Բաժիններ՝

Մանկության ռակուրս

«168 Ժամն» արդեն անդրադարձել է վերջերս էկրաններ բարձրացած՝ ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմին: Ֆիլմի դիտմանը նախորդած ասուլիսից հետո ռեժիսորը խնդրեց հնարավորինս անկեղծ լինել կարծիքներ արտահայտելիս:

«Ինձ համար կարևոր է միմիայն անկեղծ մեկնաբանությունը՝ առանց «խնայելու»,- ասաց նա:

Եվ ահա ֆիլմը դիտվեց: Եթե Դուք էլ պատրաստվում եք դիտել «Բարի լույսը», ապա ապահովության համար Ձեզ հետ մի մեծ տուփ անձեռոցիկ վերցրեք: Չէ, սա լացելու, «վույ ազիզ ջան» շարքի ֆիլմերից չէ: Պարզապես ցավոտ է, երբ էկրանին նայելով՝ հանկարծ տեսնում ես այն, ինչ խնամքով թաքցրել էր հիշողությունդ՝ մանկության մշուշոտ հուշերի քողով:

Կարդացեք նաև

90-ականներ՝ մութ, մութ, մութ և անտանելի ցուրտ: Հատվող ծառեր, հացի հերթեր, անորոշություն, պատերազմ և երկրից հեռանալու մեծագույն ցանկություն: Զուգահեռ այդ ամենին՝ մեր օրեր, որտեղ կա լույս, սակայն չկա գումար՝ այդ լույսի դիմաց վճարելու համար: Պատերազմի հերոս, որի կենցաղային խնդիրների մասին բարձրաձայնելն անգամ արգելում է այն երկրի քաղաքացին, ում համար նա կռվում էր: Մնալու և հեռանալու երկատված ցանկություն, որի մի թևին սեփական երեխայի ապագան է, մյուս թևին՝ պատերազմն անցած հայրը, ով իր հողի մեջ սերտ արմատներ գցած ծառի մարմնացում է:

«Բարի լույսն» Աննայի դեբյուտային աշխատանքն է՝ որպես գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ: Եվ այն դիտելով՝ համոզվում ես, որ միշտ չէ, որ հեղինակային կինոն պետք է լինի ձանձրալի և հասկանալի միայն «ընտրյալներին»: Ավելին, սա ֆիլմ է, որտեղ կա մարդկային պատմության սահուն պատմելաոճ՝ առանց անհասկանալի սիմվոլիզմի, սյուրռեալիզմի կամ որևէ այլ «իզմի»:

Ֆիլմը պատմվում է դրպրոցական փոքրիկ Արշակի տեսանկյունից: Անմարդկային 90-ականները դպրոցականի աչքերով՝ պատմել այնպես, որ իրականությունը չկորչի մանկական գեղեցիկ հուշերի գրկում: Խնդիր, որը ստացել է իր լուծումը:

Ֆիլմը սկսում է հսկայական թթենին սղոցող տղամարդկանց տեսարանով: Ծառ, որի տապալմանը կացիններն ու սղոցները ձեռքին՝ սպասում են ցրտահարված տղամարդիկ և կանայք: Երբ այդ հսկան, ի վերջո, ճռռալով տապալվում է, սկսվում է կեցության պայքար: Ծառն ասես վիթխարի կենդանի լինի, որին սկսում են մորթել ամեն կողմից: Այդ ամենին դեմ է միայն փոքրիկը, որին միշտ պատմել են, որ այդ ծառն իր պապն է տնկել:

Կտրոնով հացի հերթի կանգնած մի ամբողջ սերունդ, որը, ինչպես ֆիլմի հերոսի եղբայրն է նշում՝ պետք է գրանցել՝ որպես անհետացող տեսակ:

Եվ հենց այդ անմարդկային հացի հերթի քաշքշուկի մեջ ֆիլմի փոքրիկն առաջին անգամ սիրահարվում է իրենից տարիքով մեծ մի աղջկա: Եվ նա իրեն առաջին անգամ տղամարդ է զգում: Էլ ի՞նչ «տղամարդ»՝ առանց սափրվելու փորձերի և հայրիկի վերնաշապիկը ծածուկ կրելու ցանկության:

Ֆիլմի ամենահամով տեսարանները, անշուշտ, փոքրիկ հերոսի հետ են: Առհասարակ դերասանական խաղից առանձնապես մեծ ոգևորություն չկա: Ֆիլմն ավելի շատ հիմնված է ռեժիսուրայի, օպերատրական աշխատանքի և սցենարի վրա, քան դերասանական խաղի: Կարծում եմ՝ պատահաբար չէր ընտրված նաև «Մի կաթիլ մեղրը», որը երեխաները ստվերի թատրոնի տարբերակով բեմադրեցին Ղարաբաղից վերադարձած զինվորական հոր համար: Հեքիաթ, որն ավարտվում է բոլոր պատերազմների անմտությունն ու աբսուրդը բացահայտող Թումանյանի հանճարեղ խոսքերով՝ «Իսկ մնացած մարդիկ իրար հարցնում էին սարսափահար, թե որտեղի՞ց արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»:

Ֆիլմն ավարտվում է ժայռի բարձունքն ու սայթաքելու վախը հաղթահարած երեք սերնդի՝ պապի, հոր և թոռան տեսարանով: Նրանք պարզապես նայում են այդ բարձունքից սփռված աշխարհին: Առաջին հայացքից՝ թեթևակի պաթոս առաջացնող տեսարան, սակայն, եթե ավելի խորը, ապա երբեմն միայն բարձունքից նայելով հնարավոր է տեսնել իրականությունն ամբողջությամբ: Երբեմն պետք է հասնել մինչև սահմանագիծ՝ հասկանալու համար, թե կխիզախե՞ս արդյոք հատել սահմանը: Երբեմն էլ՝ պարզապես հասկանալու համար, պե՞տք է քեզ արդյոք հատել այն: Եվ, ի վերջո, հասկանալու, թե ո՞վ ես դու:

Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս