«Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը կամ կարմիր լույս է ստացել Մոսկվայից»
Հարցազրույց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանի հետ
– Օրերս ադրբեջանական կողմը կրկին հարձակողական գործողությունների դիմեց ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններով, կտրուկ սրելով իրավիճակը հակամարտության գոտում։ Հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս դինամիկան, տարածաշրջանային զարգացումները, բանակցային գործընթացի փակուղայնությունը, Ադրբեջանի ներքին խնդիրները՝ որքանո՞վ է իրատեսական լայնամասշտաբ պատերազմը հակամարտության գոտում։
– Լայնածավալ պատերազմի վտանգն առկա է միշտ, քանի որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հակամարտության գոտում տիրող դինամիկան բավականին լուրջ փոփոխություններ է կրել վերջին 2-3 տարիների ընթացքում։ Այսինքն՝ նոր հանգրվանում ենք հայտնվել 2016թ. քառօրյա պատերազմից հետո։ Ինքնաբերաբար հայերը նոր պատերազմին շատ ավելի պատրաստ կլինեն, քան մեկ տարի առաջ, քանի որ ներկայումս ևս պատրաստվում են լայնածավալ պատերազմին, որովհետև բանակցությունները, ինչպես նշեցիք, փակուղում են, որովհետև ԵԱՀԿ-ի որոշումները չեն կարող պարտադրվել հակամարտող կողմերին, ինչը Հայաստանը շատ լավ է հասկանում։
Աշխարհում միայն մեկ ուժ կա, որն ընդունում է պարտադիր կատարման ենթակա որոշումներ, դա ՄԱԿ-ի ԱԽ-ն է, բայց Մինսկի խումբը չի կարող պարտադրել որոշումներ հակամարտող կողմերին։ Մինսկի խումբն այսօր այլ բան չի կարող անել, քան քաջալերել, առաջարկել, հորդորել, օգնել լուծել հակամարտությունը, բայց պարտադրել չի կարող։ Ըստ երևույթին, քանի դեռ Մինսկի խումբը չի դատապարտում հարձակվող կողմին, իրավիճակն այսպես կշարունակվի երկար։
Ինչո՞ւ Մինսկի խումբը չի կարող նման որոշում կայացնել, արմատական քայլ ձեռնարկել, որովհետև, եթե դատապարտի Ադրբեջանին, Ադրբեջանը դա կներկայացնի՝ որպես քայլ Մինսկի խմբի լիազորություններից դուրս, ինչը կարող է օգտագործել հենց Մինսկի խմբի դեմ՝ քանդելով այդ ձևաչափը։ Նման վտանգ կա։ Ես չեմ կարծում, որ կքանդվի, բայց ադրբեջանական կողմն աշխատում է այս ուղղությամբ։
Այս պահին համանախագահները չեն աջակցում Ադրբեջանին, խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի մասին է։ Ադրբեջանցիները զգում են, որ փակուղում են ոչ միայն բանակցությունները, այլև իրենց իրավիճակը։ Նույնիսկ, եթե ներքին խնդիրներ կան, տնտեսական, ներքին, արտաքին քաղաքական, ադրբեջանցիները ստիպված են անել այն, ինչ անում են, քանի որ այլ ելք չունեն։ Այսինքն՝ ադրբեջանցիները 1991-1992թթ. մինչ այսօր նույն բանն են ասում. «ոչ մի զիջում հայերին»։ Հնարավոր է՝ ավելի մեծ պարտության մատնվեն, կրկին նույնկերպ կշարունակեն իրենց պահանջատիրությունը։ Հայկական դիվանագիտությունը շատ լավ է սա հասկանում, բայց թե ինչպե՞ս պետք է շարժվի առաջ, սա է խնդիրը։
– ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող պարտադրել լուծումներ հակամարտող կողմերին, Արևմուտքը, այն երկրները, որոնք միջնորդական ջանքեր են գործադրում կամ հետաքրրքված են տարածաշրջանի կայունությամբ, ի՞նչ քայլերով կարող են ազդել իրավիճակի վրա, որքանո՞վ են հետաքրքրված, որպեսզի հակամարտությունը չտեղափոխվի լայնածավալ բախումների փուլ։
– Ադրբեջանցիներն ուշի ուշով հետևում են, թե որտեղ են միջազգային հանրության թուլությունները, փորձում են դրանցից նաև օգտվել։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան միակամորեն, հասցեականորեն հորդորեն վերջ տալ այս ամենին, ադրբեջանցիները չեն կարողանա շարունակել։ Կարծում եմ, որ այդ հանգրվանին ենք հասել, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանն այլևս պատրաստ չեն օգնել Ադրբեջանին, որովհետև Ռուսաստանին ևս ձեռնտու չէ պատերազմը Ղարաբաղում, պատերազմ պետք չէ նաև Արևմուտքին, Իրանին և Թուրքիային։
Այսինքն՝ բոլոր մասնակիցները ցանկանում են քաջալերել, ստիպել անուղղակիորեն, որ բացվեն բանակցությունները, այլ ճանապարհ չկա։ Ադրբեջանցիները որքան էլ շարունակեն դիվերսիոն գործողությունները կամ պատերազմական մարտավարությունը, ըստ երևույթին, ռուսները և արևմտյան միջնորդները «ձանձրանում» են։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կասեն, որ կամ պետք է նստել, բանակցել, կամ հետագա հետևանքների պատասխանատվությունն ադրբեջանցիների ուսերին է։
Ադրբեջանցիները կարծում էին, որ հայկական կողմը գտնվում է այն նույն իրավիճակում, ինչ 1-2-3 տարի առաջ։ Սակայն ռուսական կողմի վերջին բոլոր հայտարարություններից պարզ դարձավ, որ Հայաստանի տկարացումը չի ծառայում իրենց շահերին, փոքր-ինչ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ ոչ միայն «Իսկանդերը» փոխադրելով, զենք մատակարարելով Հայաստանին, այլև փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքն ավելի լայն կոնտեքստով։
– Այսինքն՝ Ռուսաստանը կգործի ի օգուտ Հայաստանի՞։ Ինչի՞ արդյունքում փոխվեց՝ ըստ Ձեզ։
– Ռուսաստանն ակնարկեց, որ Հայաստանի տկարացումն իրավիճակը մղում է դեպի քառօրյա պատերազմ, ինչը չի ծառայում իրենց շահերին, որովհետև նրանց պետք չէ նոր պատերազմ։ Նրանց ճիշտ հակառակն է անհրաժեշտ։ Նրանց պետք է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ իրենք խաղաղության կողմնակիցն են, կողմերին մղում են խաղաղության, տարածաշրջանը կայունացնում են, այսինքն՝ ներկայանում են՝ որպես կայունացնող գործոն։ Այսպիսի քաղաքականություն է վարում Ռուսաստանը նաև այն պատճառով, որ չի ցանկանում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նոր խաղացողների մուտք, մասնավորապես խոսքը Թուրքիայի մասին է։
– Օրերս ՀՀ Պաշտանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարելի է ասել՝ զգուշացրել էր ադրբեջանական կողմին, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համալիրները։ Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ զսպող գործոն կդառնա Ադրբեջանի համար, և որքանո՞վ է Հայաստանն իսկապես ազատ՝ կիրառել այդ համալիրներն Ադրբեջանի դեմ՝ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։
– Այստեղ կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա։
Հայերը տեսան, որ ինչ-որ առումով Ռուսաստանը չի շարունակելու թուլացնել Հայաստանին, և հայերը, բարեբախտաբար, օգտագործում են այդ հանգամանքը։
Հայերը, մեր տղաներն անցյալ տարի ցույց տվեցին, որ շատ զորավոր, շատ պինդ դիմադրություն կարող են ցույց տալ, և ռուսները ստիպված են այդ գործոնը հաշվի առնել։ Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ իրենք միշտ հարգում են ուժը, հզոր խոսքը, հզոր ուժերին։
Ներկայումս Ռուսաստանի համար կարևոր է նաև ՀԱՊԿ-ի հեղինակությունը, քանի որ այլ կազմակերպությունները, որոնք ստեղծեցին անկախությունից ի վեր՝ ԱՊՀ-ից մինչև Եվրասիական տնտեսական միություն, չեն աշխատում, չեն քայլում, կոտրված կազմակերպություններ են, ուստի ռուսները ստիպված են այս կազմակերպությանը կարևորություն տալ, որպեսզի գոնե միջազգային համայնքը տեսնի, որ ինչ-որ առումով այս կազմակերպությունն աշխատում է և ուժ ունի։ Ուստի փորձելու է իր քաղաքականությունը կենտրոնացնել այս ուղղությամբ։ Հայաստանը, Սփյուռքը պետք է հույսը դնի հայ զինվորի վրա, քանի որ ՀՀ անվտանգության երաշխավորներն այդ 18 տարեկան տղաներն են՝ կանգնած սահմանին և շփման գծում։