Գերակտիվ կամ հիպերակտիվ երեխաներ

Երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։ Ըստ մանկական կենտրոններում, մանկապարտեզներում և դպրոցներում կատարված հարցումների և հետազոտությունների` այս երևույթը հանդիպում է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների 4-9%-ի մոտ։ Դա նշանակում է, որ միջին թվաքանակով դասարաններում` 25-27 աշակերտներից առնվազն 2-ը գերակտիվ երեխաներ են։

Հիպերակտիվության դրսևորումները

Այս երևույթին ծնողները կարող են հանդիպել երեխայի կյանքի առաջին օրերից սկսած։ Որպես կանոն, նման երեխաների քունը լինում է անհանգիստ, շատ են լաց լինում, արթուն ժամանակ գերակտիվ են, դյուրագրգիռ, զգայուն արտաքին ցանկացած ազդակի նկատմամբ (լույս, ձայն)։ Նախադպրոցական տարիքում (4-5տ.) չեն կարողանում կենտրոնանալ հստակ մեկ զբաղմունքի վրա, նրանց ուշադրությունը ցրված է։ Օրինակ. Հիպերակտիվ երեխաների համբերությունը չի բավականացնում, որպեսզի հեքիաթը մինչև վերջ լսեն կամ խաղան անաղմուկ խաղեր, որոնք պահանջում են կենտրոնացում ինչ-որ կառուցողական առաջադրանքի շուրջ։ Նրանք չեն կարող մեկ րոպեից ավելի լուռ մնալ, միշտ աղմկում են, գոռում, վազում, ակտիվ շարժվում։ Սակայն մտածել, որ այս շարժունակությունն օրգանիզմի էներգիայի ավելորդ կուտակումից է, սխալ է, քանի որ hիպերակտիվությունը դա լիցքաթափում է, ինչն անհրաժեշտ է գերակտիվ երեխաների առանձնահատուկ օրգանիզմին։

Հիմնական դժվարությունները

Իրավիճակն առավել բարդանում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Պարապմունքները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին։ Ունենալով բարձր մտավոր զարգացածություն` նրանք սովորում են «երեքներով», իսկ դասերը նրանց ձանձրալի են թվում։ Իր իմպուլսիվության պատճառով երեխան շատ հաճախ բազմաթիվ միջադեպերի մասնակից է լինում, վարվում է առանց մտածելու, ինչը բազմաթիվ փոխհարաբերությունների փլուզման առիթ է հանդիսանում թե՛ ուսուցիչների, թե՛ հասակակիցների հետ։

Առաջացման նախապայմաններ

Հիպերակտիվության ախտանիշը` ուշադրության խանգարմամբ, հենց այնպես չի դրսևորվում։ Դրա սերմերն ի հայտ են գալիս դեռ երեխայի ներարգանդային կյանքից, և, որպես կանոն, դրանց համար հիմք են հանդիսանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները։ Դա կարող է լինել ներարգանդային թթվածնաքաղցը, կամ ծննդաբերության ժամանակ արհեստական միջամտություններով` աքցանով, երեխային օգնել լույս աշխարհ գալը, հղիության ընթացքում ծխելը, կամ երկարաձգվող տրավմատիկ ծննդաբերությունը։ Առիթ կարող են հանդիսանալ նաև երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում թունավորումները և վարակային հիվանդությունները։ Հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև ժառանգական նախապայմաններ։

Երեխան ընտանիքում

Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ։ Ոմանք փորձում են պայքարել` օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը։ Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը` ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը։ Այլք, ընդհակառակը, կիրառում են ամենաթողության մեխանիզմը` առանց սահմանափակելու, հնարավորություն են տալիս երեխային անել ամեն ինչ, սպառել էներգիան ամեն կերպ։ Նման երեխաների հետ վարքային մինիմալիզացված ոսկե միջինին հասնելիս ծնողներն իրենք են խճճվում, քանի որ անհնար է հիպերակտիվ երեխայի հետ որոշակիություն գտնել։ Այդ իսկ պատճառով ծնողներն առաջնային պետք է գիտակցեն, որ իրենց փոքրիկը գերակտիվ է ոչ թե` ի հակառակ իրենց, այլ նրա պահվածքը չմտածված է։ Եվ իրենց սպառնալիքները, սաստումները, բղավոցները երեխային կարող են ավելի շատ վնասել, քան օգնել։

Անհրաժեշտ տեղեկացվածություն

  • Հիպերակտիվ երեխաների հետ շփման մեջ կարևոր դրույթ է խնդրի կամ հարցադրման հստակ արտահայտումը։ Եթե ցանկանում եք, որպեսզի երեխան կատարի ձեր խնդրանքը, ապա ձևակերպեք այն հնարավորինս հստակ և հակիրճ` օգտագործելով ամենաշատը տասը բառ։ Խորհուրդ չի տրվում երեխային տալ միանգամից մի քանի հարցադրում կամ հրահանգ. Օրինակ` «Գնա քո սենյակ, հավաքիր խաղալիքներդ, հետո լվա ձեռքերդ և արի ճաշելու»ե։ Երեխան դժվար թե կընկալի այդ ամենը միանգամից։ Նրա համար ավելի գերադասելի կլինի ուշադրությունը միանգամից տեղափոխել մեկ այլ գործողության վրա։ Անհրաժեշտ է աստիճանաբար տալ նույն հրահանգները, սպասելով մեկի ավարտին` անցնել մյուսին։
  • Յուրաքանչյուր գործողության կատարման հիմքում պետք է որոշակի ժամանակ դրված լինի` մաքսիմում 10-15 րոպե։ Ավարտը գերադասելի է ազդարարի զարթուցիչը կամ վայրկենաչափը։
  • Երեխային ինչ-որ բան արգելելուց առավել գերադասելի է, որպեսզի այն արտահայտվի ոչ թե «չի կարելի» արտահայտությամբ, այլ քննարկելով և բացատրելով։ Յուրաքանչյուր իրավիճակի մասին հանգիստ զրուցեք երեխայի հետ, առանց բարձր տոնայնության։
  • Խոսքային կարգադրումները փոխարինեք գրավոր կարգադրումներով։ Ունեցեք մեծ, գունավոր ժամանակացույց, որտեղ միասին կգրեք կանոններ և հստակ կատարման հրահանգներ։ Երեխայի հետ միասին որոշեք` երբ պետք է ճաշեք, գնաք զբոսանքի, կատարեք տնային աշխատանքները։ Դարձրեք ձեր հարաբերությունները փոխհամաձայնեցված և կանոնակարգված։

Եվ հիշեք, երեխան լինի հանգիստ թե գերակտիվ, նա երեխա է, և պետք չէ նրան ընկալել` որպես միտումնավոր վատ արարքներ կատարող փոքրիկ հրեշիկի։ Իրականում նրանք այն մաքուր բյուրեղն են, որը մեզ է փոխանցում մարդկային ամենանուրբ արժեքները։

հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս