«Եթե այս ամենը չընթանա իմ պատկերացրած ճանապարհով, նույն պահին վայր կդնեմ մանդատը և կհեռանամ պառլամենտից». Արարատ Զուրաբյան

«Անկախ նրանից, թե ովքեր են կիսում կամ չեն կիսում այն քայլի արդարացիությունը, որ արել էին «Սասնա ծռերի» տղաները, կարծում եմ՝ չկա հայ մարդ, ով «Հաց բերողին» ինչ-որ կերպ բացասական վերաբերվեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրված, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ ցավակցելով Արթուր Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, հասարակությանը՝ ծանր հոգեբարոյական կորստի համար։

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Արարատ Զուրաբյանն ասաց. «Ռեյտինգային ընտրության այս նորամուծությունը մեկի գնահատմամբ` միգուցե քաղաքականացրել է, մյուսի գնահատմամբ՝ մի փոքր ավելի ապաքաղաքականացրել պրոցեսը։ Սովորաբար վիճում են ոչ թե քաղաքական հայացքների ու մոտեցումների առումով, այլ յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել, թե ինչ պետք է անի։

Ընդ որում, եթե ընդդիմության մասով գոնե միշտ կարելի է ծրագրեր ներկայացնել և հասարակությանը հավաստիացնել, որ ընդդիմությանը ներկայացնող այս կամ այն թիմը, գալով իշխանության, կանի այս կամ այն քայլերը, ապա իշխանության պարագայում դա նույնիսկ մի փոքր տարակուսելի է, որովհետև վերջին 19 տարիներին Հանրապետական կուսակցությունն իշխանության ղեկին է, և կարծես յուրաքանչյուր ընտրության մենք ականատես ենք նրան, որ այսօր կարծես նոր գալու են իշխանության և ինչ-որ բաներ պետք է անեն։ Ես կարծում եմ, որ նրանք ունեցել են բավարար ժամանակ՝ անելու այն, ինչ պետք էր։ Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ։

ՄԱԿ-ն այս օրը ճանաչել է երջանկության օր։ Թե ինչպիսին է երջանկության ցուցիչը, որ մեզ համար ապահովել է Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ՝ շատ լավ ծանոթ են թե լրագրողները, թե մեր հասարակությունն ընդհանրապես։ Այն, որ 122-րդ տեղում ենք, արդեն իսկ ցուցանիշ է, որովհետև 150 երկրների շարքում երջանկության ցուցիչով 122-րդ տեղում լինելը, կարծում եմ, Հանրապետական կուսակցության բացառիկ ձեռքբերումներից է։

Առջևում ընտրություններ են։ Նրանք, ովքեր շատ երջանիկ են, կարծում եմ՝ իրենց ձայնը կրկին կտան հանրապետականներին։ Մնացածին խորհուրդ կտամ ձայն տալ մեզ, որովհետև մենք շատ ավելի լավ կիրացնենք իշխանությունը և կփորձենք մեր հասարակությանն ավելին տալ, քան կարողացել է Հանրապետականը»։

Արարատ Զուրաբյանի խոսքով, թեև շատերն իրենց մեղադրում են՝ ասելով, թե կենաթոշակները բարձրացնելու մասին իրենց հայտարարությունը պոպուլիստական է, այնուամենայնիվ, այն իրատեսական է.

«Ես Հայաստանում գրեթե չեմ ճանաչում թոշակառու, ով թոշակ է ստանալու և իր ստացած գումարը դնելու բարձի տակ։ Այդ գումարն անմիջապես տնտեսություն է մտնելու, իր մուլտիպլիկացիոն էֆեկտն է ունենալու, ապահովելու է ավելի բարձր շրջանառություն։ Փառք Աստծո, ՀՀ-ում հարկերն այն ծավալի են, որ ստըացվող հարկերից առաջանալու են լրացուցիչ միջնոցներ։ Մենք նաև նշել ենք աղբյուրներ, որոնցից կարելի է լրացուցիչ եկամուտներ ստանալ բյուջեի համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց ավելի ապահով ապրել, ավելի դրական ապագա տեսնել»։ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հանրության ստվար բանակ աջակցում է «Ծառուկյան» դաշինքին և հույսը կապում այս քաղաքական ուժի հետ։

Միևնույն ժամանակ Արարատ Զուրաբյանը նախազգուշացրեց՝ մարդիկ ընտրություն են կատարում` ըստ մոտեցումների, նախասիրությունների, բայց երբ ձայն են տալիս մի քաղաքական ուժի, որը խնդիր է դրել հաղթահարել նվազագույն շեմը, նախկինի փորձից ելնելով՝ պետք է համոզված լինել, որ այդ քաղաքական ուժը չի կարողանալու առանձնապես մեծ փոփոխություն մտցնել Ազգային ժողովում։ Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ավելի փափուկ իշխանափոխություն կատարել, և հասարակությունն ունի այդ հնարավորությունը. մնացածը կախված է հասարակությունից։

Դիտարկմանը, որ ընդդիմադիրների կողմից բազմիցս քննադատություն է հնչում Գագիկ Ծառուկյանի հասցեին, մասնավորապես, «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Արամ Սարգսյանը հիշեցնում է Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհը, որ նա Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կարողացել է հարստանալ, և որևէ մեկը  գնահատական չտվեց, թե նա ինչ ճանապարհով արեց դա, Արարատ Զուրաբյանն արձագանքեց.

«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Արամ Զավենի Սարգսյանին, բայց այս հարցում ուզում եմ ներկայացնել նաև իմ տեսակետը, որը խիստ տարբերվում է Արամ Սարգսյանի տեսակետից։ Եկեք արձանագրենք մի բան՝ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Գագիկ Ծառուկյանին պերսոնա նոն գրատա էին հայտարարել, անձ, որին պետք է հետապնդեն ցանկացած ուղղությամբ, միկրոսկոպիկ հետաքննության ենթարկեն նրա տնտեսական գործունեությունը և գտնեն այն, ինչ թաքնված է, խախտումները, անօրինականությունները և այլն։

Ընդ որում, նույն «Ելք» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ մեր կողմից շատ հարգված Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հարց էր ուղղում նախագահի նստավայր, թե` դուք հայտարարում էինք, որ Գագիկ Ծառուկյանն այս կամ այն խախտումներն է արել, հիմա որտե՞ղ է այդ հարցը և ի՞նչ լուծում է ստացել։ Այսինքն՝ այդտեղ իրարամերժություն կա, և «Ելք» դաշինքում, կարծում եմ, այս իրարամերժության հետ կապված` պետք է որոշակի ընդհանուր հայտարարի գան։ Ինչ վերաբերում է նրան, թե ով ինչպես է կարողություն ստեղծել, եկեք մի բան արձանագրենք՝ Հայաստանում շատ-շատերն են կարողություն ստեղծել, և շատ քչերն են այդ կարողությունն օգտագործել հանրության այս կամ այն խնդիրները լուծելու ուղղությամբ։

Եթե խոսվում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ բան է խոստացել, ապա եկեք չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը դա անում է տարվա մեջ 365 օր, և ՀՀ-ում երևի տասնյակ-հազարներով, եթե ոչ ավելին, մարդիկ կան, որոնք օգտվել են Ծառուկյանի բարեգործությունից»։ Արարատ Զուրաբյանն ասաց, որ այսօր չէ, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվում։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հարցին չպատասխանելը կապված է նրա հետ, որ Գագիկ Ծառուկյանի  գործունեությունը մաքո՞ւր է եղել, թե՞ այն հանգամանքի հետ, որ Գագիկ Ծառուկյանը լսել է իշխանությունների հորդորը և դուրս է եկել քաղաքականությունից, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մեր իշխանություններն այդքան բարի չեն, ինչքան ձեզ կարող է թվալ: Հավատացած եղեք, որ երբ մեր իշխանությունները մասնավորապես արտահայտել էին այն միտքը, որ Ծառուկյանի գործունեության մեջ կա խիստ նեգատիվ հատված, ինչ-որ բան գոնե կուզենային վեր հանել։

Եկեք չմոռանանք նաև, որ Գագիկ Ծառուկյանն առաջին օրը չէ, որ զբաղվում է քաղաքականությամբ։ Քաղաքականության մեջ գտնվող մարդը գիտի, թե ինչ մարտահրավերներ են լինելու, եթե հակադրվում է։ Ես կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանն իր գործունեությունը շատ թափանցիկ է իրականացրել, որի հետևանքով էլ իշխանությունները որևէ բացասական բան չգտան։ Փորձը գոնե արվել է»: Միևնույն ժամանակ, Արարատ Զուրաբյանը հիշեցրեց՝ երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու մասին, դրան անմիջապես հետևեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա այնքան էլ ոգևորված չէ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում. «Հավատացած եղեք, որ, եթե այդ զինանոցը լիքը լիներ, այս փուլում ինչ-որ ձևով կներկայացվեր»։

Արարատ Զուրաբյանի խոսքով՝ լավ կլիներ՝ իշխանությունը նաև շատ լուրջ քննության արժանացներ հենց իշխանական օլիգարխիայի գործունեությունը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ, եթե առանց խախտումների ընտրություններ լինեն, ներկայիս իշխանությունը լավագույն դեպքում 20-25 տոկոսից ոչ ավելի ձայն կստանա։ Հարցին, թե ընտրությունից հետո «Ծառուկյան» դաշինքը քաղաքական ո՞ր ուժերի հետ է հնարավոր համարում համագործակցությունը, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Շատ դժվար է դրան պատասխանել, որովհետև մի բան ակնհայտ է՝ չենք տեսնում Հանրապետական կուսակցության հետ։

Կարծում եմ՝ հարցի կարևորագույն հատվածը դա էր։ Մյուսների հետ քննարկման հարց է, որովհետև այս ընտրությունների արդյունքում մնացած 7 քաղաքական ուժերից գոնե 3-4-ը չեն հայտնվի խորհրդարանում։ Սա իմ գնահատականն է, որը, միգուցե, սուբյեկտիվ է»։

Հարցին, թե ինչն իրեն տարավ «Ծառուկյան» դաշինք, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1988թ., կարելի է ասել՝ դրանից մի փոքր էլ առաջ, հայտնվել է բանտում, ԱԱԾ մեկուսարանում, մշտապես գործընթացների մեջ է եղել, որոնք ծանր են անդրադարձել իր, իր մտերիմների վրա։ Ըստ նրա՝ Ծառուկյանի ծրագրում մի շատ կարևոր դրույթ կա՝ մեր գործունեությունը միտված է լինելու մարդու արժանապատիվ կյանքն ապահովելուն: Քննարկվել են ծրագրեր, անելիքներ, համոզիչ է եղել, որ կարող են լուրջ ծրագրեր իրականացնել։ «Հավատացեք եղեք՝ եթե այս ամենը չընթանա իմ պատկերացրած ճանապարհով, նույն պահին վայր կդնեմ մանդատը և կեռանամ պառլամենտից, որովհետև պառլամենտում հայտնվելը երբեք ինքնանպատակ չի եղել»։

Տեսանյութեր

Լրահոս