«Զորակոչն իր մեջ միշտ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, և շատ մարդիկ այդ ոլորտում մեծ հարստություններ են դիզել». Սեյրան Օհանյան
«Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն արդեն բանակի ներսում, դեռևս բավարար չեն, որպեսզի մենք մեր բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, կատարելագործենք և ավելացնենք նրա մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձևավորելու համար պետք է ամուր տնտեսություն: Եթե զինվորի ձեռքին հիմնական գործոնը, որը հաղթական ելք է բերում, զենքն է, ապա ժողովրդի ձեռքին հաղթական ելք բերող զենքը տնտեսությունն է: Առանց տնտեսության համապատասխան զարգացման տեմպերի՝ ժողովուրդը չի կարող ստեղծել բարեկեցիկ պայմաններ, չի կարող լուծել առօրյա խնդիրներ»,- այսօր Երևանի վետերանների միությունում կազմակերպված ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ իր ղեկավարման տարիներից են սկսել Հայաստանում պետական մակարդակով զորավարժություններ անցկացվել. «Մինչև այդ չի եղել: Իմ ղեկավարման տարիներին է, որ զորահավաքային ուղղությամբ հավաքներ ենք անցկացրել պետական կառավարման և ՏԻՄ մարմինների հետ: Վերջին զորավարժությունը «Շանթ-2015» զորավարժությունն էր: Իմ ղեկավարման տարիներին է, որ բանակ-հասարակություն կապը սկսել է ամրապնդվել, և բանակը մաքսիմալ բացվել է ժողովրդի առջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»:
Օհանյանը նշեց, որ որքան էլ այսօր ապրիլյան պատերազմը լինի քննադատության առարկա, արցախյան ազատամարտի նման՝ այն մեր երկրի հերոսամարտն է. «Որտեղ բոլորիս ջանքերով, բանակի հնարավորություններով, մեր հրամանատարների, մեր զավակների քաջագործություններով մենք կարողացել ենք Ադրբեջանի նպատակները կանգնեցնել, չենք թողել, որ նա խորությամբ մխրճվի արցախյան հատված ու պայմաններ ենք ստեղծել նաև հակագործողություններ իրականացնելու համար»:
Նա հավելեց, որ իր ղեկավարման տարիներին բավական լուրջ աշխատանք է տարվել՝ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի առումով. «Կադրային քաղաքականության մեջ սուբյեկտիվ գործոնները վերացել են: Ինչո՞ւ մինչև ինձ դրանք չեն վերացել: Մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, զորակոչի մեջ արդարության մեծ մակարդակ ենք վերցրել ու հասել դրան: Զորակոչն իրականացվել է վերահսկողությամբ, իր մեջ միշտ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, և շատ մարդիկ այդ ոլորտում մեծ հարստություններ են դիզել. ես կանգնեցրել եմ այդ ամենը, ինչո՞ւ մինչև ինձ չի արվել»:
Այս ամենն Օհանյանին ստիպում են մտածել, որ բանակը ձևավորվել է՝ որպես կայացած կառույց, և ըստ նրա՝ ով էլ լինի բանակի կառավարման հիմքում, բանակն իր գործը կատարելու է. «Հիմա մենք գնում ենք ընտրությունների, և դրա համար մեր թիմը նպատակ է դրել՝ առանձին գաղափարական հենքի վրա միավոր ձևավորել, և մեր հիմնական նպատակն է՝ պետական համակարգի ձևավորման մեջ նոր ստանդարտներ, նոր մշակույթ ձևավորել, որի հիմքում ռազմավարական որոշումներն են, որի հիմքում մարդկանց հետ շփվելու ձևերն ու սկզբունքներն են, գաղափարական աշխատանքն է: Մենք անպայման հաշվետվողական ենք լինելու մեր ժողովրդի առջև»:
Նա ընդգծեց, որ պայքարելու են ստեղծված իրավիճակի դեմ, որն ինքն անվանում է քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճում, որը բերել է անարդար մթնոլորտի. «Մենք ունենք այն կամքը, որ կարգ ու կանոն հաստատվի, անհաշտ պայքար մղենք, իրական քայլերով, իրական արդյունքներով ջախջախենք հուսալքության այն մթնոլորտը, որը գոյություն ունի Հայաստանում»: