Բաժիններ՝

Եվս մեկ սուտ մատնություն. ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հերքվել են, իսկ քննիչը հանիրավի է մեղադրվել հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել է, որ քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ:

Այսպես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բասմաջյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն տևական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանությունում և սպառնալիքների գործադրմամբ հարկադրել կեղծհաղորդում տալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին կաշառք տալու վերաբերյալ: Միաժամանակ, Ռ. Բասմաջյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 04.02.2016թ.-ին` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննության ժամանակ, քննիչ Գուրգեն Մադոյանի ուղղորդմամբ և թելադրանքով գրել է ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանակ ցուցմունք:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Ռ. Բասմաջյանին ապօրինի պահելու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ուստի այդ մասով գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է քննիչ Գ. Մադոյանի կողմից ցուցմունք տալուն հարկադրելուն, ապա Ռ. Բասմաջյանի տված ցուցմունքների զննությամբ պարզվել է, որ վերջինս կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք քննիչի մոտ չի տվել. ավելին, հերքել է ՍԱՊԾ աշխատակիցներին կաշառք տալու հանգամանքը: Այսինքն` քննիչը Ռ. Բասմաջյանին չի ուղղորդել, չի թելադրել և չի հարկադրել գրել կաշառք տալու վերաբերյալ տրված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք, ուստի որոշում է կայացվել քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցադեպի բացակայության հիմքով:

Այսպիսով, հիմնավորվել է, որ Ռ. Բասմաջյանը հանցագործության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննությունն իրականացնող մարմնին և կատարել սուտ մատնություն, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս