«Ընտրությունները վերջանան, կասեն՝ փողը տվեցի՝ ձայնդ առա, ի՞նչ ես ուզում ինձնից». Արթուր Բաղդասարյան

«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար. «Մենք բոլոր պետք է գիտակցենք, որ ոչ թե թաղի տղերք ենք ընտրում, այլ ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը: Մենք ունենք պատգամավորներ, որոնք 25 տարի է՝ ԱԺ-ում են, բայց 25 բառ չեն խոսել: Նրանք որդեգրել են հետևյալ գործելաոճը. Ցուցակագրել, փողը տալ, գնալ՝ այնտեղ նստել: Իսկ ազգի խնդիրները բարեգործությամբ, ցուցակագրել-փող բաժանելով չեն լուծվում»:

ՀՎԿ նախագահը նշեց, որ եկել է կանգ առնելու ժամանակը. «Մենք պետք է կանգ առնենք, քայլեր ձեռնարկենք՝ մեր կյանքը փոխելու համար: Մենք պետք է պայքարենք, որ մեր կյանքում ինչ-որ բան փոխվի»:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանում փոփոխություններ չլինեն, ապրանքների գները ավելի կթանկանան. «Ընտրությունները վերջանան, կասեն՝ փողը տվեցի՝ ձայնդ առա, ջուրը խմեցի՝ շիշը դեն նետեցի, ի՞նչ ես ուզում ինձնից: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը, այն մարդիկ, որոնք հարկադրված պետք է գումար վերցնեն, որովհետև մենք այդ ինֆորմացիան անընդհատ ստանում ենք, գոնե գնան ճիշտ քվեարկեն, ինչ ասեմ:

Փակ, գաղտնի քվեարկություն է, գնացեք՝ ճիշտ քվեարկեք, որ ձեր երեխեքի, ձեր թոռների, ձեր կյանքում ինչ-որ մի բան փոխվի, ոչ թե այս անհանդուրժելի վիճակը շարունակվի: Մասիսը հզոր արդյունաբերական ավանդույթներ ունեցող քաղաք է եղել, այսօր ի՞նչ վիճակում է: Ի՞նչ գործնական քայլեր են արվում, որ մենք տեսնենք, որ Մասիս քաղաքը կարող է զարգանալ: Հայաստանի ողջ արդյունաբերական պոտենցիալը փոշիացվել և վաճառվել է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս