Ինչպե՞ս կանդրադառնա Թրամփի հակաիրանական արշավը հայ-իրանական հարաբերությունների վրա
«Բնականաբար, ԱՄՆ նորընտիր նախագահի այս կոշտ դիրքորոշումն իր բացասական հետևանքները կունենա այն ծրագրերի վրա, որոնք Իրանը նախատեսում է իրականացնել տարածաշրջանում և աշխարհում»,- անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին՝ ասաց 168.am-ի զրուցակիցը՝ իրանցի վերլուծաբան, Tehran times թերթի նախկին գլխավոր խմբագիր Ալի Սալամին։
Ալի Սալամին, վերլուծելով Թրամփի հակաիրանական դիրքորոշման պատճառները, նշեց, որ այս քաղաքականության պատճառն ամենևին էլ բալիստիկ հրթիռների արձակումը չէր Իրանի կողմից, որի իրավունքն իբրև թե Իրանը չուներ Միջուկային գործարքի արդյունքում։ Սալամիի հիշեցմամբ՝ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետական թեկնածուն շատ ավելի կոպիտ էր Իրանի հետ կապված հարցերում՝ ընդհուպ պնդելով, որ Միջուկային գործարքը մեծ սխալ է և պետք է չեղարկվի։
«Նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփը, կարելի է ասել, փոքր-ինչ մեղմել է իր սուր հռետորաբանությունը, սակայն ասել, որ այստեղ Իրանին և տարածաշրջանին անակնկալներ չեն սպասվում, տեղին չի լինի, քանի որ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի առկայությանը, որոնք, ինչպես մեր գերատեսչություններն են պնդում, համատեղելի չեն պատժամիջոցների հետ, ԱՄՆ-ը խոսում է պատժամիջոցներից, որոնց Իրանը ստիպված կլինի պատասխանել։
Սակայն միակ ուրախալի փաստն այստեղ այն է, որ ԵՄ-ն արդեն իսկ զգուշացրել է Թրամփին, որ չի աջակցելու այդ պատժամիջոցներին և Թրամփի հակաիրանական արշավին, ինչը նշանակում է, որ չեն լինի ընդլայնված պատժամիջոցներ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը միջուկային համաձայնությանը հասան տասնյակ տարիների բարդ բանակցությունների արդյունքում»,- նշեց Ալի Սալամին։ Վերջինս ասաց, որ եթե ԵՄ-ն չմիանա և չաջակցի այդ արշավին, ապա կարելի է հույսեր ունենալ, որ ԵՄ-ի ծրագրերն Իրանի հետ կշարունակվեն, և սա կրկին գլոբալ ճգնաժամի չի վերաճի Իրանի համար։
Իրանցի վերլուծաբանն ասաց, որ, բնականաբար, ԱՄՆ նորընտիր նախագահի այս կոշտ դիրքորոշումն իր բացասական հետևանքները կունենա այն ծրագրերի վրա, որոնք Իրանը նախատեսում է իրականացնել տարածաշրջանում և աշխարհում։ «Սակայն, ըստ իս, վտանգավորն այն է, որ այդ դիրքորոշումը գուցե շատ երկրների համար ուղենիշային դառնա։ Իրանին ամերիկյան նոր արշավը չի կաշկանդելու, սակայն նույնը չեմ կարող ասել այլ երկրների համար»,- ասաց Սալամին։
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներից՝ իրանցի քաղաքագետն ասաց, որ Միջուկային համաձայնագրից հետո այդ հարաբերությունները բացահայտման փուլում են, որի գագաթնակետն էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան և այն լայն սպեկտրը, որը քննարկվեց նրա այդ այցի ընթացքում։ Նրա համոզմամբ՝ ամենահետաքրքրական, հեռանկարային ծրագիրը Սև ծովը Կասպից ծոցին կապելու հարցն է, որով հետաքրքրված է թե՛ ԵՄ-ն, թե՛ Իրանը, և որից կշահեն ինչպես՝ Հայաստանը, այնպես էլ՝ Վրաստանը։ «Բայց ես չեմ բացառում, որ առանց այն էլ սահմանափակումներ ունեցող Հայաստանը գուցե հաշվի առնի նաև ամերիկյան տեսակետը։ Սակայն ուզում եմ նաև շեշտել, որ պատժամիջոցների տարիներին հայ-իրանական հարաբերությունները թեև չեն զարգացել, այնուամենայնիվ բարեկամությունը և բարիդրացիությունը շարունակվելու է։ Այս պահին շատ ավելի պակաս հավակնոտ ծրագրեր կան, ինչպես հայ-իրանական ազատ առևտրի գոտու ձևավորումը, առևտրաշրջանառության խթանումը, Իրանը ԵՏՄ-ին կապելու ծրագիրը, որոնց ուղղությամբ աշխատանքներն ակտիվ կերպով կշարունակվեն»,- ասաց Սալամին։
Հարցին, թե իրանաամերիկյան լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, Սալամին պատասխանեց, թե չի կարծում, թե որևէ կերպ կանդրադառնա։
«Այս կոնֆլիկտի շրջանակում իրավիճակն անփոփոխ է բավականին երկար ժամանակ, մշտապես պահպանվել և պահպանվում է պատերազմի սպառնալիքը։ Ինչպես ցույց են տվել զարգացումները, արտաքին զարգացումները քիչ են ազդել հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, բացառությամբ անցյալ տարվա քառօրյա պատերազմը, երբ լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները»,- ասաց իրանցի վերլուծաբանը։