
Մակրոնը Սիրիայի իրադարձությունները համարել է Ֆրանսիայի և Եվրոպայի պարտությունը

Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր և երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում է Ֆրանսիայի և Եվրոպայի պարտությունը: Քաղաքական գործիչը մարտի 19-ին հայտարարել է France-2
հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի և Եվրոպայի շատ մեծ պարտությունն է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի է: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»,-ասել է Մակրոնը
Ավելի վաղ Մակրոնը հայտարարում էր, որ Ֆրանսիան պետք է դադարի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը դիտարկել որպես միջսիրիական բանակցությունների վարման նախապայման: Նա պնդում էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարվեն կոշտ, բայց միևնույն ժամանակ պետք է լինեն բացարձակ իրատեսական:
Վերջին հարցումների համաձայն՝ Մակրոնը նախագահկան ընտրություննեգրի արդեն առաջին փուլում կարող է գրավել առաջին տեղը. նա 0,5 տոկոսի նվազագույն առավելություն ունի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ:
Երկրորդ փուլում Լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 36 տոկոսը, իսկ Մակրոնի օգտին 64 տոկոսը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին և մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: