ՌԴ­-ի հետ փոխգործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Սերժ Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն է: Վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները դուրս են եկել ամենաբարձր մակարդակի իրենց ինտենսիվության և բովանդակության մասով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ի թղթակիցը, նման հայտարարությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և գործընկերության հեռանկարայնության ու ամրության երկկողմ համոզման վրա: Նախագահը հիշեցրեց, որ այս տարի նշվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակը, ինչպես նաև 1997թ­-ի օգոստոսի 29­-ին ստորագրված Բարեկամության, գործընկերության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20­-ամյակը:

«Բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում Հայաստանին և Ռուսաստանին միավորել են մեր ժողովուրդների բարեկամության կապերը: Մենք ուս ուսի անցել ենք ժամանակի ու պատմության փորձությունը, ինչն էլ կանխորոշել է միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական գործընկերության հունով: Հայ­ռուսական համագործակցության աննախադեպ բարձր մակարդակն այսօր բնորոշվում է բարձր մակարդակում ակտիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է սերտ փոխգործակցությունը առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային գործընկերությունը»,­- շեշտեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով` Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետ բազմակողմ համագործակցություն են զարգացնում ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Սերժ Սարգսյանն այս համատեքստում հիշեցրեց Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում 2000թ­-ին ընդունված հայտարարությունը, որում հստակ ամրագրվել է. «Ռազմաքաղաքական հարաբերությունները Պայմանագրի անդամ­ պետությունների միջև առաջնային բնույթ ունեն ի համեմատություն երրորդ երկրների հետ ռազմական կապերի առումով, ովքեր չեն մտնում Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ»:

«Այսինքն` այստեղ ամեն ինչ բավականին հստակ է ուրվագծված, ընդգրկված է ողջ սպեկտրը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն: Զարգացնելով այս թեման՝ չեմ կարող չնշել, որ նշված սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է պահպանվեն և իրականացվեն ամբողջությամբ, այլ ոչ թե ընտրաբար` կախված կոնյուկտուրայից»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Հանրապետության Նախագահի խոսքով` անցած տարի ՀԱՊԿ-­ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները սահմանելիս հաշվի են առնվել կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությունները` հիմնվելով դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքների վրա` հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ակտուալ հարցերը:

«Հենց այդ ընկալմամբ մենք մեր առջև հավակնոտ նպատակ էինք դրել` ավարտին հասցնել մինչև 2025թ-­ը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակումը, ինչը և մեզ հաջողվեց: Անցած տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունն ամրագրում է կազմակերպության հետագա զարգացման ուղենիշները` համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև, որ կազմակերպության երևանյան գագաթնաժողովին ընդունվել է պետությունների ղեկավարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիայի անթույլատրելիության մասին»,­- ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս