«Լայնածավալ պատերազմի վտանգ, ռուսական տարբեր շահեր, վակուում ԼՂ կարգավորման գործընթացում»

Մեր զրուցակիցն է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, եվրոպացի փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը

Պարոն դը Վաալ, ապրիլյան պատերազմին հաջորդած դիվանագիտական ակտիվության և դրա արդյունքում ձեռք բերված համաձայնությունների կատարման գործընթացի ֆոնին, ընդհանուր առմամբ, բանակցությունները փակուղում են հայտնվել, ժամանակ առ ժամանակ իրավիճակը շփման գծում բավականին լարված է, վերջերս ադրբեջանական կողմը հերթական հարձակումը նախաձեռնեց։ Այս իրավիճակում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում շփման գծում և բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները։

– Շատերը ԼՂ հակամարտության գոտում այս տարվա գարնանը սպասում են բարձր լարվածությամբ, քանի որ 2016թ. ապրիլյան բախումներից հետո գործընթացում քաղաքական առաջընթաց տեղի չի ունեցել, և չկա որևէ փաստ այն մասին, որ դիվանագիտությունն ինչ-ինչ արդյունքներ է գրանցել։ Այս մտավախությունն այն հանգամանքից է բխում, որ երկու հասարակություններում նկատվում են ագրեսիվ տրամադրություններ, որոնք հակամարտող կողմերի ղեկավարները չեն ջանում մեղմացնել։ Ադրբեջանում հիասթափությունը շատ ավելի խորն է, քանի որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ քաղաքական առաջընթաց տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ դեռևս առկա է բարկություն և դառնություն, որը պայմանավորված է նախորդ տարվա բռնություններով։ Այս տրամադրությունները՝ ո՛չ ադրբեջանական հիասթափությունը, ո՛չ հայկական բարկությունը, քաղաքականություն կամ ռազմավարություն չեն, բայց կա վտանգ, որ դրանք կարող են հանգեցնել այնպիսի որոշումների կայացման, որոնք կօգնեն ավելի լայնածավալ հակամարտություն հրահրել։ Մենք կանգնած ենք ագրեսիայի արատավոր շրջանն ավարտելու ռիսկի առջև, որը կարող է հանգեցնել իրական հակամարտության և կյանքերի կորստի։

Ձեր վերջին հոդվածներից մեկում ընդգծել էիք, որ հակամարտությունն ունի հրատապ դիվանագիտական ջանքերի կարիք՝ թույլ չտալու համար նոր լարվածություն ու պատերազմ հակամարտ գոտում։ Ինչպե՞ս, ըստ Ձեզ, պետք է վերսկսվի բանակցային գործընթացը, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը մնում են թղթի վրա։

– Այն համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին նախորդ ամառ, պետք է լինեն խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքը։ Ներկայումս դրանք են երկխոսության միակ հիմքը։ Իրականում Վիեննայում կայացած նախագահական գագաթաժողովի ժամանակ կողմերը համաձայնեցին ընթանալ փոխզիջումների ճանապարհով, որոնք նրանք նախկինում մերժում էին։ Այլ խոսքերով՝ ադրբեջանական կողմը համաձայնեց հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումներին, իսկ հայկական կողմը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ համապարփակ բանակցությունների։ Ինչո՞ւ չկա առաջընթաց։

Զարմանալի չէ, որ չկա մեծ առաջընթաց, երբ դիվանագիտությունն այսքան փոքր արդյունքների է հասնում։ ԼՂ հակամարտության գոտում վակուում է ձևավորվել, որը կլցվի կամ բանակցություններով, կամ սպառնալիքով, կամ պոտենցիալ ռազմական գործողությամբ։ Մեկ այլ խնդիր է, որ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները վերջին շրջանում բավականին պասիվ են, և տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, միակ բանակցողն է։

Ռուսաստանը չի վայելում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի վստահությունը։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է տեսնեն Փարիզին և Վաշինգտոնին ավելի ակտիվ դերում, դիվանագիտական ակտիվությունը պետք է առաջ մղվի բոլոր երեք համանախագահողների կողմից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց շփման գծում ներդնել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա մոնիտորինիգի ենթարկել իրավիճակն ու կանխարգելել նոր վտանգները։ Նա չբացառեց նաև պատժամիջոցները, եթե կողմերից որևէ մեկը խաղաղության դեմ ուղղված քայլերի կգնա։ Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկի արդյունավետությունն ու ներդրման իրատեսականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ համաձայնությունները ներկայումս հնարավոր չէ ներդնել շփման գծում։

– Հրադադարի վերահսկողության մեխանիզմների ներդրման հարցը քննարկվել է երկար տարիներ։ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հավատում էր, թե նման մեխանիզմ է ներդրվել 2010թ. երկու նախագահների միջև Աստրախանում։ 2011թ. Վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակում պաշտոնական կոչ ուղղվեց հակամարտող կողմերին, որպեսզի նրանք հեռացնեն դիպուկահարներին շփման գծից։ Իսկ նախորդ տարի համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի դեսպան Կասպրչիկի մոնիտորինգային առաքելությունն ընդլայնվի։ Բայց ոչինչ չի փոխվել, որովհետև, վերջիվերջո, հարաբերական թույլ հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմի ձեռքին, որը պարտություն է կրել 1990-ական թթ., լծակ և ճնշում է, ինչը նա կարող է օգտագործել հայերի դեմ։ Իրատեսական չէ ակնկալել, որ Բաքուն կհրաժարվի այդ լծակից՝ առանց դրա փոխարեն որևէ այլ բան ստանալու, օրինակ՝ այնպիսի բան, ինչպիսին է ավելի էական քաղաքական բանակցությունների վերաբերյալ հայկական հանձնառությունը։

Ի՞նչ դերակատարություն ունի ներկայումս Մոսկվան։ Ինչպես նշեցիք, Հայաստանում և Ադրբեջանում վստահության դեֆիցիտի պայմաններում որքանո՞վ Մոսկվային կհաջողվի իր ծրագրերը պարտադրել հակամարտող կողմերին։

– Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը։ Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր։ Ես կասեի, որ ռուսական անվտանգության և ռազմական մարմինները հետաքրքրված են ստատուս-քվոյի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման հարցում։ Մյուսները, ինչպիսին բիզնես էլիտան և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, հակամարտության կարգավորման հնարավորություններ են տեսնում՝ հավատալով, որ խաղաղ կարգավորում կարող է ձեռք բերվել, ինչը կընդլայնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում՝ բացելով կոմունիկացիոն կապերը։ Բայց ես կարծում եմ, որ ռուսական գործոնի գլխավոր պարադոքսն այն է, որ Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը՝ վաճառելով սպառազինություն երկու կողմերին, սակայն չունի շահ նոր հակամարտության բռնկման մեջ։ Սա կնշանակի՝ հավասարակշռված մոտեցումից հրաժարվելու հարցով լուրջ ճնշման ներքո լինել, ի շահ Հայաստանի հետ գործընկերության՝ կորցնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Կարճ ասած, չափազանց շատ են ռուսական շահերը միայնակ հակամարտության կարգավորումն ապահովելու նպատակով։ Մյուս միջազգային խաղացողներն անպայմանորեն պետք է ներգրավվեն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ստեղծվելու է եռյակ միություն Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, նա տեղեկացրեց, որ քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ինչպե՞ս այս նոր ձևաչափը կարող է անդրադառնալ բանակցային գործընթացի և շփման գծի վրա։ Ի՞նչ սա կնշանակի ԼՂ հակամարտության համար։

– Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ամուր թուրքական դերակատարություն ԼՂ հակամարտությունում։ Բայց դա անհնար է, քանի դեռ Թուրքիան չեզոք խաղացող չէ՝ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ և մեծապես աջակցում է ադրբեջանական դիրքորոշմանը։ Ոչ մի նոր ձևաչափ դա չի կարող փոխել։ Մոսկվա-Անկարա ջերմացումը չի կարող հաղթահարել դերերը՝ Սև ծովի և Միջին Արևելքի քաղաքականությունների տարբերությունները։ Թուրքիայի և Ռուսաստանի համար բարդ է ընդունել մեկ ընդհանուր դիրքորոշում ԼՂ հակամարտության գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս