Բաժիններ՝

«Ռուսաստանն աջակցում է Հարավային Օսիային՝ իր սահմանով բեռների տարանցման հարցում». Զախարովան՝ «հայկական միջանցքների» մասին

Ռուսաստանը իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ բեռների տարանցման հարցը այդ հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն դրա իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, միևնույն ժամանակ, այդ թեման քննարկելը դեռ վաղ է, քանի դեռ չի գործարկվել մոնիթորինգային մեխանիզմը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բեռների տարանցման հարցը հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն իր իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում։

«Հարավային Օսիայի նման դիրքորոշումը միանգամայն իրավաչափ է»,- դիվանագետի խոսքերը ներկայացված են ՌԴ ԱԳՆ կայքում։

Զախարովան հիշեցրել է, որ 2011թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը չի ստեղծում պարտավորություններ երրորդ կողմի համար։
«Մաքսային վարչակազմի ու մոնիթորինգի բոլոր նախատեսված միջոցառումները իրականացվում են բացառապես Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում։ Տարանցման երթուղիներով բեռների անցման պայմանները, բնական է, ենթակա են հավելյալ քննարկման համապատասխան տարանցիկ երկրների հետ»,- հայտարարել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «նման քննարկումը, երևի թե, վաղաժամ կլիներ»։

«Նախ՝ անհրաժեշտ է գործարկել մոնիթորինգային մեխանիզմը, որը նախատեսվում է ռուս-վրացական համաձայնագրերով։ Ռուսական կողմը դա առաջարկում էր անել դեռևս 1 տարի առաջ։ Պրահայում կարծիքների փոխանակումը Գրիգորի Կարասինի (Ռուսաստանի փոխարտգործնախարար) և Զուրաբ Աբաշիձեի (Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ) միջև թույլ է տալիս հաշվարկել, որ մարտի վերջին, երբ Շվեյցարիայում վերսկսվի տվյալ հարցով երկխոսությունը, վրացի գործընկերները կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,- հույս է հայտնել նա։

Ավելի վաղ Կարասինը «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում հայտնել էր, որ իրենք «որոշել են կյանքի կոչել 2011թ. պայմանագիրը, որը մեր երկրներին թույլ կտա զարգացնել առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերություններ»։

Նման համակարգը կարող է կողմերին թույլ տալ շրջանցել սահմանին բեռների ձևակերպման հարցը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով և Աբխազիայիով անցնող միջանցքները, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռազմավիրական ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին, հաճախ է փակվում եղանակային պայմանների հետևանքով, գրում է «Կոմերսանտը»։

Ինչպես պարբերականի հետ զրույցում բացատրել է Կարասինը, խոսքեը երեք միջանցքի մասին է։ Դրանցից մեկը սկսվում է Սոչիի մերձակայքում, անցնում է Աբխազիայով, ավարտվում՝ Զուգդիդի քաղաքում։

Երկրորդ միջանցքը սկսվում է հյուսիսօսական Նար գյուղի մոտ ու անցնելով Հարավային Օսիայով, ավարտվում է Գորիում, իսկ երրորդը գտնվում է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի մոտ։

Կարասինը ընդգծել է, որ այդ միջանցքների գործարկմամբ հատկապես շահագրգիռ է Հայաստանը։

«Հենց մենք լուծենք բոլոր մնացած հարցերը, միանգամից կսկսենք համաձայնագրի կյանքի կոչումը։ Մնացել է անել ամենավերջին՝ դժվար քայլը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս