Որքանո՞վ են իրատեսական նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները. պարզաբանում է տնտեսագետը
«Իշխանությունը ներկայացրել է տնտեսական ծրագրային դրույթներ, ըստ էության՝ զերծ քանակական որոշակիությունից. թվեր, փաստեր չկան: Դա իր պատճառն ունի, հասկանալի է. իշխանությունը լավ հասկանում է, որ մարդիկ դատելու են ոչ այնքան՝ այդ թվերից ու խոստումներից ելնելով, այլ՝ իրենց արած-չարածից ելնելով: ՀՀԿ ծրագիրն ավելի լայն գաղափարական հիմքով վերարտադրում է ներկայիս կառավարության գործունեության ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ նշելով, որ իշխող կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչում հիմնական շեշտադրումները կատարվում են ներդրումների, գործարար միջավայրի խթանների ապահովման, կոռուպիացյի, աղքատության դեմ պայքարի վրա:
Տնտեսագետի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև ՀՅԴ տնտեսական ծրագրին. «Այնտեղ նույնպես մենք չենք տեսնի թվեր, այդպիսի քանակական նշաձողեր: Այնտեղ միայն հանդիպեցի այսպիսի արտահայտության, որ պետք է նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին: ՀՅԴ-ն իր ծրագրային դրույթներում շարունակ ներկայացնում է այս պահանջը, բայց ինչպես տեսնում ենք՝ դա տեղափոխվում է ծրագրից՝ ծրագիր, և այդպես էլ անհասանելի է մնում»:
Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատների» ծրագիրը հանգիստ կարելի է կառավարության գործունեության ծրագիր դիտարկել.
«Ամենայն մանրամասնությամբ, վերլուծություններով, հիմնավորումներով, փաստերով ու փաստարկներով, հետաքրքիր առաջարկներով, ոչ միայն քանակական, այլ նաև ինստիտուցիոնալ առաջարկներով ծրագիր է: Նրանց ծրագրին արժե ուշադրություն դարձնել՝ անկախ նրանից, թե այս քաղաքական ուժը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ»:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 քայլին, նա ասաց, որ դրանք իրատեսական են. «Մենք ունենք ռեսուրս՝ ստվերային տնտեսությունը և կոռուպցիայի կողմում կլանվող ռեսուրսները: Մեր ՀՆԱ-ի առնվազն 10%-ը կոռուպցիոն շրջանառություններն են, այսինքն՝ առնվազն 1 մլրդ դոլար կոռուպցիոն, ստվերային շրջանառություններ են, որոնք կարելի է համապատասխան քաղաքական կամքի արդյունքում՝ բերել լեգալ դաշտ և ծախսել սոցիալական նպատակներով:
Իհարկե, բարդ է լինելու դա կարճ ժամկետում անելը, դրա համար այն մասով, որ արդեն 2018 թ. կարելի է բարձրացնել կենսաթոշակն ու միջին աշխատավարձը հասցնել իրենց ներկայացրած թվերին, ռեալ չէ: Կարծում եմ՝ դա կարելի է անել առնվազն 3 տարի հետո: Այս ծրագիրը տարբերվում է ՓՄՁ դաշտի կարգավորման առաջարկով:
Առաջարկվում է 3 տարով ազատել մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հարկերից: Իհարկե, շատ լավ է, բարի ցանկություն է, բայց նման առաջարկի դեպքում պետք է ասել՝ ինչպիսի հարկային կամ բյուջետային հետևանքներ կունենա, և արդյո՞ք խոշոր բիզնեսը պատրաստ է փոխհատուցել այդ վնասներն ու կորուստները»:
Նա նկատեց, որ կան մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՀՎԿ-ն, որ առաջարկում են գյուղատնտեսական վարկերը սահմանել առավելագույնը տասը տոկոս, որից 5-ը պետք է փոխհատուցի պետությունը. «Դա ինչ-որ տեղ իրատեսական է: Այդպիսի առաջարկ տեսնում ենք նաև «Ազատ դեմոկրատների» մոտ, որոնք բոլոր ուղղություններով կոնկրետ առաջարկներ ունեն»:
Տնտեսագետը նկատեց, որ «Ելք» դաշինքի ծրագիրը բարձր տեխնոլոգիական է. «Այն հետաքրքիր է հատկապես տնտեսական զարգացման տեսլականի մասով, որն արդյունաբերական, ինովացիոն ներդրումների ու այդ կոնտեքստում՝ ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացման ծրագիր է: Մեր մարտահրավերների մեջ պետք է նկատի ունենանք, որ լուրջ պրոբլեմ է ռազմական ոլորտը: ՀՆԱ-ի 4.5%-ը հենց ռազմական ծախսերն են: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն առաջարկում է խաղաղություն, որի արդյունքում էլ այդ գումարները կտնտեսվեն, բայց հարց է, թե ինչպե՞ս պետք է հասնել այդ խաղաղությանը»: