Բաժիններ՝

«Մասնագիտությունն «ուհի» ածանցի կարիքը չունի. վարպետին պետք է դատել միայն իր արած գործով». Մառամ Ավա

Լուսանկարիչ Մառամ Ավան ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Մասնագիտությամբ դիզայներ է, մասնագիտացմամբ՝ միջավայրի դիզայներ (ինտերիեր, էքստերիեր): Բայց իրեն ավելի հոգեհարազատ են արդյունաբերական և գրաֆիկ դիզայնը:

Մառամի համար տեսախցիկը մտերիմ ընկեր է: Նրանց երկուսի համագործակցության արդյունքում ծնվում են ինքնատիպ պատկերներ, հիմնականում՝ դիմանկարներ: Մառամը սիրում է լուսանկարել ինչպես՝ հայտնի մարդկանց, այնպես էլ՝ իր ընկերներին. «Կարևորը՝ հետաքրքիր անձնավորություններ լինեն»:

Մառամին հետաքրքրում են նաև կենդանիները: Ամենաշատը կատուներին է սիրում: Կարծում է, որ նրանց հետ աշխատելիս պետք է ավելի ուշադիր, համբերատար ու արագ լինել՝ անկանխատեսելի շարժումները և հայացքները որսալու համար: 

Մառամը գունային ընտրության հարցում իրեն չի սահմանափակում. սիրում է և՛ ամենավառ գույների ջերմությունը, և՛ սև ու սպիտակի զսպվածությունը:

2014 թվականին տեղի է ունեցել Մառամ Ավայի անհատական ցուցահանդեսը: Այժմ նրա աշխատանքներին կարող եք ծանոթանալ լուսանկարչի աշխատանքների պաշտոնական կայքում և MaraM AvA photography ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրում:

Ձեզ ենք ներկայացնում Մառամ Ավա լուսանկարչի հետ մեր զրույցը

– Մառամ, կպատմե՞ս, թե ե՞րբ ու ինչպե՞ս ես սկսել լուսանկարել:

– 2008-2009 թվականներին, երբ հաճախում էի «Արևորդի» էկո-ակումբ, մասնակցում էի տարբեր դասընթացների, որոնցից մեկը լուսանկարչությունն էր: Այդ ժամանակ դեռ միտք չունեի լուսանկարչությամբ զբաղվելու, սակայն դաս առ դաս աճում էր իմ հետաքրքրությունն ու սերը դեպի այն: Բացի այդ, քանի որ առանձնանալու իմ փոքրիկ արվեստանոցի հնարավորություն չունեի՝ նկարչությամբ զբաղվելու համար, ինչը սիրում էի ու սիրում եմ անսահման, ուստի ֆոտոխցիկը հնարավորություն տվեց ինչ-որ առումով փոխհատուցել ստեղծագործելու ցանկությունս հասանելի հնարավորություններով:

– Ինչպե՞ս են դիզայներ Մառամն ու լուսանկարիչ Մառամը համագործակցում:

– Ընդհանրապես նկարչությունը, լուսանկարչությունը և դիզայնը շատ կապված են և օգնում են միմյանց: Օրինակ, երբ սկսեցի ուսումնասիրել լուսանկարչությունը, կարելի է ասել՝ մի քայլով առաջ էի, քանի որ մանկուց նկարել եմ. միջնակարգ կրթությանս զուգահեռ՝ ավարտել եմ արվեստի դպրոցի նկարչության, դիզայնի բաժինները: Իմ մեջ կար արդեն լույսի ու ստվերի, կոմպոզիցիայի, գույների ճիշտ զգացումն ու ընկալումը: Հիմքը նույնն է՝ այն, ինչ պետք է թե՛ դիզայներ, թե՛ նկարիչ և թե՛ լուսանկարիչ լինելու համար:

– Մառամ, հարցազրույցներից մեկում աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդն ասել էր, որ չի սիրում, երբ իրեն ասում են՝ կին ճարտարապետ, և, որ կարևորն այն չէ, որ նա կին է, այլ այն, որ ճարտարապետ է: Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ:

– Լիովին հասկանում եմ իրեն: Ես էլ ավելի շատ սիրում եմ, երբ ասում են՝ լուսանկարիչ, քան լուսանկարչուհի, կամ նկարիչ, քան նկարչուհի: Մասնագիտությունն «ուհի» ածանցի կարիքը չունի, վարպետին պետք է դատել միայն իր արած գործով:

– Այսինքն՝ տեսախցիկի միջով նայող հայացքը սեռ չունի՞, արվեստ ստեղծելիս այն «վերանո՞ւմ» է:

– Ոչ, կինը կնոջ հայացքով կարող է ստեղծել, տղամարդը՝ տղամարդու, և կարող է ստեղծվել նաև այնպիսի գործ, որ ոչ մեկի հայացքն էլ չնկատվի, բայց երեք դեպքերում էլ լինեն ուժեղ գործեր: Դա նաև կախված է արվեստագետի բնավորությունից, նույնիսկ կասեի՝ տրամադրությունից: Մի օր կարող է կինն իրեն ավելի նուրբ ու գեղեցիկ զգա, ու իր մատիտի շտրիխներն իր շնչի հետ համընթաց ավելի նուրբ ու մեղմ լինեն, և հակառակ դեպք, երբ լարված լինի ու բողոք ունենա՝ իր գծերն էլ կդառնան ավելի չոր ու կտրուկ:

– Քո լուսանկարների պաշտոնական ֆեյսբուքյան էջի cover լուսանկարում բոլորը կանայք են, կանանց դիմանկարներ: Դա հատուկ նշանակություն ունի՞:

– Ոչ: Պարզապես «No Makeup» մրցույթ էի անցկացրել իմ էջում, նկարն այդ նպատակով էի պատրաստել: Հետո դուրս եկավ այդ նկարների դասավորությունը ու որոշեցի որպես cover օգտագործել: 

– Շատ կանայք կան, ովքեր մտածում են, որ իրենք ֆոտոգենիկ չեն: Կա՞ն իսկապես ոչ ֆոտոգենիկ մարդիկ, և ի՞նչ է պետք այդ ժամանակ անել:

– Իմ կարծիքով՝ ֆոտոգենիկություն ասվածը չկա: Մարդ կադրում երևում է այնպես, ինչպես որ կա, ուղղակի կերպարին գումարվում է այն, թե արդյո՞ք նա իրեն ազատ ու հանգիստ է զգում նկարվելիս, թե՞ ոչ: Եվ, իհարկե, ահռելի մեծ է լուսանկարչի դերը, քանի որ նա պետք է հասկանա տվյալ մարդու առավելություններն ու թերությունները, և ըստ դրա, ու, թե ինչ խնդիր է դրված, կառուցի կադրն այնպես, որ և՛ պլանավորված տրամադրությունը փոխանցի, և՛ մոդելը գեղեցիկ լինի: 

– Ի ՞նչ ես անում, որ մարդիկ իրենց ազատ ու հանգիստ զգան լուսանկարվելիս:

– Կան տեսակները, բնավորությունները բացելու մեթոդներ: Օրինակ՝ ամենապարզ տարանջատումն այն է, որ կան նկարվել սիրող մարդիկ, ովքեր անկաշկանդ են ու նույնիսկ, այսպես ասած, «պոզաների» շաբլոններ ունեն իրենց համար մտապահված ու սպասում են՝ միայն օբյեկտիվն իրենց կողմ թեքվի, ու իրենք սկսեն խաղալ կադրի հետ: Կան նաև տեսախցիկից «վախեցող» մարդիկ, ում պետք է երկար համոզել ու նախապատրաստել նկարվելու համար: Իհարկե, այս երկու դեպքում ծայրահեղ տարբեր մեթոդներ են պահանջվում, որպեսզի կարողանաս ստանալ քո ուզած կադրը: Այնպես որ, դիմանկարային ժանրի լուսանկարիչ լինելու համար մի քիչ էլ հոգեբան պետք է դառնալ (ժպտում է.- Ա.Գ.):

– Իսկ ի՞նչ կասես մարմնի մերկ պատկերման մասին: Ըստ քեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կին լուսանկարիչներն ավելի քիչ են նկարում մերկ մարմիններ, բայց nude photography-ի կերպարների մեծամասնությունը կանայք են:

– Չէի ասի, որ այդպես է: Օրինակ, իմ դեպքում քիչ են մերկ լուսանկարները, որովհետև ստուդիա չունեմ: Ընդհանրապես Հայաստանում շատ դժվար է տեսախցիկի առաջ մերկանալու պատրաստ մոդել գտնելը: Հաստատ նկատած կլինես, որ եղած մերկ լուսանկարներում էլ կամ չի երևում դեմքը, կամ մազերով փակված է: Մարդկանց մտածելակերպից է գալիս, արվեստից հեռու լինելուց, և, իհարկե, լուսանկարչից, որ մերկությունը կարողանա ոչ վուլգար ձևով ներկայացնել:

– Կան «հայ աղջկան սազական չէ», «հայեցի չէ» և նմանատիպ պիտակավորող արտահայտություններ: Գուցե դա՞ է ստիպում կանանց քողարկվել մազերով և միայն անդեմ մարմինը ցուցադրել:

– Իհարկե, դա էլ է պատճառ և դա էլ է գալիս նրանից, որ պետք է տարանջատել արվեստային մերկությունը վուլգարությունից: Պետք է ճիշտ մատուցել, որ մարդկանց մոտ սխալ տպավորություն չլինի:

– Աղջիկներին փոքր հասակից «ներարկում» են, որ նրանք պետք է լինեն նուրբ, փխրուն, բայց քո դիմանկարներում կանայք ինքնատիպ ներքին ուժ ունեն, երբեմն՝ նույնիսկ միաձուլված բնության հետ:

– Կարելի է լինել ուժեղ՝ չկորցնելով նրբությունը: Դժվար բան է, բայց պետք է դրան ձգտել: Մոդելներ ընտրելիս կարևորում եմ յուրահատկությունը, թե արտաքին և թե ներքին, չնայած դրանք սովորաբար առանձին չեն լինում: Եթե մարդ ներքուստ ստանդարտ, արհեստական չէ, դա երևում է նրա արտաքինում: Երբեմն գեղեցիկի իմ ընկալումները թվում են անհասկանալի, բայց ուրախանում եմ, երբ ժամանակի ընթացքում դրանք ըմբռնվում են: Բնավորություն ունեցող արտաքին եմ սիրում, անհատականություն: Ստանդարտ գեղեցկությունն ինձ համար չէ:

Լինում են, չէ՞, մարդ-բնություն, մարդ-արվեստ, որ այնքան բնական ու անկեղծ են ամեն ինչում, ա՛յ իրենց եմ սիրում: Իսկ բնության հետ միաձուլված լինելու մասին կասեմ, որ մենք բնության մի մասնիկն ենք ու միայն նրա հետ միաձուլվելով՝ կարող ենք ներդաշնակ ու խաղաղ լինել:

– Էնի Լեյբովիցի մասին էի կարդում, ասում էր, որ միշտ սիրահարվում է իր բոլոր հերոսներին: Հասկանում եմ, որ դու էլ «քոնոնց» ես նույն կերպ վերաբերվում: Իսկ կարևո՞ր է, որ լուսանկարվողը սիրի իրեն լուսանկարողին:

– Այս հարցին մոդելներն ավելի ճիշտ կպատասխանեն (ժպտում է.- Ա.Գ.): Երբ լուսանկարչի ու մոդելի միջև փոխհասկացվածություն, հարգանք ու սեր է տիրում, իհարկե, ամեն ինչ ստացվում է: Բայց հակառակ դեպքում էլ՝ նայած իրավիճակ ու խնդիր: Կարող է հենց ջղայնություն ու ատելություն է պետք, ու ստիպված պետք է ջղայնացնես լուսանկարվողին, որ ուժեղ կադր ունենաս (ծիծաղում է.- Ա.Գ.): Ամեն դեպքում, կարևորը՝ մասնագիտությանդ սիրահարված լինես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս