«Այն հնարավորությունները, որ ՀՀ-ին տալու էր Ասոցացման համաձայնագիրն ու խորը ինտեգրացիան ԵՄ-ի հետ, չի տալու և չի տվել ԵԱՏՄ-ն». Անժելա Խաչատրյան
«Պետք է գնալ առաջընթացի ճանապարհով, և ոչ թե՝ միայն խոսել այդ մասին»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում, որը կրում է «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» խորագիրը, այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանը՝ անդրադառնալով օրերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրին։ Անժելա Խաչատրյանն ընդգծեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այն միակ ուժն է, որն իր ծրագրային դրույթներում նշել է, թե կդադարեցնի ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ավելին, կուսակցության ղեկավարի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծը դեռ ԱԺ մեծ օրակարգում է։
Ըստ Խաչատրյանի, նախաստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի անվանումն իսկ արդեն հուշում է, որ փաստաթղթում տնտեսական բաղադրիչը բացակայում է, այնինչ երեք տարի առաջ բանակցված Ասոցացման համաձայնագրի դեպքում տնտեսական բաղադրիչը կրում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի անվանումը։
Նրա խոսքով, ինչպես 2013թ., այնպես էլ ներկայումս մենք տեղյակ չենք՝ ինչի մասին է խոսքը, քանի որ համաձայնագրի տեքստը հրապարակված չէ։
«Առայժմ գնահատել այս համաձայնագրի օգուտները՝ դժվար է»,- ասաց Անժելա Խաչատրյանը։ Սակայն նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միշտ դրական է գնահատում այն ամենը, ինչ լավ է ՀՀ քաղաքացիների համար։ «Թող որ դա լինի փիառ քայլ կամ ոչ։ Այն, ինչ օգուտներ է բերում, մենք ողջունում ենք դա»,- ասաց բանախոսը։ Նա հիշեցրեց, որ երեք տարի առաջ՝ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից առաջ, կուսակցությունը դիմել էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի նախաստորագրել երեքուկես տարի բանակցված համաձայնագիրը, որին արտգործնախարարը երեք էջանոց նամակով պատասխանել էր, թե առնվազն աշխարհի վերջը պետք է լինի, որ չստորագրենք։
«Պարզվում է, որ սեպտեմբերի երեքին եղավ աշխարհի վերջը, և ԵՏՄ-ին միանալու որոշում կայացվեց։ Օրերս նախաստորագրված պայմանագրի ստորագրումը ևս երաշխավորված չէ, նախաստորագրումը հույս չի ներշնչում, այնուամենայնիվ լիահույս ենք, որ ստորագրում կլինի։ Բայց «Ազատ դեմոկրատները», ինչպես իր ծրագրում հստակ նշել է, ունենալով ժողովրդի վստահության քվեն ու մանդատը, տանելու է այդ նախագիծը մինչև վերջ, և վստահ եմ, որ խորհրդարանում կգտնվեն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն այդ նախագծին»,- վստահություն հայտնեց Խաչատրյանը։
Քննարկման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ն է մեղավոր, որ ՀՀ-ն ունի ստվերային տնտեսություն, մենաշնորհ, կոռուպցիա, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ, բնականաբար՝ ոչ։ Նա հստակեցրեց, որ իրենք այդ ամենը չեն բարդում ԵԱՏՄ-ի վրա, պարզապես ասում են, որ այն հնարավորությունները, որ ՀՀ-ին տալու էր Ասոցացման համաձայնագիրն ու խորը ինտեգրացիան ԵՄ-ի հետ, չի տալու և չի տվել ԵՏՄ-ն։
Հակադարձելով ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Կարեն Բեքարյանի պնդմանը, թե ԵԱՏՄ-ն մաքուր տնտեսական կառույց է, Անժելա Խաչատրյանը հարցրեց, թե ի՞նչ տնտեսական առաջընթացներ ենք արձանագրել մենք ԵԱՏՄ-ում։ Նա հիշեցրեց, որ մաքուր տնտեսական միության վարչապետները քառօրյա պատերազմից մեկ ամիս անց՝ մայիսի ութին, հրաժարվեցին գալ Երևան՝ նշելով, որ այդ կերպ կնեղացնեն իրենց եղբայրական Ադրբեջանին, մաքուր տնտեսական միություն և շուրջ 80% զենքը մեր հակառակորդը ձեռք է բերում Ադրբեջանից։ Խաչատրյանը հիշեցրեց նաև հայտնի բլոգեր Լապշինի արտահանձնման աղմկահարույց դեպքը։
Ըստ նրա՝ Հայաստանում առկա արատավոր երևույթները կապված չեն ԵՏՄ-ի հետ, բայց ԵԱՏՄ անդամ երկրները չեն տալիս հակառակ արժեհամակարգը ևս, ԵԱՏՄ անդամ երկրներն այնպիսի երկրներ են, որտեղ վխտում է ստվերը, կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումները և մնացած երևույթները։
«Այդ դեպքում ի՞նչն է մեզ խանգարում, երբ մենք ասում ենք, որ մենք եվրոպական արժեհամակարգի կրող ենք, տնտեսականով ևս լինել ԵՄ-ի անդամ և ԵՄ շուկայում։ Երբ խոսում ենք ապրանքի որակի մասին, եկեք մնանք ԵԱՏՄ-ում, մնանք այստեղ և շարունակենք վատ որակի ապրանքներ արտադրել՝ չունենալ զարգացում։ Այսպես ասած, բավարարվում ենք ներկա վիճակով, ԵԱՏՄ-ում սպառվում է, եկեք դոփենք տեղում։
Իսկ ի՞նչն է երկրի զարգացման հիմքը։ Պետությունը զարգանում է, երբ տնտեսությունն է զարգանում, երբ նորարարական տեխնոլոգիաներն են զարգանում, զարգանում է բանակը, բանակում նորարարական տեխնոլոգիաները, և այլն, և այլն։ Եվրոպայից խնդրում ենք բերել այստեղ լավ կառավարում, քաղհասարակություն, լավ օրենքներ, պահանջների դեպքում գնանք եվրոպական դեսպանատներ, ՌԴ դեսպանատան դիմաց միայն մոմավառություններ կազմակերպենք, այս ամենից հետո քննարկել «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ»՝ պարզ է ցանկացած քաղաքացու համար։ Եթե ուզում ենք զարգացում, պետք է ձգտել զարգացման կենտրոնների հետ միանալ։ Պետք է գնալ առաջընթացի, և ոչ թե՝ միայն խոսել այդ մասին»,- մեկնաբանեց Անժելա Խաչատրյանը։