«Պարոն Բագրատյան, նենց հարցեր ես տալիս, պլյուս-մինուս, սաղ ֆազերը գցում ա». ԱԺ-ի լույսերն անջատվեցին
«Հստակ պետք է գրվի այս օրենքում, որ մարդն իրավունք ունի հիպոթեքային վարկը ժամկետից շուտ մարելու»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
«Ինչպե՞ս պետք է հաշվի առնվի մարդու ընտանիք և երեխա ունենալու հանգամանքը։ Արդյոք երեխայի առկայությունը կարո՞ղ է արգելք լինել, որպեսզի մարդուն այդ բնակարանից վտարեն։ ԿԲ-ի նախագահն այստեղ ասաց, որ բանկերում պասիվներն աճել են 15 տոկոս, դուք կողջունե՞ք նման ԿԲ-ի նախագահին, երբ միջին տոկոսադրույքը դրամով մոտավորապես այդքան է դեպոզիտի վրա և ավոտմատ պետք է աճի։ Բա հո Նիդեռլանդների չափ չի՞ աճի, որտեղ դեպոզիտի վրա տոկոսը մի տոկոս է։ Այսինքն՝ ոչինչ էլ չանեք, ինքը 15 տոկոս պետք է աճի։ Մի օր առանց կապիտալիզացիայի դեպոզիտների աճը ներկայացրե՞լ եք, քանի անգամ խնդրել ենք այստեղ։ ՀՀ նախագահն էլ մեկ-մեկ իր ելույթներում, հատկապես ձեր համագումարին, ասում է՝ սենց բան է եղել, ես լսում եմ, ասում եմ՝ ախր դա այդպես չէ, թե՞ ես չեմ հասկանում տնտեսությունից»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։
Երբ նախագծի հարակից զեկուցող Գագիկ Մելիքյանը ցանկանում էր պատասխանել Հ. Բագրատյանի հարցերին, ԱԺ-ի լույսերն անջատվեցին։
«Պարոն Բագրատյան, նենց հարցեր ես տալիս, պլյուս-մինուս, սաղ ֆազերը գցում ա»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Երբ լուսավորությունը վերականգնվեց, Գ. Մելիքյանն ասաց. «Համաձայն եմ, որ կան շատ խնդիրներ, ու կան առաջարկություններ, որ պետք է տեղ գտնեն այստեղ։ Համաձայն եմ, որ վարկի ժամանակից շուտ մարումը պետք է նաև լուրջ վնասներ չստեղծի վարկատու բանկի համար։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքականություն, որ դեպոզիտների համար տրամադրվող ազատ միջոցներն ուղղորդեն դեպի վարկավորում՝ ներդրումներ իրականացնելու։ Ինչ վերաբերում է անչափահաս երեխաների առկայությանը՝ որպես առավելություն գրավի վրա բռնագանձում չտարածելու առումով, կարծում եմ, որ կարելի է սա քննարկման առարկա դարձնել»։