Հայտնի բան է. Ծրագիր ունենք` աշխարհը չունի
Մեր կառավարությունն անընդհատ խոսում է ծրագրերի մասին: ՀՀ վարչապետն արդեն հինգ մարզ է այցելել, ուր կազմակերպված բոլոր քննարկումների ընթացքում տեղական իշխանություններին, գործարարներին ու մնացած բոլոր-բոլորին նույն բանն է ասում: Ասում է` «Ծրագրեր ներկայացրեք», ու խոստանում, որ համապատասխան որակի ու հեռանկար ունեցող ծրագրերն իրականացնելու համար կառավարությունը գումարներ կգտնի: Եվ ահա վերջապես պաշտոնական հայտարարություն եղավ մարզերի առաջարկած ծրագրերի մասին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տվյալներով` հինգ` Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերը ներկայացրել էին 44 ծրագիր: Քննարկումների արդյունքում դրանցից ընտրվել են 34-ը: ՏԿԶ նախարարությունը հրապարակել է դրական եզրակացություն ստացած ծրագրերի ցանկը: Դրանց ընդհանուր արժեքը 200 մլրդ դրամ է գնահատվում:
Հետաքրքիր է դիտարկելը, թե ինչ ոլորտներ են ընդգրկում 400 մլն դոլարը գերազանցող արժեք ունեցող ծրագրերը: Նախ՝ Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում իրականացվելու է` 5-ական, Շիրակում՝ և Գեղարքունիքում՝ 6-ական, իսկ Տավուշի մարզում՝ 12 ծրագիր: Դրանցից վեցն ուղղակի կամ անուղղակի վերաբերում են տուրիզմի ոլորտին: Ինքնատիպ ոչինչ չկա: Առաջարկվում է էկո թաղամաս ստեղծել Սաղմոսավան գյուղում, Տեղեր գյուղում՝ հանգստյան տուն, երկու հյուանոցային համալիրներ «մոդեռնացնել» Գյումիրում: Նման մի բան էլ անել Վայոց Ձորի Գոմք գյուղում:
Մարզերում իրականացվելիք ծրագրերի առյուծի բաժինը, բնականաբար, գյուղատնտեսության հետ է կապված: Տարբեր համայնքներում առաջարկվում է ստեղծել երեք չորանոց, երկու սպանդանոց, մեկ տնկարան, նոր տեխնոլոգիայի մեկ ջերմոց: Տավուշի մարզում իրականացվելու է «ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր»: (Սա բառացի մեջբերում է պաշտոնական հաղորդագրությունից): Կաթնամթերքի մթերման ու մշակման երեք ծրագիր է ընդունվել: Հինգ ծրագրով գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն է բացվելու կամ վերազինվելու: Հետաքրքիր է,որ հավանության է արժանացել ձեթի արտադրության երեք ծրագիր: Դրանցից երկուսը կտավատի ձեթ են արտադրելու:
Գյուղծրագրերի մեջ ինքնատիպ կարելի է համարել «Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման կոոպերատիվի հիմնումը և Ծովագյուղում «Հնդկացորենի և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիրը»: (Հավանաբար ծրագիրն առաջարկողներն ու հավանության արժանացնողները գիտեն, թե ինչի մասին է խոսքը):
Կա նաև էներգետիկայի ոլորտին վերաբերող ծրագիր: Ըստ ՏԿԶ նախարարության հրապարակած ցուցակի` նախատեսվում է «Արևային ջերմատան կառուցում» Վայոց Ձորում: Թե որ համայնքում՝ առայժմ չճշտված չէ: Այս ցուցակում ընդրկված է Շիրակի մարզը, որի կենտրոնը հանրապետության երկրորդ քաղաքն է և կարելի էր կարծել, որ Գյումրիում կարող էր ընտրված լինել որևէ արտադրություն կազմակերպելու ծրագիր: Կարծել, իհարկե, կարելի էր: Բայց նման ծրագիր չկա: Ընդհանրապես արտադրության ոլորտի (բացառությամբ գյուղմթերքի վերամշակումը) մասին ընդամենը մեկ ու շատ համեստ հիշատակում կա: Աշտարակ քաղաքում նախատեսվում է հիմնել «մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն»:
Ու վերջ: Եթե, իհարկե, հաշվի չառնենք Գյումրիում նախատեսվող չափազանց ինքնատիպ ու նույնաստիճան անհրաժեշտ մի ծրագիր: Պարզվում է՝ Գյումրիում կազմակերպվելու է «Խելացի տուն» համակարգի արտադրություն: Տան ու կացարանի ամենամեծ կարիքն ունեցող քաղաքում կարտադրեն համակարգեր, որ, ասենք, ձայնային ազդանշանով հնարավորություն կտա կառավարել մեր տուն-կացարանները: Վատ չէ: Նոր բառապաշարով ասած՝ «ամբիցիոզ էե, կամ էլ՝ ,կրեատիվ»: Հիմա կառավարամետ լավատեսները կարող են հպարտանալ, որ «Ծրագրեր ունենք` աշխարհը չունի»: Հոռետեսները կփորձեն հասկանալ, թե այդ պարզ ծրագրերն ինչու են այդքան թանկարժեք:
Ի վերջո, 400 մլն դոլարը մեր տնտեսության համար հսկայական թիվ է: Իրատեսները կփորձեն հաշվարկել, թե քանի աշխատատեղ կարող է ստեղծվել այդ 34 ծրագրերի իրականացման արդյունքում: Առանց տնտեսագիտական բարդ-բարդ հաշվարկների` կարելի է նկատել, որ գյուղական համայնքների պարագային այդ ծրագրերը դրական ու, որ ավելի կարևոր է, նկատելի հետևանք կունենան: Բայց նման պնդում չի կարելի անել Գյումրի ու Աշտարակ քաղաքների մասին: Այս դեպքում խոսքը երկու հյուրանոցի վերազինման ու երկու արտադրամասի ստեղծման մասին է:
Մյուս կողմից` ուրախալի է հետևյալ փաստը: Ծրագրերի ընտրության ժամանակ առանձնահատուկ ուշադրության է արժանացել Տավուշի մարզը: Մյուսների հինգ-վեց ծրագրերի փոխարեն` Տավուշում նախատեսվում է 12 ծրագիր իրագործել: Իսկ դա, առանց չափազանցության, կարելի է ճիշտ մոտեցում համարել: Անկախ այն բանից, որ մի քանի տարի շարունակ խոսում ենք համաշխարհային շուկան այծի պանիրով ու տեղական արտադրության թթվով հեղեղելու մասին: Խոսում ու ոչինչ չենք անում: Այս անգամ կառավարությունն ի դեմս ՏԿԶ նախարարության, հայտնում է, «որ կախված ծրագրերի ոլորտից և ներդրումների ծավալից՝ շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ»:
«Սպասել ու հուսալ» կոչով էր ավարտվում մեր պատանեկության ամենասիրելի վեպը, որի հեղինակն ամենևին ծանոթ չէր մեր իշխանությունների գործելաոճին: