Բաժիններ՝

ԿԲ-ն մտադիր չէ շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը

ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր չէ շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը, քանի որ ցածր տոկոսադրույքները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները նվազեցին, ինչը հարվածեց սպառողական պահանջարկին։ Հայաստանում սկսվեծ գնանկումային փուլ, որը փետրվարի արդյունքներով դեռ շարունակվում է։

Գնաճը և սպառողական պահանջարկը խթանելու համար ՀՀ ԿԲ-ն 2015 թվականի փետրվարից սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն աստիճանաբար նվազեց և 10.5%-հասավ մինչև 6% (2017-ի փետրվարին)։

«Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա։ Այդ իսկ պատճառով ԿԲ-ն ավելի զգուշավոր մոտեցում կցուցաբերի տոկոսադրույքների հետագա նվազեցման հնարավորությունները դիտարկելու ժամանակ», – ասել է ԿԲ նախագահը՝ ասելով, որ իրենք դրամավարկային պայմանների մեղմացումը բավարար են համարում։

Կարդացեք նաև

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հերթական որոշումը կայացնելու է վաղը՝ մարտի 28-ին։ Ջավադյանի խոսքով՝ դոլարայնացման բարձր մակարդակը և ավանդային տոկոսադրույքների դանդաղ նվազումը սահմանափակում են ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունները, սակայն ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է։

«Եթե ԿԲ-ն գնահատի, որ գնաճի թիրախային ցուցանիշից շեղվելու ռիսկերն ավելանում են, ապա պատշաճ կերպով կարձագանքի՝ օգտագործելով երկրում գների կայունության ապահովման համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը», – Արթուր Ջավադյանը։

Նա նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում գները մնում են ցածր մակարդակի վրա և գնաճի արագացումը մինչև 4% (2019 թվականի սկզբին) պետք է աստիճանաբար տեղի ունենա. «Մենք գտնում ենք, որ գնաճի թիրախային մակարդակին աստիճանաբար հասնելու մոտեցումը տնտեսության համար ընդհանուր հավասարակշռություն կապահովի՝ նվազագույն բացասական հետևանքներով»։

Ըստ ԿԲ-ի, 2017 թվականին գնաճը կկազմի 0.6%, իսկ 2018 թվականին կարագանա մինչև 2.2%, սակայն կանխատեսումները ամեն եռամսյակ վերանայվում են։ Ջավադյանը նշում է, որ ԿԲ-ն կարող է վերանայել տնտեսական աճի իր կանխատեսումը՝ աճման ուղղությամբ, սակայն ընթացիկ տարում այն կգտնվի հիմնականում 2.2-3.2% միջակայքում։ «Աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանմանն ու ներդրումներին ուղղված՝ կառավարության ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպես նաև՝ շարունակվող կառուցվածքային բարեփոխումներով»,- ասել է Ջավադյանը։

Ինչ վերաբերում է առևտրային բանկերին, որոնց թիվը 21-ից նվազեց մինչև 17, ապա Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ դրանք դիմադրողականություն ցուցաբերեցին ցնցումների և շոկերի նկատմամբ. «Բանկերի՝ շոկերը կլանելու ունակություններն ավելացել են, նաև լիկվիդայնությունն է աճել, ինչը մեծ պոտենցիալ է ստեղծել նոր բիզնես-նախագծերի ֆինանսավորման համար»։

Ըստ Արթուր Ջավադյանի, ՀՀ բանկային ոլորտի կապիտալի համարժեքությունը 20% է, իսկ չաշխատող ակտիվների կշիռը 2016 թվականի ընթացքում նվազել է 1 տոկոսային կետով՝ տարվա վերջի դրությամբ կազմելով 6.2%։ ՀՀ բանկային համակարգի կապիտալի 62%-ը բաժին է կնկնում օտարերկրյա ներդրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս