«Առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարք». Լևոն Մնացականյան. hetq.am
«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
– Իրավիճակը սահմանին ինչպիսին է այժմ, ինչպես եք բնութագրում այն։
– Կարելի է ասել, որ համեմատած նախորդ ամիսների ու հատկապես ապրիլյան առճակատմանը հաջորդած մի որոշակի շրջափուլում տեղ գտած սրացումների հետ` լարվածության անկման միտում է գրանցվել: Դա, մանավանդ, նկատելի է վերջին օրերի ընթացքում, մասնավորապես ս.թ. փետրվարի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը չեզոքացնելուց հետո:
Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ էր իրեն պահում առաջնագծում և մոտակա խորքում, ինչն արտահայտվում էր զորքերի տեղաշարժերով կամ ականանետային ու դիպուկահարային գործողություններով, ապա դրանից հետո, կարծես թե ձեռնպահ է մնում գնալ բացահայտ սրացումների: Այնպես որ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վիճակն անհամեմատ հանգիստ է:
– Հակառակորդի գործողություններից երբեմն կարելի է ենթադրել, որ իրենք տեղյակ չեն, որ ՊԲ-ն գիշեր-ցերեկ առաջնագծի դիտարկում է անում։ Փետրվարի 24-25-ի գործողության տեսանյութերը դիտելիս մտածում ես, որ ոչ գրագետ գործողություն են անում տեսանկարահանվող տարածքում։
– Չէի ասի, որ չգիտեին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք մեր հակազդիչ գործողություններով հակառակորդին ցույց ենք տվել, որ իրենց կողմից ձեռնակվող ցանկացած սադրիչ քայլի հետևում և անհրաժեշտության դեպքում պատասխան ենք տալիս: Այստեղ խնդիրը, երևի այլ բանում է՝ նրանք, կարծես թե չեն պատկերացնում մեր կողմից իրականացված գործողությունների ծավալները: Իսկ մենք մեր պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ ինժեներական, տեխնիկական և հարակից մյուս աշխատանքները իրականացնում ենք ամբողջական ծավալով, ինչը մեզ հնարավորություն է տալիս լիովին և լիարժեք հսկողություն սահմանել ողջ առաջնագծի երկայնքով: Այլ հարց է, որ ի տարբերություն նրանց, մենք մեր պաշտպանական համակարգերը տեղադրում ենք բացառապես անտեսանելի և բավականին լավ քողարկված տեղանքներում:
– Այսինքն՝ նրանք չգիտե՞ն մեր սարքերի տեղերը։
– Իհարկե, չգիտեն։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ խոսել դրանց կիրառման արդյունավետության մասին:
– Իսկ իրենց անօդաչուները հետախուզություն չեն անո՞ւմ։ Ընդհանրապես, շա՞տ են անցնում սահմանը։
– Ս.թ. մարտի 4-ին, երբ մեր կողմից խփվեց հերթական անօդաչու թռչող սարքը, հակառակորդը կարծես թե այլևս ձեռնպահ է մնում դրանց կիրառումից: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի թռիչք ընդհանրապես չի արձանագրվել։ Սահմանի հատում չի եղել։ Միգուցե իրենց մոտ ուսումնական նպատակով թռիչքներ կատարվել են, բայց այդ դեպքից հետո ոչ մի անօդաչու թռչող սարք մեր սահմանը չի հատել։
– ORBITER տեսակի անօդաչուն խփելը, մի տեսակ, շատերի համար անակնկալ էր, ինչպես է խփվել։
-Ինձ թվում է` հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, կարևորն այն է, որ մենք մեկ անգամ չենք ցույց տվել անօդաչու սարք խոցելու մեր հնարավորություններն ու պատրաստականությունը։ Միայն կարող եմ ավելացնել, որ առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարք։
– Եթե ամփոփենք, սահմանի քանի տոկոսն է ապահովված սարքավորումներով։
– Գրեթե ամբողջությամբ։
– Իսկ դրանց որակական չափանիշներն ինչպիսի՞ն են։
– Այս պահի դրությամբ դեռևս մեզ բավարարում են։ Բայց զարգացման, կատարելագործման անհրաժեշտությունը կա։ Այսօրվա ցանկացած արդյունք, որ ցույց ենք տալիս, վաղը, մյուս օրը մեզ համար բավարար չի լինի՝ պետք է ձգտենք ավելիին։
– Ապրիլյան հարձակման մեկ տարին է լրանում շուտով։ Եթե ամփոփենք, Ադրբեջանի այդ ռազմական գործողությունը մեզ ի՞նչ դասեր տվեց։ Քանի որ հսկայական աշխատանքներ դրանից հետո կատարվեցին, որոնք նախկինում չէին կատարվում։ Եթե ապրիլյան գործողությունները չլինեին, այս աշխատանքերն էլ երևի չէին լինի, կամ էլ այս չափով չէին լինի։ Անհնար էր այս չափով կատարել, կարճ ժամանակում այսքան ճանապարհ վերանորոգել, ինժեներական այլ աշխատանքներ կատարել։
– Ասել, որ նախկինում չէին կատարվում նման աշխատանքներ, ճիշտ չէ: Բանակի առաջնագծի ամրապնդման ուղղությամբ միշտ էլ կատարվել են համապատասխան քայլեր, այլ հարց է, թե ինչ ծավալի և ինչ ինտենսիվությամբ: Պարզապես այն ժամանակ խտություններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա է՝ 100 տոկոս։ Այսինքն՝ ապրիլը չի մեզ հուշել, ստիպել կատարել այս աշխատանքները։ Ապրիլն ընդամենը մեզ հուշել է, որ ավելի արագ կատարենք։ Տեմպերն ենք արագացրել։ Բայց այն ծավալով, որ պետք է կատարվեր, մինչև ապրիլ արդեն սկսվել էր և իրականացվում էր։
Ապրիլը մեզ հուշեց, որ հակառակորդն իր մարտավարությունը որոշակիորեն փոխել է։ Ապրիլյան պատերազմը մեզ որոշ բաներ հուշել է, և մենք մեր զորքերի պատրաստվածության մեջ ենք որոշակի փոփոխություններ մտցրել։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գիշերային ժամերի պարապմունքներին, գիշերային հրաձգություններին։
Չկա մի զինծառայող, որ այս ուսումնական փուլում մի քանի անգամ գիշերը հրաձգություններ կատարած չլինի։ Եվ այստեղ մեր նշաձողը եղել է ոչ թե բավարար գնահատականով բավարարավելը, այլ լավ և գերազանց արդյունքի ապահովումը գիշերային հրաձգությունից։ Մեր դիպուկահարների պատրաստվածության մեջ մեծ փոփոխություններ ենք կատարել՝ հաշվի առնելով և ապրիլյան գործողությունները, և ապրիլից հետո դիպուկահարային պատերազմի պահանջները։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր դիպուկահարաները մի քանի գլուխ բարձր են հակառակորդի դիպուկահարներից։ Այդ մասին են փաստում ինչպես մեր հետախուզության տվյալները, այնպես էլ հակառակորդ կողմի ունեցած կորուստները:
– Ինչքանո՞վ է Արցախի պաշտպանության բանակը ինքնուրույն որոշումներ կայացնում։
– Բոլոր որոշումներն ընդունվում են տեղում, բոլոր որոշումների մասին զեկուցում ենք մեր երկրի ղեկավարությանը, Գերագույն գլխավոր հրամանատարին։ Այնպես որ ապրում և գործում ենք կայացած ինքնիշխան պետության Զինված ուժերին հարիր առօրյայով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: