
Հայկ Դեմոյանը լռեց եւ հեռացավ, «Հայոց պատմության» համար հատկացված գումարի հարցն էլ մութ է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի մարտի 16-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովը շրջադարձային ու չնախատեսված ընթացք չունեցավ: Այն անցավ խաղաղ ու մի քիչ էլ ձանձրալի:
Մինչդեռ, սպասվում էր, որ ԳԱԱ համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է գալու ելույթով կամ հարակից զեկույցով եւ բաժանմունքի մասնագետների ներկայությամբ բարձրաձայնելու է այն ամենի մասին, ինչ մտածում է վերջին տարիներին պետական միջոցներով տպագրվող «Հայոց պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ: Դեմոյանի ղեկավարած ինստիտուտը արդեն գրախոսական է հրատարակել իր իսկ խմբագրմամբ եւ բավականին քննադատության ենթարկել բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մինչեւ ժողովն ասում էր, որ թեպետ բաժանմունքի ղեկավարությունը չի պատրաստվում իրեն խոսելու հնարավորություն ընձեռել, բայց ինքն, այնուամենայնիվ փորձելու է ձայնի իրավունք ստանալ: Իսկ արդեն ժողովի օրը Հայկ Դեմոյանը նույնիսկ չփորձեց ելույթ ունենալ ու կարճ ժամանակ անց հեռացավ դահլիճից: Նշված գրքերն ավելի վաղ նա համարել էր խոտանվելու ենթակա, քանի որ պարունակում են հակագիտական թեզեր, ունեն նաեւ տեխնիկական բազմաթիվ թերություններ:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով բազմահատորյակին առնչվող մեղադրանքներին, նախ ներկայացրեց իրենց պատասխանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կոթողային խայտառակություն» գրախոսությանը: Իրենք էլ այդ պատասխանը վերնագրել են «Խայտառակության կոթողը»:
«Բոլոր խնդիրներին անդրադարձել ենք հատ-հատ: Այս հատորները Աշոտ Մելքոնյանը չի գրել, գրել են մոտավորապես 60 հայագետներ: Երբ որ ստացվեց այդ գրախոսությունը, մենք հրավիրեցինք մեր բոլոր մասնագետ-հեղինակներին, խնդրեցինք իրենց բաժնի կապակցությամբ տալ պարզաբանումներ, եւ դա նրանք արեցին: Անհատապես ամեն մեկը ներկայացրեց իր կարծիքը, որից հետո դրանք ընդհանրացրինք եւ առանձին գրքույկով տպագրեցինք»,- ասաց նա:
Դեմոյանի ու նրա ղեկավարած թանգարանի մասնագետների բովանդակային դիտողությունները չեն ընդունվել, իսկ ահա տեխնիկական բնույթի խնդիրները չեն հերքվում: «Գիտամեթոդական բովանդակային բնույթի ոչ մի դիտողություն իրական հիմք չունի, մեկ առ մեկ դրան անդրադարձել ենք: Մասնագետները ուղիղ մեկ տարի աշխատել են, որպեսզի գտնեն գոնե լեզվաոճական բնույթի սխալներ: Տեխնիկական բնույթի սխալներ կան: Օրինակ` ասենք տեքստում ռուսերն կամ անգլերեն բառ կա, վերջին պահին, տպագրելուց առաջ, երբ որ տպարանը փոխել է տառատեսակը, չի նկատել, որ դրանք վերածել է հիերոգլիֆների: Այդ դիտողությունները միանգամայն ընդունելի են, շնորհակալությամբ ընդունում ենք»,- նշեց Մելքոնյանը:
Այս երկու պատմաբանների հակասություններն, ի դեպ, տարիների պատմություն ունեն: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հասցրել է մեղադրել ընդհուպ մինչեւ թուրքական լրտես լինելու մեջ: Ինքը` Դեմոյանը, Ակադեմիայում իրեն մերժված ու չընդունված է համարում սկզբունքային կեցվածքի, մասնավորապես` թանգարանի հարակից կանաչ տարածքն օտարելու նախաձեռնություններին ընդդիմանալու պատճառով:
Խոսելով Դեմոյանի հետ իրենց անհաշտության ակունքների մասին` Աշոտ Մելքոնյանն ասաց. «2012 թվականի փետրվարի 28-ին նա այստեղ պաշտպանեց ատենախոսություն: Ես իրեն բարեկամաբար խնդրեցի` լեզուն փոխիր, հայագիտական ինստիտուտի տնօրենին վայել չէ ռուսերենով պաշտպանել, որի կապակցությամբ Ալբերտ Մուշեղյանը գրեց մի ահռելի գրախոսություն «Սադախլոյի ռուսերենով գրած ատենախոսությունը»: Եվ երկրորդը` ես խնդրեցի հանել ատենախոսության ամենասարսափելի եզրահանգումը, որ Արցախյան խնդրում Թուրքիան հանդիսանում է կոնֆլիկտի կողմ: Թուրքիան կոնֆլիկտի կողմ եթե լիներ, կնշանակեր Արաքսի եւ Ախուրյանի երկայնքով հայ-թուրքական պատերազմ է ընթանում: Կոնֆլիկտի կողմ միայն Արցախն ու Ադրբեջանն են: Ինքը պատասխանեց` ես որպես գիտնական իրավունք ունեմ ունենալու իմ կարծիքը: Ես ասացի` որպես խորհրդի նախագահ նման փաստաթղթի տակ ստորագրություն չեմ դնի: Եվ չմասնակեցի այդ պաշտպանությանը: 2 անգամ ԲՈՀ-ը մերժեց նրա աշխատանքը, ԲՈՀ-ի դեմ սկսվեց արշավ, որից հետո ԲՈՀ-ի նախագահին` Արտյուշա Ղուկասյանին պաշտոնանկ արեցին, եւ նա դարձավ դոկտոր»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: