
ԱՄՆ կոնգրեսականները նախաձեռնել են Ցեղասպանությունների կանխման երկկուսակցական բանաձև

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս կոտորածները: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Բանաձևում նշվում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումը և հետևողական դատապարտումը կուժեղացնեն երկրի միջազգային դիրքորոշումը ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
«Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, մուսուլմանների, քրդերի և մյուս խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ իրականացվող ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի Հայոց ցեղասպանության, Սեյֆոյի և, ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, քալդանիների, ասորիների, հույների, պոնտացիների նկատմամբ իրականացվող ցեղասպանական արշավի նկատմամբ ԱՄՆ կառավարության, քաղաքացիական հասարակության և մարդասիրական պատասխանից»,-ասվում է բանաձևում:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին իրենց նախաձեռնության համար: