Դեռահաս. Ձևավորվող անհա՞տ, թե՞ ծնողին ընդդիմացող կոնֆլիկտային անձ
Ծնող-դեռահաս փոխհարաբերությունները կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին։ Բազմաթիվ ընտանիքներում դեռահասի հանդեպ վերաբերմունքը, պահանջները դեպի նա, խիստ տարբերվում են միմյանցից։ Այն համապատասխանում է ծնողների արժեքային համակարգին, նրանց` կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներին։
Մի ընտանիքում դեռահասը դիտվում է` որպես հասուն անձ, ով իրավունք ունի կառավարել իր կյանքը, սակայն չունի այն իրականացնելու հստակ գործիքներ, մյուս ընտանիքում դեռահասն այդպես էլ տասնյակ տարիներ մնում է «դեռահաս», ում փոխարեն ընդունում են որոշումներ, չնայած նրան, որ ինքը հստակ ունենալով կյանքում գործելու հիմնական գործիքներ` չունի դրանք օգտագործելու տարածք։ Այս ամենը, սակայն, ունի հոգեբանական բնութագրական կողմ, որը պակաս կարևոր չէ` բացահայտելու համար նման փոխհարաբերությունների արդյունավետության և դեստրուկտիվության դրդապատճառները։
Դեռահասության տարիքը` որպես այդպիսին, համարվում է ճգնաժամային, և նրա դրսևորումները` վարքային, հուզական, վերբալ, առաջինը նկատում է ծնողը։ Ծնողների սուբյեկտիվության գործոնը շատ դեպքերում խթան է հանդիսանում կոնֆլիկտների և փոխհասկացվածության բացակայության։ Մինչդեռ այդ դրսևորումները հանդիսանում են ինքնարտահայտման ուրույն մոդել` նմանվելով չմշակված քարի, որն ունի հստակ արդյունավետություն, սակայն իր տեսանելի բովանդակությամբ անընդունելի է։ Նման դեպքերն առավել են խոցում դեռահասին, քանի որ առաջին գնահատականը հասուն քայլերի նկատմամբ տալիս է ծնողը։
Հենց նման հարաբերություններում է, որ արտահայտվում է առաջին հանդուրժողականության և էմպատիայի դրսևորումը։ Որքան ընտանեկան փոխհարաբերությունները կայուն և գիտակցական մակարդակում կառուցվեն, այնքան անհատն ավելի քիչ կնկատի իր ճգնաժամային դրսևորումները, և կենսական բովանդակության, տարիքային հետաքրքրությունների բազան ավելի մեծ կլինի։
Մեր իրականությունը, ինչպես և յուրաքանչյուր երկրի իրականություն, զարգացում է ապրում` իրեն ներկայացված պահանջներին համապատասխան։ Եվ նման փոփոխական սոցիալ-հասարակական միջավայրը բազմաթիվ, սակայն անհիմն ընտրողականություն է առաջարկում դեռահասին։ Ընտրելը հեշտ է, սակայն պատասխանատվությունը` այդ ընտրության և նրա հետևանքների հետ կապված, շատ ավելի խորհելիք է, քանի որ այդ ընտրողականությունը բաց է ոչ միայն դեռահասի, այլև ամբողջ հասարակության համար, իսկ արդյունքը` ամուսնալուծությունների կտրուկ աճ, չմտածված քայլերի հատուցում` ինքնասպանությամբ, կյանքում ինքն իր առաքելությունը փնտրող 30-ամյա «դեռահաս», որն այդպես էլ չի հասունացել։
Եվ սա այն ամենաթույլատրելիության սինդրոմն է, որով վարակված է մեր հասարակությունը։ Իսկ վարակը բերում է կոնֆլիկտի, կոնֆլիկտ` հանուն այն գաղափարի, որը մակաբույծի նման մտնում է հասարակության գիտակցության մեջ և գոյատևման պայքար մղում։ Դեռահասը փորձում է բացատրել ծնողին, որ ներկա ժամանակները փոխվել են, իր ընկերներն այլ կերպ են ապրում, ինչը հիմա առավել արդիական է, և պայքարում է այդ անտեսանելի հիմքերով պարուրված արդիականության համար։
Շատ հաճախ ծնողն իր անզորությունը հասկանալով` միակողմանի հակագրոհ է կատարում` բացառելով սեփական երեխայի ինքնարտահայտումը, և իր ծնողական դիրքորոշումը կնիքում է որպես միակ ճշմարտություն` ստեղծելով մի մեծ անդունդ իր և երեխայի միջև։ Երկխոսությունն ուղղակի անհրաժեշտություն է. Յուրաքանչյուր վեճ բերում է էվոլյուցիայի, յուրաքանչյուր էվոլյուցիա` արդյունքների տեսողական գնահատման։ Երեխան խոսքով կարող է սահմանը հատել, սակայն սահմանի ռիսկը գնահատելով` ծնողն արգելափակում է այն մեծ պայթյունը, որը կարող է իրականացվել, եթե նա մինչև վերջ թույլ չտա արտահայտվել երեխային։
Իրականում դեռահասներն ինքնարտահայտման կարիք ունեն, ինչպես ցանկացած անձ, որը մի հասունացման փուլից անցում է կատարում մյուսին։ Նա ունի վարքային մոդելների ընդօրինակման պահանջ։ Քննադատելու փոխարեն` յուրաքանչյուրն իր պարտքը պետք է համարի, եթե նույնիսկ` ոչ խոսքով, ապա` գոնե իր ապրելակերպով, իր արժեքներով` սեփական դեռահասի համար այդքան պահանջված մոդելը հանդիսանալ։ Սա այն տարիքն է, երբ խրատական քարոզներն այնքան չեն ընդունվում, որքան իրական տեսանելի, ցուցադրված ճշմարիտ քայլերը։
Հիշեք, լսելը գիտակցական և ճշմարիտ որոշման հիմքն է, իսկ ծնողը երեխայի աչքերում ճշմարտության էտալոն է։ Փորձեք պահպանել ձեր «ճշմարիտ« ծնողի կարգավիճակը և այդ կտրուկ անվան ներքո եղեք անսահման հանդուրժող և համբերատար։
հոգեբան