ՀՀԿ-ն «հատուկ» է պատրաստվում Արարատ այցին, որ «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տա իր հզորությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու:
Այցը սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակից», կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայի» ջերմոցներում:
Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ սադրեցինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, սակայն նաեւ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»: 2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն` Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: