Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գույքն ու եկամուտները

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5 կուսակցություններն ու 4 դաշինքները լրացրել են գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Ճիշտ է, այս տվյալներին մեծ կարևորություն տալը ճիշտ չէ, սակայն կարծում ենք՝ ընտրողներին այս տեղեկատվությունը նույնպես կարող է հետաքրքրել։ Մենք հավաքել և ամփոփված ձևով ներկայացնում ենք, թե որքան գույք, դրամական միջոցներ և եկամուտներ են հայտարարագրել 9 քաղաքական ուժերը։

1. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱԴԿ-ն գույքի և եկամուտների հայտարարագրի անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Շարժական գույք և թանկարժեք միջոցներ չեն հայտարարագրվել։ Դրամական միջոցների մնացորդը հայտարարագիրը լրացնելու պահին կազմել է 10 մլն դրամ, իսկ եկամուտներ նախորդ 1 տարվա ընթացքում կուսակցությունը չի հայտարարագրել։

2. «ԵԼՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

Գույքի և եկամուտների հայտարարագրեր լրացրել են «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր»։

«Հանրապետությունը» անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։ Դրամական միջոցների մնացորդը հայտարարագիրը լրացնելու պահին կազմել է 200 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում եկամուտը՝ 1.1 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 7 միավոր անշարժ գույք, որոնցից 6-ը վարձակալում է, իսկ 1-ն անհատույց օգտագործման իրավունքով է։ Դրամական միջոցների մնացորդը 1 մլն 164.9 հազար դրամ է: Նախորդող տարվա ընթացքում կուսակցությունը 4 մլն 660 հազար դրամ է ստացել անդամավճարներից և նվիրատվություններից, ևս 7000 դոլար՝ նվիրատուներից։ Այսինքն՝ ընդհանուր եկամուտը տարվա ընթացքում կազմել է մոտ 8 մլն դրամ։

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարագրել է վարձակալությամբ վերցված 2 միավոր անշարժ գույք (մեկը՝ կիսակառույց)։ Դրամական միջոցների մնացորդը՝ 100 հազար դրամ, տարվա ընթացքում ունեցած եկամուտը՝ 9 մլն 548.5 հազար դրամ (անդամավճարներ և նվիրատվություններ)։

«ԵԼՔ» դաշինքի ընդհանուր դրամական միջոցները, այսպիսով, կազմում են 1 մլն 464.9 մլն դրամ, եկամուտները՝ 18.7 մլն դրամ։

3. «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՎԿ հայտարարագիրն անփույթ է լրացված։ Անշարժ գույքի մասում լրացված է շարժական գույքի վերաբերյալ տվյալներ (կահույք, տեխնիկա և այլն)։ Դրամական միջոցների մնացորդը հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ 1 մլն դրամ է, իսկ եկամուտներ նախորդ տարվա ընթացքում ՀՎԿ-ն չի գրանցել։

4. «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

Դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցությունը զրոյական հայտարարագիր է լրացրել՝ ոչ շարժական ու անշարժ գույք ունեն, ոչ դրամական միջոցներ, ոչ էլ եկամուտ են ունեցել։

Մյուս կուսակցությունը՝ «Առաքելությունը», հայտարարագրել է 870 դրամ մնացորդ և 45 հազար դրամ եկամուտ՝ նախորդ տարվա ընթացքում։ Շարժական և անշարժ գույք «Առաքելությունը» չի հայտարարագրել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ կուսակցությունը հայտարարագրել է 19 828 դրամ դրամական միջոցներ և 23 227 դրամ եկամուտ։ Սակայն, ըստ ամենայնի, այստեղ գործ ունենք վրիպակի հետ՝ չափման միավորը նշված է ՀՀ դրամ, սակայն պետք է լիներ հազար դրամ։ Ըստ այդմ՝ կուսակցության դրամական միջոցները պետք է լինեն 19.8 մլն դրամ, իսկ եկամուտները՝ 23.2 մլն դրամ, որոնց աղբյուրը բյուջետային աջակցությունն է։

5. ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական նշանակության շինություն՝ 297 քմ մակերեսով։ Դրամական միջոցների չափը հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ կազմել է 551 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 7 մլն 330.2 հազար դրամ (5.6 մլն դրամը՝ անդամավճարներ և նվիրատվություն, 720 հազար դրամը՝ բյուջետային աջակցություն, 1 մլն դրամը՝ փոխառություն)։

ՀԺԿ-ն նույնպես հայտարարագրել է 1 միավոր անշարժ գույք՝ 82 քմ մակերեսով, որը սեփականության իրավունքով պատկանում է իրեն։ Դրամական միջոցներ կուսակցությունը չի հայտարարագրել, իսկ նախորդ տարվա ընթացքում ունեցել է 1 մլն 976.6 հազար դրամի եկամուտ, որից 1 մլն 294 հազարը՝ անդամավճարներ, 682.6 հազարը՝ բյուջետային աջակցություն։

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենաճոխ հայտարարագիրը ՀՀԿ-ինն է։ Կուսակցությունը հայտարարագրել է 65 միավոր անշարժ գույք՝ բնակարաններ, տներ, հասարակական նշանակության շինություններ և այլն։ Ընդ որում, դրանց մեծ մասը միանձնյա սեփականություն է. կուսակցությունը դրանցից միայն 5-ն է վարձակալում։ Շարժական գույքի բաժնում ՀՀԿ-ն հայտարարագրել է 4 մարդատար ավտոմեքենա։ Դրամական միջոցների մնացորդը հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ կազմել է 53.8 մլն դրամ։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀԿ-ն ունեցել է մոտ 380 մլն դրամի եկամուտ։ Դրա մեծ մասը՝ 343.2 մլն դրամը, ձևավորվել է անդամավճարներից և նվիրատվություններից, ևս 33.9 մլն դրամ էլ ՀՀԿ-ն ստացել է՝ որպես բյուջետային աջակցություն։ Բացի այդ, ավելի քան 2.2 մլն դրամ էլ ՀՀԿ-ն ստացել է վարձակալությունից (վարձակալության տալով իրեն պատկանող անշարժ գույքը)։

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կոմունիստներն անշարժ գույք չեն հայտարարագրել, փոխարենը՝ շարժական գույքի բաժնում հայտարարագրել են ԳԱԶ-3110 մակնիշի 2 ավտոմեքենա։ ՀԿԿ-ի դրամական միջոցների մնացորդը հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ կազմել է 46 հազար դրամ, իսկ եկամուտներ կուսակցությունը չի հայտարարագրել։

8. «ՕՀԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՍԿԱՆՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

ՕՐՕ դաշինքին մաս կազմող «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները չեն հայտարարագրել ո՛չ շարժական, ո՛չ էլ անշարժ գույք։ Երկու կուսակցությունների դրամական միջոցների մնացորդն էլ հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ զրոյական են։

Ինչ վերաբերում է եկամուտներին, «Ժառանգությունը» ստացել է 4.4 մլն դրամ՝ որպես բյուջետային աջակցություն, իսկ «Համախմբումը» հայտարարագրել է 21 մլն 580 հազար դրամ՝ որպես նվիրատվություն։

9. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ-ի հայտարարագիրը, ճիշտ է, ճոխությամբ ՀՀԿ-ին չի հասնում, սակայն մյուսների համեմատ տպավորիչ է՝ հատկապես անշարժ գույքի մասով։ ՀՀԿ-ն հայտարարագրել է 42 միավոր անշարժ գույք (բնակարաններ, գրասենյակներ և այլն), ընդ որում՝ բոլորը միանձնյա սեփականության իրավունքով։

Հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ ՀՅԴ-ի դրամական միջոցները կազմել են 742.8 մլն դրամ։ Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում ունեցել է 48.3 մլն դրամի եկամուտ, որից 43.2 մլն դրամը ձևավորվել է անդամավճարներից և նվիրատվություններից, 4 մլն 370 հազար դրամը՝ բյուջետային աջակցությունից, 736 հազար դրամ էլ կուսակցությունը ստացել է՝ որպես փոխառություն՝ Ինեկոբանկից։

Տեսանյութեր

Լրահոս