«Հայերն ու ադրբեջանցիները պետք է ստիպեն իրենց ղեկավարներին խաղաղություն հաստատել»
«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է.
«Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել եւ ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան եւ մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»:
Ջեյմս Ուորլիքի խոսքով, հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում.
«Ստատուս քվոն կայուն չէ, այն էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»:
Նախկին համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է.
«Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու:Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:
Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած եւ դրանք բոլորն էլ պետք է մշակվեն, հիշեցնում է նախկին դիվանագետը.
«Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարեւոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է խոսվի նաեւ Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»:
Խոսելով Պետքարտուղարությունից հեռանալու իր որոշման մասին, Ջեյմս Ուորլիքը, ով այսօր Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերության ներկայացուցիչն է, նշեց, որ պարբերաբար կարոտում է դիվանագիտական աշխատանքը.
«Իմ կարիերայում եւ կյանքում եկավ մի ժամանակ, երբ Պետքարտուղարության համար 30 տարուց ավելի աշխատելուց հետո ես ցանկացա տեղափոխվել մասնավոր ոլորտ»:
Դեսպանը հիշեցնում է, որ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցման տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնաց Վաշինգտոնի եւ Մոսկվայի սերտ համագործակցության ոլորտ.
«Իմ նախկին ռուս գործընկեր, համանախագահ դեսպան Պոպովին ես համարում եմ ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր»:
Չնայած բոլոր դժվարությունների, Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել.
«Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը եւ եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»: