Քարինջ գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացեցին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա։
«ԱրՄաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:
Ծրագրի ուսուցումը մեկնարկել է 2016թ. հունիսին, երբ անհրաժեշտ տեխնոլոգիաների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքներին հաջորդել են խմբակավարի վերապատրաստումն ու դասընթացների սկիզբը։ ԻՏՁՄ մասնագետները շարունակում են ընթացիկ խորհրդատվություն տրամադրել խմբակավարին։
Քարինջի խմբակում ընդգրկված է 11-14 տարեկան թվով 13 երեխա, ովքեր հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են «Աղուես», «Կրիայ»/Kturtle ծրագրերը, որից հետո կսկեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ տպիչով և շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ պատրաստել։
«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝ ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։
Լաբում աշակերտներն աշխատում են հայիֆիկացված «Աղուէս» և «Կրիայ» ծրագրավորման կրթական ծրագրերով, որոնք նպաստում են աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը և ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը հետագայում։ Երեխաները ստեղծում են սեփական նախագծերը, կատարում թիմային աշխատանք, կիրառում են հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։
Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաև 3D տպիչ սարք և CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։ Երկչափ բաղադրամասերի պատրաստման համար օգտագործվում է շաղափային հաստոցը: Աշակերտները, իրենց հերթին, կարող են 3D տպիչներով և CNC շաղափային հաստոցներով պատրաստել իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալներն ու առարկաները։
Ինժեներական լաբորատորիայի համար նախատեսված սարքերն արտադրված են Հայաստանում։ Լաբորատորիայում օգտագործվում են մինի համակարգիչներ՝ «Լինուքս» օպերացիոն համակարգով և «Աղուէս» ու «Կրիայ» ծրագրավորման միջավայրերով:
«Մենք կարևորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաև համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար և մրցունակ գաղափարներով»,- ընդգծեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։
Բացման պաշտոնական արարողությունից հետո լաբորատորիա հաճախող աշակերտներին մրցութային առաջադրանք տրվեց՝ ցուցադրելու յուրացրած գիտելիքները։ Ի դեպ, արդեն 2016թ. սեպտեմբերին խմբակի 3 մասնակիցներ՝ Տիգրան Մխիթարյան, Աննա Եղինյան, Զինա Սարգսյան, հասցրել են մասնակցել Երևանում կայացած «Դիջիթեք Էքսպո-2016» ցուցահանդեսին։
Սիրարփի Աղաբաբյան