«Ուրախ եմ, որ Ֆրանկոֆոնիան լավ ավանդույթ և տոն է դարձել Հայաստանում». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«168 Ժամը» մեկնարկում է նոր՝ «Հանդիպում դեսպանի հետ» խորագիր, որի ընթացքում մեր ընթերցողներին ենք ներկայացնում զրույցներ՝ ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ: Մեզ հետ զրույցում նրանք ներկայացնում են դեսպանությունների հետ համատեղ իրականացվող բազմազան կրթամշակութային ծրագրերի, միջոցառումների մանրամասները, բաց չթողնելով նաև սեփական փորձը՝ դեսպանի հայացքով բացահայտված Հայաստանի մասին իրենց տպավորությունները: Այսպիսով, «Հանդիպում դեսպանի հետ» խորագրի առաջին անդրադարձը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ է, հանդիպման առիթը՝ մոտալուտ տոնը՝ «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»: Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն «168 Ժամին» հյուրընկալեց երևանյան իր կացարանում:

– Պարոն դեսպան, հանդիպման գալուց առաջ համացանցում փորձում էի Ձեր մասին պատմող ինֆորմացիաներ փնտրել: Պարզվում է՝ այնտեղ Ձեր մասին պատմող քիչ բան կար, թեև կարողացա պարզել, որ Դուք տիրապետում եք վեց լեզուների՝ ռուսերենին, հունգարերենին, իսպաներենին, անգլերենին, իտալերենին և գերմաներենին:

– Այո, շատ թե քիչ… (դեսպանատան թարգմանչուհին՝ տիկին Արուսյակ Ամիրջանյանը, ով ստանձնել էր իմ և պարոն դեսպանի անխոչընդոտ բանավոր շփումը, նկատում է՝ պարոն դեսպանը համեստություն է անում.- Ն.Մ.)

– Բացի մայրենի ֆրանսերենից, ո՞րն է երկրորդ լեզուն, որով ազատ հաղորդակցվում եք:

Կարդացեք նաև

– Ռուսերենը:

– Խոսե՞նք առաջիկայում նախատեսված «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերի» և այդ շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառումների մասին, որ կանցկացվեն մարտի 15-30-ը՝ հանրապետության ողջ տարածքում:

– Ես ուրախ եմ, որ «Ֆրանկոֆոնիան» լավ ավանդույթ և տոն է դարձել Հայաստանում: Այն անցկացվում է ամեն տարի, առանց ընդմիջումների և կարծես տոնի է վերածվել այստեղ: Քանի որ Հայաստանի Հանրապետությունն արդեն ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ- Organisation Internationale de la Francophonie) լիիրավ անդամ է, բնականաբար, ֆրանկոֆոնիայի օրերը տոնում ենք մենք և հայաստանյան իշխանությունների հետ համատեղ, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարության անմիջական մասնակցությամբ: Տոնակատարություններին մասնակցում են նաև Ֆրանկոֆոնիայի միջզգային կազմակերպության անդամ հանդիսացող և ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպանություններ ևս, այս տարի՝ Շվեյցարիան, Կանադան, Հունաստանը, Լիտվան և Լիբանանը: Արդեն երեք տարի անընդմեջ, տոնակատարության շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունը փորձում է շեշտադրում կատարել նախապես ընտրված մի թեմատիկայի վրա, որը շուրջ երկու շաբաթների ընթացքում պետք է զարգանա ու ծավալվի՝ ներառվելով որպես ծրագրում ընդգրկված միջոցառում:

Մոտեցումը հետևյալն է՝ մենք ընտրում ենք այնպիսի թեմա, որը հնարավոր կլինի ածանցել տարբեր ուղղություններով՝ տնտեսագիտություն, իրավաբանություն, արվեստ՝ իր բոլոր դրսևորումներով, և այլն: Անցյալ տարի այն ընթանում էր «Խելացի քաղաք» խորագրի ներքո, իսկ այս տարի ընտրել ենք էլ-համբավին նվիրված «Թվային գրքի հեռանկարները Հայաստանում և Ֆրանսիայում» թեման: Ընդամենն այսօր առավոտյան առիթ ունեցա մասնակցելու «Էլեկտրոնային հեղինակություն» խորագրով հետաքրքիր մի միջոցառման բացման արարողությանը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համատեղ:

– Ինչո՞վ էր պայմանավորված այս տարվա ընտրությունը՝ էլ-համբավին նվիրված թեմատիկան, որ, փաստորեն, դառնալու է միջոցառումների հիմնական և առանցքային մասը:

– Յուրաքանչյուր անգամ ընտրությունը կատարում ենք հետևյալ սկզբունքով՝ ընտրել մի թեմատիկա, որի մեջ բաղադրյալները հնարավորինս շատ կլինեն: Հատկապես այս տարվա թեմատիկայի մեջ շատ են բաղադրյալները: Այնտեղ կգտնեք իրավաբանական, մշակութային, կրթական, սոցիալական, տնտեսական բաղադրիչներ: Հայտնի է, որ ինֆորմատիկայի ճյուղը Հայաստանում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Այդպիսով, լինելով նորարար, այս ոլորտը միաժամանակ շատ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է տալիս, հատկապես՝ երիտասարդների համար: Բնականաբար, մենք մտածեցինք, որ այս թեման մեծ արձագանք կստանա, և կարծում եմ՝ չենք սխալվել: Այսօր առավոտյան, երբ մասնակցում էի գիտաժողովին, շատ ուրախացա, երբ տեսա բազմամարդ դահլիճ, որի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին:

– Անդրադառնալով Ֆրանկոֆոնիային նվիրված այս տարվա ծրագրերի մշակութային ասպեկտին՝ կուզենայի կանգ առնել հատկապես երկու ոլորտների՝ կինոյի և խոհանոցի վրա, որին կարծես հատուկ անդրադարձ եք կատարել այս տարի ծրագրի շրջանակներում:

– Կինոյի վերաբերյալ համարյա նույն մոտեցումն ենք որդեգրել՝ նորովի ներկայացնելու ֆրանսիական և ֆրանկոֆոն կինոն: Եկող շաբաթ նախատեսված է մի փայլուն կանադական կինոռեժիսորի ֆիլմի ցուցադրություն: Իր հերթին՝ կինոդիտումներ է նախատեսում նաև Շվեյցարիայի դեսպանությունը: Ինչ վերաբերում է բուն ֆրանսիական կինոյին, եթե չեմ սխալվում, թվով 7 ֆիլմեր են ցուցադրվելու, և բոլոր 7-ն էլ բացառապես թարմ ժապավեններ են: Դրանցից ամենահին ֆիլմը, եթե կարելի է այդպես ասել, 2013թ. արտադրության է:

Ներառված են ամենատարբեր ժանրերի ֆիլմեր՝ դրամայից մինչև կատակերգություն, այդ թվում՝ նաև սոցիալական ուղղվածության բավական հետաքրքիր փաստավավերագրական ժապավեններ: Երկուշաբթի կմեկնարկի ֆիլմաշարի ցուցադրությունը՝ «Ի՞նչ ենք արել տեր Աստծուն» վերնագրով կատակերգությամբ: Սա մի աշխատանք է, որ լավագույնս է արտացոլում ժամանակակից ֆրանսիական հասարակությունը: Այն արդեն իսկ մեծ արձագանքների է արժանացել աշխարհի ամենատարբեր երկրներում: Խորհուրդ կտամ անպայման նայել այդ ֆիլմը՝ երկուշաբթի օրը, «Մոսկվա» կինոթատրոնում: Ձեր հարցի երկրորդ մասը վերաբերում էր խոհանոցին:

Այս առիթով կազմակերպված «Ֆրանսիայի համը» («Goօt de France») ծրագիրը կազմակերպում և իրականացնում ենք արդեն երրորդ տարին անընդմեջ և ճիշտ այնպես, ինչպես դա անում են Ֆրանսիայի բոլոր դեսպանատներն աշխարհում: Այս տարի միջոցառման կազմակերպման համար մասնակցում են երևանյան 6 ռեստորաններ, և օժանդակության իրենց բաժին մասնակցությունն են ցուցաբերելու երկու մասնագիտական վարժարաններ՝ Երևանի Ֆրանս-հայկական պրոֆտեխնիկական և Գյումրիի «Տիրամայր Հայաստան» վարժարանները:

Այս տարի «Ֆրանսիայի համը» ծրագրի նկատմամբ մոտեցումն էլ յուրօրինակ է… Որպես կանոն, երբ ասվում է՝ ֆրանսիական խոհանոց, առաջին և գերիշխող միտքն է, որ խոսքը վերաբերում է շատ նրբաճաշակ և անպայման թանկ արժեցող մի ինչ-որ  բանի: Այս տարի մենք ընտրել են առավել «խնայողական» մոտեցում՝ ներառելով այնպիսի կերակրատեսակներ, որոնք մատչելի են, որոնք հնարավոր է ճաշակել՝ որպես բարձրակարգ խոհանոցի նմուշներ: Ի համեմատություն նախորդ տարիների՝ մոտեցումն ավելի պարզեցված է:

– Ինչո՞վ է պայմանավորված այս տարվա այդ մոտեցումը:

– Տոնական միջոցառման շրջանակներում հնարավորինս լայն զանգվածներ ներառելու ցանկությամբ:

– Պարոն դեսպան, հավանաբար ընթերցողներին կհետաքրքրեն Ձեր կինո նախասիրությունները:

– Ինչ վերաբերում է կինեմատոգրաֆիական իմ նախասիրություններին, մի փոքր կդժվարանամ պատասխանել, որովհետև իմ նախասիրություններն այս ոլորտում խիստ ընդարձակ են: Երևի ավելի ճիշտ և դյուրին կլինի ասել, թե ինչը չեմ սիրում: Դրանք հատուկ էֆեկտներով նկարահանած, գիտաֆանտաստիկ ֆիլմերն են, նաև մարտաֆիլմերը: Չեմ սիրում ֆիլմեր, որտեղ գերակշռում են բռնության տեսարանները:

– Ձեզ բավարարո՞ւմ է ժամանակակից ֆրանսիական կինոյի որակը, հատկապես, եթե հիշենք ֆրանսիական կինոյի փառահեղ և հեղափոխական՝ «Նոր ալիքը», ինչպես նաև՝ բավական մեծ համբավ վայելող ֆրանսիական հեղինակային կինոն, և այլն:

– Ֆրանսիական կինոարվեստում այսօր կան հիանալի փայլուն ռեժիսորներ, իսկապես բավականին հետաքրքիր հեղինակների աշխատանքներ: Ցավոք, դրանք շատ չեն ցուցադրվում և մեծ տարածման և ուշադրության չեն արժանանում: Իհարկե, կան նաև միջին որակի ֆիլմեր, ինչպես և միշտ է եղել:

– Տարածված կարծիք կա, թե արվեստում նորություններ, որպես այդպիսին, այլևս չեն ստեղծվում: Եթե մասնավորեցնենք կինոոլորտը՝ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

– Ոչ, համամիտ չեմ, որովհետև ողջ աշխարհում հիմա էլ շարունակում են ստեղծվել հիանալի արվեստի գործեր: Եթե կցանկանաք, ես կարող եմ թվարկել վերջին տարիներին նկարահանված և ինձ դուր եկած ֆիլմերից չորսը:

– Այո…

– Դրանցից մեկը հնդկական, բոլորովին թարմ ֆիլմ է՝ ռեժիսոր Գարթ Դևիսի «Առյուծ» քրեական դրաման, մյուսը, որ նայել եմ Փարիզում անցյալ շաբաթ, արգենտինական արտադրության «Պատվավոր քաղաքացի» դրաման էր, «Արևադարձային մողոք» ֆիլմը, և վերջինը՝ Ֆանի Արդանի հեղինակած՝ Իոսիֆ Ստալինի կյանքի մասին պատմող ֆրանսիական արտադրության՝ «Ստալինի բազմոցը» ֆիլմը՝ մասնակցությամբ դերասան Ժերար Դեպարդյեի: Ես թվարկեցի չորս ֆիլմեր, որոնցից երկուսը՝ ֆրանկոֆոն, մեկը՝ ոչ միայն ֆրանկոֆոն, այլ նաև՝ ֆրանսիական արտադրության, որոնք իսկապես հաջողված ժապավեններ կարելի է բնութագրել՝ ստեղծագործ մոտեցմամբ և խորը ասելիքով աշխատանքներ:

– Փաստորեն, պարոն Շարպանտիե, Դուք Ձեր առօրյա գրաֆիկում բավական ժամանակ եք տրամադրում նաև արվեստին:

– Այո, փորձում եմ, ժամանակ առ ժամանակ:

– Ձեր պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Դուք ուսումնասիրել եք արևելյան լեզուներ: Մեզ հետ զրույցի ընթացքում Դուք ժամանակ առ ժամանակ հարցերին պատասխանում եք հայերեն լեզվով: Հետաքրքիր է, որտե՞ղ եք սովորել մեր լեզուն:

– Այստեղ՝ Հայաստանում, վերջին երկու տարիների ընթացքում:

– Դժվա՞ր լեզու է հայերենը:

– Ոչ այնքան: Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս:

– Պարոն դեսպան, առիթներ լինո՞ւմ են ներկա գտնվելու երևանյան մշակութային միջոցառումներին՝ ֆիլմերի պրեմիերաների, թատերական ներկայացումների, համերգների, և այլն:

– Իմ ամենամեծ խնդիրը չհաղթահարված լեզվական անջրպետն է: Ավելի քան երկու տարի է, ինչ ես Հայաստանում եմ, և յուրաքանչյուր անգամ ասում եմ՝ պետք է անպայման գնալ մի ֆիլմ դիտելու, բայց լեզվական խոչընդոտի մտավախության պատճառով ցանկությունս չի իրականացվում: Ինձ ասել են, որ Հայաստանում թատերական կյանքը բավականին հետաքրքիր է: Բայց այստեղ ևս մեկ անգամ լեզվական անջրպետն ինձ հետ է պահում: Այդուհանդերձ, մոտ ապագայում ես երևի թե անպայման այցելեմ կինոթատրոն, որովհետև շատ եմ ցանկանում նայել հայկական արտադրության երկու ֆիլմ:

– Որո՞նք են այդ ֆիլմերը, եթե գաղտնիք չէ:

– Դրանցից մեկը մեկ տարի առաջ ողջ Երևանով բավականին մեծ աղմուկ հանած մի կատակերգություն է՝ «Սուպեր մաման»: Ես փորձեցի դիտել այն, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չստացվեց:

– Ինչո՞վ էր Ձեզ հետաքրքրել հենց այդ կատակերգությունը:

– Հենց միայն հասկանալու համար, թե ի՞նչը կարող է ծիծաղեցնել հայերին:

– Իսկ ի՞նչը կարող է ծիծաղեցնել ֆրանսիացուն:

– Չգիտեմ… Դժվար է ասել, որովհետև վերջին ժամանակներս ֆրանսիական հասարակությունը շատ է փոխվել: Մի երևույթ կա, որ լայն տարածում է գտել ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Արևմուտքում: Քաղաքական կոռեկտության տեսանկյունից այն ամենը, ինչ միտված է ծիծաղի տեղիք տալուն, սեղմվել է իր սահմանների մեջ: 1950-60- ականների կինոկատակերգությունները, օրինակ, դերասան Լուի դը Ֆյունեսի մարմնավորած կերպարներով, ծիծաղելի են, որովհետև հին ֆիլմեր են, բայց, եթե հանկարծ այսօր հայտնվի մեկն ու իրեն թույլ տա անելու այն, ինչ այդ տարիներին անում էր Լուի դը Ֆյունեսը, անմիջապես քննադատության կենթարկվի: Ափսոսում եմ: Ամեն դեպքում պետք է հնարավորություն տալ՝ տեսնելու մարդկանց, ովքեր դեռևս ծիծաղում են:

– Ասացիք երկու ֆիլմի մասին, որ կուզենայիք նայել Երևանում: Ո՞րն էր երկրորդ ֆիլմը:

– Վերջերս ցանկություն ունեցա նայելու նաև ավելի լուրջ մի ֆիլմ: Եթե ճիշտ եմ հետևել գովազդային պաստառներին, այն կոչվում է «Կյանք ու կռիվ»: Գուշակում եմ, որ այն անհամեմատ ավելի բարդ ֆիլմ պետք է որ լինի: Եթե չեմ սխալվում՝ այն դեռևս ցուցադրվում է կինոթատրոններում: Ես կաշխատեմ այն նայել: Եթե նկատեցիք, լեզվի հոգեբանական արգելապատնեշը, որ անընդհատ կանգնած է իմ առջև, ինձ շատ բաներից զրկում է:

– Դուք առիթ կամ ժամանակ ունենո՞ւմ եք շրջելու մեր քաղաքում, ունե՞ք արդյոք նախընտրելի վայրեր՝ ժամանցի կամ հանգստի համար:

– Լինում են այդպիսի առիթներ, և կան նաև վայրեր, որտեղ ես շատ եմ սիրում լինել: Քաղաքից դուրս՝ հաճախ նախընտրում եմ լինել Ծաղկաձորում, պաշտում եմ դահուկային սպորտը, Ծաղկաձորն էլ հիանալի վայր է իմ սիրելի սպորտաձևի համար: Ափսոս, որ եղանակներն արդեն դահուկասահքի համար չեն: Ես շատ հաճախ եմ լինում նաև Դիլիջան քաղաքում: Ողջ Տավուշի շրջանը, իմ կարծիքով, գողտրիկ մի վայր է:

– Իսկ հասցնո՞ւմ եք գրքեր կարդալ:

– Ժամանակս շատ չէ, բայց փորձում եմ հասցնել: Այս պահին ձեռքիս տակ միանգամից մի քանի գիրք կա՝ Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը» և, քանի որ պատմության մեծ սիրահար եմ, զուգահեռ կարդում եմ նաև վաղ Վերածննդի դարաշրջանի մասին՝ Պապերի նստավայրն Ավինյոնից Հռոմ փոխադրելու վերաբերյալ մի գիրք:

– Անցյալ ամառվա ընթացքում ես առիթ ունեցա լինելու Ձեր հայրենիքում և, մասնավորապես, նաև Ավինյոն քաղաքում, որտեղից ականատեսի աչքով մի ռեպորտաժ պատրաստեցի, որ պատմում էր Պապերի ավինյոնական գերության տարիների մասին:

– Ես ծանոթ եմ այդ հոդվածին, ինձ այն փոխանցել են, և ես առիթ ունեցել եմ ծանոթանալու ձեր լրագրողական անդրադարձին, որի համար շնորհակալ եմ:

– Շնորհակալ ենք նաև մենք, պարոն դեսպան, ժամանակ տրամադրելու և զրուցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս