«Սա լուրջ դեսանտ է». Դենիս Դվորնիկով
Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովն այս օրերին գտնվում է Արցախում, հետևում սահմանադրական հանրաքվեի գործընթացներին։ Դիտորդական առաքելության և ադրբեջանական ագրեսիայի հնարավոր սրացման շուրջ զրուցել ենք Դենիս Դվորնիկովի հետ։
– Պարոն Դվորնիկով, Ձեր կարծիքով՝ Արցախում ինչպե՞ս է անցել հանրաքվեն, և ինչպե՞ս նոր Սահմանադրությունը կազդի երկրում ժողովրդավարական զարգացումների վրա։
– Հանրաքվեն իսկապես անցել է բարձր մակարդակով։ Պետք է ընդունել, որ Արցախում կամարտահայտության թափանցիկության և հուսալիության մակարդակը բարձր է ոչ միայն՝ արևելյան հարևանների համեմատությամբ, այլև՝ «արևմտյան», այսինքն՝ Հայաստանի։ Հանրաքվեի անցկացման փաստն ինքնին և Մայր օրենքի նորացված տեքստի ընդունումը վկայում է, որ Արցախի Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, որ այն իրոք ամրապնդում է պետության իրավական համակարգը։ Պարզ ասած՝ ուղղում և բարելավում են միայն այն, ինչն օգտագործում են։ ԽՍՀՄ-ում իրավական տեխնիկայի տեսանկյունից հրաշալի, անսասան Սահմանադրություն է եղել, բայց այն հաճախ ընդամենը մի հռչակագիր էր։
– Հանրաքվեի գործընթացին հետևում էին միջազգային դիտորդներ, այդ թվում՝ եվրոպական երկրներից, որոնք կարծիք են հայտնել, որ հանրաքվեն համապատասխանում էր եվրոպական չափանիշերին։ Դա ինչպե՞ս կազդի Արցախի իմիջի վրա և գործնականում ի՞նչ կտա չճանաչված պետությանը։
– Յուրաքանչյուր ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվե, որ անցկացվում է Արցախում, դա մանիֆեստ է։ Հենց դա է բացատրում և՛ բարձր մասնակցությունը (ավելի քան 76%), և՛ աջակցությունը նոր Սահմանադրությանը (ավելի քան 87%): Կարելի է չճանաչել հանրաքվեի արդյունքները, բայց անհնար է չճանաչել այն մարդկանց, ովքեր եկել են ընտրատեղամասեր: Արցախի իմիջը հաստատապես ամրապնդվում է: Հանրապետություն են եկել ավելի քան 100 դիտորդներ՝ 30 երկրներից: Սա լուրջ դեսանտ է:
– Արցախը շարունակում է ապրել ամենօրյա հրաձգության պայմաններում։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ադրբեջանական կողմն առաջիկա ամիսների ընթացքում կարող է ևս մեկ ռազմական հարձակում նախաձեռնել, ամենայն հավանականությամբ, դա կլինի ապրիլին: Դուք հավանական համարո՞ւմ եք դա:
– Ամեն ինչ կախված է Ադրբեջանի ներքին իրավիճակից։ Արդեն վաղուց հայտնի է, որ, այսպես կոչված, «Ղարաբաղյան խնդիրն» ադրբեջանցիներին տնտեսական և սոցիալական խնդիրներից շեղելու միջոց է: Նավթային կերակրատաշտը տապալվում է, իսկ միջկլանային պայքարը՝ աճում։ Այս ամենը, իհարկե, մտահոգություններ է առաջացնում: Բայց իրավիճակն ակնհայտ է նաև Մինսկի խմբի համանախագահների և միջնորդների համար: Ես կարծում եմ, որ նրանք Ադրբեջանի իշխանությունների համար ճիշտ խոսքեր կգտնեն, որպեսզի զերծ պահեն ճակատագրական սխալներից։
– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նոր էսկալացիա սկսի՝ Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին խանգարելու նպատակով:
– Բաքվում ուշադիր հետևում են գործընթացներին և շատ հուսով են, որ նախընտրական դաշինքների առաջնորդների հակամարտությունը և քաղաքական կրքերի ընդհանուր թեժացումը կրկին կպառակտի հայ հասարակությունը: Քաղաքացիական հակամարտությունը կարող է էսկալացիայի սրման ազդանշան դառնալ: Այդ պատճառով շատ եմ ցանկանում հուսալ, որ առաջիկա ընտրություններն արժանի կերպով կանցկացվեն։ Որ յուրաքանչյուր թեկնածու կմտածի այն մասին, որ ինքն առաջին հերթին՝ իր երկրի քաղաքացի է, և դրանից հետո միայն՝ քաղաքական գործիչ: Եթե հասարակությունը շարունակի համախմբված մնալ, ապա ոչ ոք չի համարձակվի հարձակվել: Ապրիլյան դասը բավականին զգայուն էր: