«Լուսավոր Սահմանի» շնորհիվ 7 ընտանիքների տներ LED լամպերով են լուսավորվել
«Լուսավոր Սահմանը» կամավորական նախաձեռնություն է, որի մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի և Արցախի սահմանամերձ 7 գյուղի ընտանիքների տներ LED լամպերով են լուսավորվել:
Նախաձեռնության նպատակն է՝ սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը` փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները, և բնակիչներին սովորեցնել խնայողության խելացի միջոցներ:
«Լուսավոր Սահման» նախագծի իրականացրած աշխատանքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր Սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ, «Լուսավոր Սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանը:
«Առաջին նպատակը, որ ունենք, Հայաստանում սահմանամերձ 36 համայնքների և Ղարաբաղի բոլոր համայնքների լեդիֆիկացումն է: Ամեն երկու շաբաթը մեկ նախատեսվում է մեկ գյուղի լեդիֆիկացում: Արդյունքում՝ ունենում ենք միջինը 30-40% խնայողություն ամեն ընտանիքում: Այսինքն` 3000-4000 դրամ ամեն ամիս խնայողություն է լինում»,- նշեց Հայկ Հարությունյանը:
«Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր Սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը նախաձեռնության կատարած աշխատանքը ներկայացրեց թվային տվյալներով.
«2015 թվականին Հայաստան ներմուծվել է ընդամենը 75.000 լամպ, իսկ 2016թ. այս թիվը հասել է 1.600.000-ի, այս ծրագրի շրջանակներում մենք արդեն գնել ենք 8.000-ը:
Ընդհանուր առմամբ` 20 անգամ աճ կա այս ոլորտում: Երբ մեր մասնագետները փորձում են հաշվարկել դրա հետևանքն էներգետիկ համակարգի վրա, տեսնում ենք, որ դրա ազդեցությունը կարող է լինել տարեկան 90-ից մինչև 100 մլն կիլովատտ ժամ: 2016թ.-ի սպառման կառուցվածքում ունենք խնայողություն բնակչության ոլորտում, ոռոգման համակարգում, պետական շենքերում:
Սահմանամերձ գյուղերում կառավարությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի և գազի ծախսը 50 %–ով, և այս ծրագրով մենք ոչ միայն խնայում ենք գյուղերի բնակիչների միջոցները, այլ նաև կառավարության միջոցները: Բայց կառավարության հետ պայմանավորվածություն կա, որ խնայված միջոցները ևս տրամադրվելու են այլ գյուղական համայնքների լեդիֆիկացմանը»:
Խոսելով նախաձեռնության կարևորության մասին` Հովհաննես Կարապետյանն ասաց.
«Միայն դրական արդյունքներ ենք տեսնում, հետևաբար՝ շարունակելու ենք աշխատել: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար կարևոր է, որ ուշադրության կենտրոնում լինեն, որ զգան` մենակ չեն: Ծրագրի կարևորությունը մեծ է ոչ միայն՝ լամպերի, այլև՝ հենց հոգեբանական առումով: Միայն Երևանը չի կարևոր, Երևանից դուրս էլ` սահմանամերձ շրջաններում, շատ մարդիկ կան, որոնք ամեն օր մեզ պաշտպանում են»:
Ծրագրի կազմակերպիչների խոսքով` կարևոր է նաև լամպերի որակը, հետևաբար՝ մշակել են որոշակի որակային չափանիշեր՝ համոզելու համար, որ գյուղացիները ստանում են որակյալ ապրանք: Նվիրաբերված լամպերն ունեն 3 տարվա երաշխիք:
«Մատակարարների հետ պայմանավորվածությունն այնպիսին է, որ, եթե լուսադիոդային որևէ լամպ փչանում է գյուղում, մատակարարը պարտավոր է տրամադրել այդ լուսադիոդային լամպը հենց գյուղում, այսինքն` այդ մարդը պարտավոր չի այդ լամպի համար Երևան հասնել: Բացի դրանից, լուսադիոդային լամպերը` որպես նորագույն տեխնոլոգիայի մի փոքր օրինակ, նաև հավատ են ներշնչում ժողովրդին, կամավորներին, որ նույնպես անցում կատարեն այլ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը: Էֆեկտը ոչ միայն սահմանամերձ գյուղերում է, այլ նաև Երևանում և դրան հարակից շրջաններում»,- ասաց Հայկ Շեկյանը: