Բաժիններ՝

Դատապարտյալը տուգանքի փոխարեն կկարողանա հանրային աշխատանք կատարել

Կառավարությունը փոփոխություններ է մշակել ՀՀ քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում, մասնավորապես՝ առաջարկվում է հստակ տարբերակում մտցնել դատապարտյալի կողմից տուգանքի վճարման «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց, որ դատապարտյալը կարող է միջնորդություն ներկայացնել և իր հանդեպ սահմանված տուգանքը փոխարինել հանրային աշխատանքով:

Նախագծում ամրագրվել է, որ տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել տարածքային մարմին, խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է հակակշիռ այնպիսի մեխանիզմ, համաձայն որի՝ դատական նիստի ընթացքում դատարանը տուգանքի վճարման անհնարինությունը և տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքները պարզում է՝ հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը: Այս կարգավորումն ուղղված է նաև դատապարտյալի լսված լինելու իրավունքի իրացմանը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ չի կարելի դատապարտյալի վրա թողնել ապացուցողական ողջ բազան, քանի որ դա լրացուցիչ ֆինանսական հոգս է, պետք է փաստաբան վարձի, և այլն:

«Ինչի՞ ենք էս դիմողի վրա դնում ապացուցողական բեռը, թող մի մասը պրոբացիայի ծառայությունն անի»,- ասաց Ջհանգիրյանը:

Ս.Քրմոյանը նշեց, որ ծառայությունը փաթեթ է պատրաստում միջնորդության համար, մնացածը թողնում են դատարանի վրա, և, եթե ապացույցները դատապարտված անձի օգտին չլինեն, տուգանքն անմիջապես կփոխարինվի հանրային աշխատանքներով, բայց ավելի ծանր պայմաններով:

«Եվրոպական երկրներում, եթե տուգանքը չեն վճարում, կալանքով է փոխվում»,- ասաց Քրմոյանը` հավելելով, որ ապացուցման բեռը հավասար են բաշխել, նաև պրոբացիայի վրա:

«Կոռուպցիայի տեսանկյունից ավելի ճիշտ է, որ դատապարտյալն ինքն ապացուցի»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նախագիծը միաձայն դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ օրակարգ` 24-ժամյա ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս