Բաժիններ՝

Ֆինանսների նախարարը Հայաստանի մակրո և միկրո տնտեսական կայունության առումով որոշակի ձեռքբերումներ է առանձնացնում

Ներդրողների համար կարևոր է երկրի մակրոտնտեսական և միկրոտնտեսական կայունությունը: Այս մասին մարտի 22­-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` եթե երկիրը չունի մակրոտնտեսական կայունություն, տնտեսվարողները վստահ չեն, որ շրջակա միջավայրում գնային տատանումներ չեն լինելու, ապա, բնականաբար, ներդրումներ չեն կատարելու:

«Ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կա մակրոտնտեսական կայուն վիճակ: Դրա համար մենք բյուջեն նախատեսել են այնպես, որպեսզի կայունացնենք պարտքի վիճակը, քանի որ դրա անկայուն վիճակը մակրոտնտեսական կայունությունը խեղող գործոն է, և տնտեսվարողները դրան ուշադրություն են դարձնում»,-­ ասաց նախարարը` հավելելով, որ արտաքին ներդրողների գնահատականը մեր երկրի մակրոտնտեսական կայունության վերաբերյալ երևում է միջազգային շուկաներում Հայաստանի թողարկված եվրապարտատոմսերի շահութաբերությունից: Եթե այն գնալով նվազում է, ապա նրանք վստահում են նման տնտեսության վարած քաղաքականությանը: Եթե տեսնում են ռիսկեր, ապա եկամտաբերությունը բարձրանում է:

Արամյանի խոսքով` միկրո մակարդակում կայունությունը բիզնես միջավայրի բարելավումն է, որի համար կառավարությունը փետրվարին ընդունեց հստակ գործողությունների պլան:

«Կա նաև երկրորդ փաթեթը, որով մենք ներդրողների հետ անմիջական աշխատանքներ ենք տանում: Էապես ակտիվացրել ենք այդ ոլորտում աշխատանքները: Վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ Նախագահի մակարդակով ներդրումային համաժողով ենք արել` Աբու Դաբիում և Նյու Յորքում: Սակայն հնարավոր չէ, որ համաժողովներին մասնակցելուց անմիջապես հետո ներդրողները գան Հայաստանի «գիրկն ընկնեն»: Ներդրողները սպառողներ են, որոնց հետ հարկավոր է անընդհատ աշխատանք տանել, որպեսզի բացատրես, որ իրենց ցանկությունները կարող են բավարարվել հենց մեր երկրում»,­- ընդգծեց նախարարը:

Նա, որպես Նյու Յորքյան համաժողովի արդյունք, նշեց դրա երկրորդ փուլում ներդրողների ավելի լայն շրջանակի ներգրավվածությունը: Նախարարի դիտարկմամբ` Հայաստանը ներդրողների համար կարող է գրավիչ լինել նրանով, որ ԵԱՏՄ անդամ երկիր է, ունի GSP+ Եվրամիության հետ, ունի լավ հարաբերություններ Իրանի հետ, որտեղ շահագրգռված են աշխատել Եվրոպայի և ԵԱՏՄ-­ի տնտեսվարողները:

«Այս տեսանկյունից, կարծում ենք, կարող ենք լավագույն խաչմերուկը լինել, որպեսզի իրագործենք ներդրողներ ներգրավվելու նպատակը»,­- հավելեց ֆինանսների նախարարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս