համակարգերում գործող խաղերով, որոնք ստեղծվում էին ֆլեշ տեխնոլոգիաների հիման վրա։ Այնուհետև, ինչպես նշում է X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն, Արման Աթոյանը, հասկացան, որ անընդհատ պետք է դիվերսիֆիկացնել ծառայությունները` ժամանակի հետ քայլելու համար։

Արման Աթոյանի հետ զրույցը` ստորև.

-Պարոն Աթոյան, 2008 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եք գործունեություն ծավալում։ ՏՏ ոլորտն այս ընթացքում ի՞նչ զարգացումներ է ունեցել։

-Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ավելի շատ երիտասարդներ են սկսել հետաքրքրվել տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Կազմակերպությունների քանակը դիտարկելով` կտեսնենք, որ 2000-ական թվականներին դրանք ընդամենը տասնյակ էին, հիմա արդեն դրանց թիվը կարելի է հարյուրներով հաշվել։ Կարծում եմ` մեր զարգացման հիմնական ուղղությունը ՏՏ-ն է, և որքան հնարավոր է, շատ մարդկանց պետք է բերել այս դաշտ։ Եթե թվերով խոսենք, ցանկալի է, որ բնակչության 60-70 տոկոսը ՏՏ կամ հարակից ոլորտներում ընդգրկված լինի։ Այդ պատճառով պետք է ոլորտի ձեռքբերումները, անհրաժեշտությունը քարոզվի դեռ դպրոցից սկսած։ Դպրոցականներին և նրանց ծնողներին պետք է հասցնել այն ուղերձը, որ եթե երեխաները գան այս ոլորտ, շատ մեծ է հավանականությունը, որ ապագայում կունենան լավ վարձատրվող աշխատանք, և կարիք չի լինի երկրից արտագաղթելու կամ առհասարակ աշխատանք փնտրելու։

Կարդացեք նաև

-Փաստորեն, Դուք մեր ապագան տեսնում եք տեխնոլոգիական հանրություն ունենալու մեջ։

-Դա ցանկալի ապագան է։ Այս պահին ես չեմ տեսնում նման իրավիճակ։ Այս պահին տեխնոլոգիաներով հետաքրքրվողների թիվը բավականաչափ մեծ չէ։ Դրան հասնելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները` մեդիա միջոցները, հատկապես հեռուստատեսությունը։ Նույնիսկ առաջարկ ենք արել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հեռուստաեթեր բերել IT քարոզչությունը։ Հնդկական ֆիլմերի, սերիալների փոխարեն հարկավոր է ցույց տալ ՏՏ ոլորտի հաջողության պատմությունները, երիտասարդներին ոգեշնչել, տեղեկացնել, որ այս դաշտ գալը շատ հետաքրքիր է և եկամտաբեր։ Մեք ունենք Թումոների, ինժեներական լաբորատորիաների հաջողված օրինակներ։ Դրանք պետք է հասանելի լինեն բոլոր համայնքներում, նույնիսկ ամենափոքր գյուղում։ Հակառակ դեպքում եթե մենք միայն խոսենք տեխնոլոգիաներից, բայց երեխաները հնարավորություն չունենան շփվելու դրանց հետ, արդյունքի դժվարությամբ կհասնենք։

-Դուք ՏՏ ոլորտում սեփական արտադրանք ունենալո՞ւ, թե՞ աութսորսինգի կողմնակից եք։ Փաստ է, որ մեզ մոտ շատ է ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը։

-Նախկինում այս բնագավառում ավելի շատ էր ծառայությունների մատուցումը։ Իրականում ընկերությունները դրա վրա էլ սովորում և փորձ են ձեռք բերում։ Աութսորսինգով մենք չենք կարող գլոբալ դիրքեր գրավել։ Զուտ քանակական առումներով մենք զիջում ենք բազմաթիվ երկրների։ Նույն Բելառուսը, Ուկրաինան շատ ավելի հզոր են քանակապես։ Ուստի մեզ մոտ ավելի շատ շեշտը պետք է դնենք բարդ, նորարարական խնդիրների լուծման և ամենակարևորը՝ պրոդուկտների ստեղծման վրա։ Բնական է, որ դրան միանգամից հասնելն անհնար է։ Եթե մարդիկ ծառայություն չեն մատուցել, չեն աշխատել հաճախորդի հետ, չեն անցել այդ գործընթացը, միանգամից պրոդուկտ սարքել չեն կարող։ Ես չեմ հավատում, թե համալսարանի ուսանողը կամ շրջանավարտը կարող է հաջողություն ունեցող պրոդուկտ ստանալ։ Սա բնական պրոցես է։ Մարդը մասնագիտանում է ծառայությունների մատուցման ոլորտում, հասկանում է, թե ինչ ծրագրեր պետք է ստեղծի, որպեսզի հաճախորդները գոհ և երջանիկ լինեն։ Եվ դրանից հետո հաջորդ քայլը կարող է լինել սեփական պրոդուկտի ստեղծումը։ Մեր ընկերությունը զբաղվում է և՜ ծառայություն մատուցելով, և՜ սեփական արտադրանք թողարկելով։ Մենք փորձում ենք ստեղծել ծրագրեր, որ կունենան մեծ հաջողություն և սպառում։ Իրականում ծառայության մատուցումն է օգնում, որպեսզի դու զբաղվես սեփական պրոդուկտով։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդին, որ այսօր ցանկանում է գործարարությամբ զբաղվել, ինչ-որ բան նախաձեռնել։

-Կարևոր է կրթությունը։ Այսօր շատ է պատահում, երբ մարդիկ, չունենալով տեխնիկական գիտելիքներ, ընկնելով ստարտափ ստեղծելու ալիքի տակ՝ փորձում են շատ արագ ինչ-որ բան անել, բայց չունենալով տեխնիկական հիմք՝ անհաջողության են մատնվում։ Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ մասնագիտանան որևէ ուղղությամբ։ Կան բավականին շատ հարթակներ, որտեղ ցանկացած ուղղությամբ կարելի է խորանալ։ Գիտելիքային հիմք է անհրաժեշտ հետագա հաջողությունների համար։ Եվ ամենակարևորը՝ գիտելիք ստանալը պետք է ընկալվի որպես մշտական գործընթաց, անընդհատ պետք է սովորել։ Ունեցած գիտելիքները շատ արագ հնանում են։ Եթե մեր ընկերությունը չծավալվեր, չդիվերսիֆիկացներ իր աշխատանքի ուղղությունները, շատ հավանական է, որ այսօր չլինեինք, ինչպես դա տեղի ունեցավ մեզ հետ 2008 թվականին ստեղծված շատ ընկերությունների հետ։ Տախնոլոգիաները շատ շուտ հնանալու հատկություն ունեն, և եթե ընկերությունը արագ չի փոխում իր ուղղությունները շուկայի պահանջներին համապատասխան, դառնում է հին արտադրանք առաջարկող։

-Վերջին 10-20 տարիներին համացանցը գլխիվայր փոխել է մեր իրականությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներն առաջիկա 10-20 տարիներին դեպի ո՞ւր են տանելու մեզ։ Ոմանք ասում են՝ ապագան արհեստական բանականության ունը, ոմանք՝ թե համացանցում զարգացումներն ընթանում են տեխնոլոգիաներն ավելի բնականին մոտեցնելու ուղղությամբ։

-Մենք հենց հիմա զբաղվում ենք այդ երկու ուղղությամբ էլ՝ լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով։ Այդ դաշտում հայտնի ենք ARLOOPA անվամբ։ Սա մեր startup-ն է , որը զբաղվում է բացառապես AR և VR տեխնոլոգիաներով։ Հաջորդ 10 տարվա զարգացումն ընթանալու է այդ ուղղություններով։

news.uite.org

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս