Աճի տեմպը պահպանվում է. Տնտեսության պատկերը՝ 2017-ի հունվար-փետրվարին

Այս տարվա առաջին երկու ամիսների՝ հունվար-փետրվարի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 6.2% (նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ)։ Իսկ ամսական կտրվածքով՝ 2017 թվականի փետրվարը՝ 2017-ի փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։

Ճիշտ է, հունվարին աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.4%, սակայն 6.2%-անոց ցուցանիշն էլ վատ չէ։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա առաջին ամիսներին բավականին բարձր աճի ցուցանիշ ունեինք (այսինքն՝ համեմատության բազան բարձր էր)։

Տնտեսական ակտիվության աճը գրանցվել է հիմնականում երկու ճյուղերի՝ արդյունաբերության և ծառայությունների հաշվին։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 16.1%-ով և կազմել 228.4 մլրդ դրամ (հունվարին ոլորտի աճի տեմպը 12.2% էր)։ Ծառայությունների ոլորտը նույնպես երկնիշ՝ 11.1%-անոց աճ է գրանցել (ծավալը՝ 194.1 մլրդ դրամ)։

Ինչպես նշեցինք, սրանք շտապ հավաքագրված տվյալներ են, որոնցում չի մանրամասնվում, թե նույն արդյունաբերությունն ու ծառայությունները ինչի հաշվին են աճել։ Սակայն հիշեցնենք, որ հունվարի ցուցանիշներով արդյունաբերության ոլորտի 12.2%-անոց աճը գրանցվել էր հիմնականում մշակող արդյունաբերության 19.4%-անոց աճի հաշվին, իսկ հանքարդյունաբերության ոլորտը 2.8%-անոց անկում ուներ։

Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա հունվարին ոլորտն աճել էր 12.5%-ով։ Այստեղ էլ աճը դիվերսիֆիկացված բնույթ ուներ. «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» հոդվածի մեջ ներառված ծառայություններն աճել էին 14.2%-ով, կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ծավալը՝ 25.5%-ով, տրանսպորտային ծառայությունները՝ 24.3%-ով, տեղեկատվությունն ու կապը` 8.8%-ով, ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 11.1%-ով։

Փետրվար ամսվա համար այս մանրամասները հայտնի կդառնան մոտ 10 օրից։

Մյուս ոլորտների մասով պատկերն այսպիսին է՝ գյուղատնտեսության ոլորտը զրոյականին մոտ (0.1%) աճ է գրանցել և հունվար-փետրվարին տվել 40.4 մլրդ դրամի արտադրանք։ Իսկ շինարարության ոլորտում իրավիճակը շարունակում է տխուր մնալ. գրանցվել է 13.8%-անոց անկում (հունվար-փետրվարին Հայաստանում կատարվել է ընդամենը 17.1 մլրդ դրամի շինարարություն)։

Ներքին առևտրի շրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 292.2 մլրդ դրամ, ինչը 9.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը նույնպես տպավորիչ են։ 2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2%-ով և կազմել 761 մլն ԱՄՆ դոլար։

Այդ թվում՝ արտահանումն աճել է 20.1%-ով և կազմել 273.7 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 23.5%-ով և հասել 487.3 մլն դոլարի։

Հիշեցնենք, որ հունվարին արտաքին առևտրի ցուցանիշներն ավելի տպավորիչ էին։ Ընդհանուր առևտրաշրջանառության աճի տեմպը 38.5% էր։ Այդ թվում՝ արտահանման աճի տեմպը 35.4% էր, իսկ ներմուծման աճը՝ 40.3%։ Հունվար-փետրվարի արդյունքներով աճի տեմպը նվազել է, սակայն մյուս կողմից՝ կրճատվել է ներմուծման և արտահանման աճի տեմպերի տարբերությունը։

Վերջում անդրադառնանք նաև գներին և աշխատավարձերին։

ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ գնանկումը շարունակվել է նաև փետրվարին։ Այսպես, սպառողական ապրանքների գները 2017 թվականի փետրվար ամսին 0.2% տոկոսով նվազել են նախորդ տարվա փետրվարի նկատմամբ (12-ամսյա կտրվածք), իսկ այս տարվա հունվարի համեմատ գրանցվել է 0.9% գնանկում։ Սպառողական ապրանքների միջին գները հունվար-փետրվարին 0.4%-ով ավելի ցածր են եղել նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Աշխատավարձերը, ըստ ԱՎԾ-ի, հակառակը՝ աճել են։ Այսպես, 2017 թվականի փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 182525 դրամ, ինչը 0.6%-ով բարձր է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշից։

Ուշագրավն այն է, որ մասնավոր հատվածում աշխատավարձը 12-ամսյա կտրվածքով աճել է 2.6%-ով և կազմել 217888 դրամ, իսկ պետական հատվածում՝ նվազել 3%-ով և կազմել 154656 դրամ։

Սա նշանակում է, որ մասնավոր հատվածի վարձու աշխատողների գնողունակությունը 12 ամիսների կտրվածքով աճել է, իսկ պետական հատվածինը՝ նվազել, քանի որ աշխատավարձը տոկոսային առումով ավելի շատ է նվազել, քան սպառողական ապրանքների գները։

Սրանք այս պահին հասանելի բոլոր տվյալներն էին։ Ինչպես հունվարի դեպքում, առաջին 2 ամիսների պարագայում նույնպես դժվար է այս տվյալների հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ և առավել ևս՝ կանխատեսումներ անել։ Պարզապես հիշեցնենք, որ այս տարվա համար ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 3.2% տնտեսական աճ։ Ու եթե հաջողվի տեմպը չթուլացնել, չի բացառվում, որ տարեվերջին աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի բարձր լինի։

Տեսանյութեր

Լրահոս