Ինչի՞ շուրջ են լինելու Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր բանակցությունները

Օրերս Middle East Eye պարբերականը տեղեկացրեց, որ մինչև այս ամսվա վերջ Փաշինյանն ու Ալիևը մտադիր են հանդիպել Դուբայում և շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։ Պարբերականը հիշեցրել էր, որ վերջին անգամ երկու ղեկավարները հանդիպել էին մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ նրանք խոստացել էին բաց պահել հաղորդակցության ուղիները։

«Թեև Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն դեռևս մի քանի լրացուցիչ պայմաններ է պնդում՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը: Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ՝ վերացնելով Ադրբեջանի տարածքին վերաբերող հղումները, դադարեցնելով Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելության (EUMA) գործունեությունը Հայաստանում և լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն մեղադրում է կողմնակալության մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում»,- գրել էր Middle East Eye-ը:

Թուրք պաշտոնյաները Հայաստանը համարում են, այսպես կոչված, Միջին միջանցքի հիմնական երկիր, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ, նշել է MEE-ն։

«Թուրքական ընկերությունները ևս հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հարցում։ Հակառակ Բաքվի առարկություններին, աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցյալ ամիս ընդունել է Փաշինյանին՝ Հայաստանի առաջնորդի Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններին ծանոթ մեկ այլ աղբյուր նշել է, որ Ալիևը սերտ հարաբերություններ է պահպանում Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարիչ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Աղբյուրը հավելել է, որ Արաբական Միացյալ կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակում Էմիրությունները պատրաստ է իր հարկի տակ ընդունել բանակցությունների անցկացումը»,- գրել էր պարբերականը։

Կարդացեք նաև

Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը չէր հերքել տեղեկությունը՝ նշելով, որ այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։

Ուշագրավ է նաև տեղեկությունը, որ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցից 5 օր անց՝ հունիսի 25-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին և միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցերի»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Դուբայում հնարավոր հանդիպման ֆոնին ուշագրավ հայտարարություններ են արել թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը։

Երկու օր առաջ օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում կազմակերպելով Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը և Ստեփանակերտում ընդունելով մի շարք երկրների ղեկավարների՝ Ալիևն իր ելույթի էական հատվածը նվիրել էր Հայաստանի հետ հարաբերությունների հարցին՝ պատմելով Ադրբեջանի հաղթանակի մասին, ներկայացնելով Ադրբեջանի պահանջները և հնչեցնելով հոխորտանքներ։

Բացի այն, որ Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, անցկացնել Սահմանադրական փոփոխություններ, պահանջում է 300.000 ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձ» Հայաստան, ինչպես նաև խոսում է այն մասին, որ ՀՀ-ն Ադրբեջանին հասցրել է իբրև թե 150 միլիարդ դոլարի վնաս՝ դրանով իսկ հող նախապատրաստելով փոխհատուցման պահանջի ձևակերպման համար։

Հուլիսի 5-ին Փաշինյանն էլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ տոնական միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել։

Իր այս ելույթը Փաշինյանն ըստ էության նվիրեց սահմանադրական փոփոխությունների հարցին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է:

«Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը»,- հայտարարել է Փաշինյանը։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ Հարավային Կովկասը փուլ առ փուլ փորձում են հեռացնել Ռուսաստանից, ինչը նոր թափով սկսվեց Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի ագրեսիայից հետո։

Ըստ նրա, Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում ժամանակ առ ժամանակ լուրջ խնդիրներ են ծագում, իսկ Հայաստանը մերժում է ՌԴ միջնորդությունը բանակցային գործընթացում՝ խոսելով ՀԱՊԿ-ը լքելու, ԵՄ-ին մերձենալու, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Վերջին բաղադրիչը, նրա խոսքով, դիտարկվում է՝ որպես Հարավային Կովկասը ռուսական ազդեցությունից դուրս բերելու վերջին փուլ, և այս գործընթացում խաղադրույք է արվում Ուկրաինայի հարցում ՌԴ ներգրավվածության վրա։

Ինչ վերաբերում է հնարավոր բանակցություններին, ապա Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու են տարածաշրջանում ապաշրջափակման օրակարգի վրա։

Նա հիշեցրեց օրեր առաջ Էրդողանի արած հայտարարությունը և ակնարկն այն մասին, որ սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում։

«Դեռ չգիտենք, թե ինչ մոտեցման մասին է խոսքը, սակայն սա հնարավորություն է տալիս  ասելու, որ կա որոշակի կոնսենսուս։

Բացի այդ, կարծում եմ՝ հետաքրքրական է նաև այն, որ այս հանդիպման մասին լուրերը տարածվեցին Թուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո։ Եթե հայտարարված հանդիպումը տեղի ունենա, ապա, կարծում եմ՝ այն էական է լինելու, հաշվի առնելով, թե ինչ փուլում է տեղի ունենում, նկատի ունեմ Երևանի ու Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես նաև փուլում, երբ ռեգիոնալ ակտիվ բանակցություններ ու գործընթացներ են, գրեթե պայմանավորվածություններ՝ առանց ՌԴ միջնորդության։ Իսկ թե ինչպես ՌԴ-ն կարձագանքի այս ամենին, դեռ անորոշ է թվում»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս