Բաժիններ՝

Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացման արարողությունն ավարտվել է Հայր մերի միասնական աղոթքով

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացման արարողությունն անցել է ըստ պատշաճի: Արարողությանը մասնակցում էին Երուսաղեմի հայ պատրիարքը, հույների պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, ինչպես նաեւ հունական եկեղեցու տիեզերական պատրիարքը: Վեհափառ Հայրապետին ներկայացնում էր Նաթան սրբազանը, կաթոլիկների կողմից Հռոմի պապին ներկայացնում էր Վատիկանի պապական նվիրակը, հյուրեր կային նաեւ Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից:

Արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ էր ժամանել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Արմենպրես»-­ի թղթակցի հետ զրույցում Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ արարողության ժամանակ ելույթ են ունեցել հայկական, հունական եւ կաթոլիկ երգչախմբերը:

«Արարողությունն ավարտվել է Հայր մերի միասնական աղոթքով: Արդյունքում մենք այսօր ունենք ավելի մաքուր, ամուր եւ գեղեցիկ տեսքով սուրբ գերեզման»,­-ասաց Հայր Կորյունը:

Իր ելույթում Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը խնդրել էր հունաց պատրիարքին եւ Քուստոսին համաձայնել տարին մեկ անգամ արտոնություն տալ Ղպտի, ասորի, եթովպական, անգլիկան եւ բողոքական եկեղեցիներին Սուրբ զատկից հետո մեկ անգամ Քրիստոսի գերեզմանի վրա պատարագ մատուցել:

«Խնդրանքը կքննարկի Ստոտուս քվոյի կոմիտեն եւ հատուկ համաձայնագրով այդ որոշումը կվավերացվի»,-­հավելեց նա:

2016 թվականի մայիսին Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս