Ծնողական մանիպուլյացիա

Գիտակից ծնողը երեխայի հետ շփվելիս պետք է շեշտադրում կատարի հիմնականում անկեղծության վրա։ Պետք չէ կեղծ դիմակներ ստեղծել, որոնք կարտահայտեն որևէ հույզ կամ սպառնալիք` սպասված արդյունքին հեշտ հասնելու համար։ Բացի այն, որ երեխաները կարողանում են արդար դատել` նմանակելով ծնողի վարքը, նրանք բավականին զգայուն են և կարող են հոգեկան մակարդակում վնասվել` ձևավորվելով որպես որոշ խտրականությունների դիմող անհատ։

Արդյո՞ք լույս աշխարհ բերելով մեր երեխային` մենք ապագայում նման արդյունք ենք ակնկալում։ Ինչո՞ւ ի սկզբանե նրանց համար ստեղծել այնպիսի իրավիճակային նախապայմաններ, որոնք հետագայում փոխհատուցման կամ շտկման կարիք են ունենալու։

Շատ հաճախ կարող ենք նկատել, թե ինչպես են ծնողները մանիպուլյացիայի ենթարկում իրենց երեխաներին, և դրան մեկտեղ` շփոթվում, երբ իրենց երեխան ինքն է մանիպուլյացիան կիրառում ծնողի նկատմամբ։

Երբ ծնողին հարցնում ես, թե ինչո՞ւ է այդպես վարվում, նա շատ հանգիստ, հավասարակշռված պատասխանում է, որ այդպես բոլորն են անում, քանի որ դա սովորական դիտվող երևույթ է։ Եվ իրոք, դա շատ սովորական երևույթ է, բայց, արդյո՞ք անվնաս է։ Իրականում նման բնական հիերարխիայի խախտումն արդյունք է դաստիարակման «արմատախիլ անել և վերափոխել» նախադրյալների, ինչը ենթադրում և ծնողներին ուղղորդում է` գնահատել, քննադատել, ստիպել, սահմանափակել, սպառնալ երեխային։ Այս բոլոր մասնիկները հանդիսանում են մանիպուլյացիայի բաղադրիչների դրսևորումներ։

Կարդացեք նաև

Մանիպուլյացիան արագ գործող մեխանիզմ է` ստանալ այն, ինչ ուզում ես։ Մանիպուլյացիան այն է, երբ ծնողը, կամ մեզնից յուրաքանչյուրը, դիմացինի մեջ գտնում է այն հույզը կամ ցավոտ տեղը, որին ճնշելով կամ արթնացնելով` կարող է հասնել սեփական ցանկության բավարարմանը։ Ծնողները հիմնականում օգտագործում են «եռյակ» համարվող հիմնական գործոնները` վախ, ամոթ, խիղճ։ Եվ, իրոք, եթե երեխային ավանդական դարձած կերպարներով վախեցնեք, ապա երեխան կդառնա պայմանական «լսող երեխա»։ Անդրադառնանք այդ գործոններին.

ՎԱԽ-ի գործոն

Օրինակ` «Եթե քեզ լավ չպահես, կկանչեմ բժշկին, քեզ կտամ ոստիկանին», կամ ավելի վատ` «Կգա կախարդը, կամ մեծ արջը (կախված ծնողի երևակայության սահմաններից)»։

ԱՄՈԹ-ի գործոն

Սա շատ դժվար տանելի հույզ է, հետևաբար` խաղալով երեխայի հատկանիշների որակազրկման վրա և ճնշելով նրան, երեխան պատրաստ է լինում անել այն, ինչ հարմար է տվյալ պահին ծնողին։

ԽՂՃԻ գործոն

Երեխային մեղադրել այն բանում, թե նա իր քայլերով ապացուցում է, որ չի սիրում մայրիկին, ցավ է պատճառում նրան, ժամանակին տուն չի եկել, և դրանից ծնողի առողջական վիճակը վատթարացել է, և այլն… Խիղճը նույնպես շատ կարևոր և զգայուն հույզ է, որի ընթացքում մենք սկսում ենք մեզ մարդ չզգալ, քանի որ ցավ ենք պատճառում հարազատ մարդուն։

Մանիպուլյացիայի ժամանակ ծնողը մարտավարության տեսանկյունից հաղթող է դուրս գալիս, քանի որ ստանում է այն, ինչ ուզում է, իսկ ռազմավարության տեսանկյունից` պարտվող, որովհետև, առաջին հերթին` միշտ շատ տհաճ է, երբ քեզ ենթարկում են մանիպուլյացիայի, և միշտ մնում է այն համոզմունքը, որ`

  1. քեզ օգտագործում են,
  2. այն խզում և քանդում է հարաբերությունները,
  3. երրորդ` նա ինքն է սովորում մանիպուլյացիա անել։

Եվ, մեծանալով, երեխան իր հետ տանում է այդ մեխանիզմը, այն կախարդական փայտիկը, որով ժամանակին իր ծնողը բավարարում էր սեփական ցանկությունները` կապված սեփական երեխայի վարքի հետ, և հիմա դա փոխանցել է իր երեխային, որն էլ իր հերթին` բավարարում է սեփական ցանկությունները` մանիպուլյացիայի ենթարկելով հասարակությանը, կամ ավելի վատ` սեփական ծնողին։

Հիմնական ճիշտ մոտեցումը` իրական հարաբերություններ և խոսք ստեղծելն է։

Օրինակ`

– Ես ցանկանում եմ, որ դու տուն գաս ժամանակին, քանի որ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ։

– Ես ցանկանում եմ որ դու զանգես, տեղեկացնես ինձ, թե որտեղ ես գտնվում, քանի որ դու դրանով ցույց կտաս, որ ՀԱՐԳՈՒՄ ԵՍ ինձ (եթե խոսքն ավելի մեծ երեխայի` դեռահասի մասին է)։

Եթե ծնողը գործ ունի փոքրիկի հետ, ապա այստեղ ծնողական հեղինակության ոչ ճիշտ իրականացման հմտության պակասը ծնողին հնարավորություն չի տալիս հստակ սահմաններ դնել և երեխային կառավարել, և դա շատ բնական է, քանի որ երեխան, ինքը դեռ շատ փոքրիկ լինելով` հարմարվում է միջավայրին։ Նրա ամեն մի քայլ ուղղված է ճանաչողականությանը, և այդ պատճառով ծնողը պետք է խթանի երեխայի ամեն մի հետաքրքրություն բավարարող գործողություն, և ոչինչ, որ երեխան ինչ-որ բան կխափանի, դուք այն կարող եք ձեռք բերել խանութից, իսկ երեխայի ժամանակը, զարգացումը ոչ մի տեղ չի վաճառվում։

Եթե երեխան դպրոցական է, և ձեր խնդիրը դասերը չսովորելու մեջ է, ապա փոխարենը մանիպուլյացիա անելու` ասելով, որ դասերը չպատրաստելու դեպքում նա կզրկվի դրսում խաղալուց կամ մեկ այլ ուրիշ բանից, հարցրեք, թե ինչո՞ւ չի ուզում սովորել, ի՞նչն է խանգարում, դարձեք ձեր երեխայի ամենալավ վստահելի ընկերը, որպեսզի նա կիսվի ձեզ հետ իրեն անհանգստացնող խնդիրներով` համոզված լինելով, որ դուք անպայման կհասկանաք և կպաշտպանեք իրեն։ Որ կարելի է, իրոք, չսիրել օրինակ` մաթեմատիկայի դասը, և նա այդ միտքը սովորական համարելով, ավելի հանգիստ, առանց տագնապի` կնստի սովորելու հենց այդ առարկան։

Ոչինչ, որ ինչ-որ բան չի ստացվում, դա աստիճանաբար կարելի է շտկել։ Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։

Սիրելի ծնողներ, մի վախեցեք, որ Ձեր երեխան կարող է սխալ անել, կամ ավելի վատ սովորել, քան Ձեր ընկերուհու երեխան, և խնդիրը Ձեր հեղինակությունը չէ, այլ Ձեր երեխայի առողջ հոգեբանության ձևավորումը։ Հուսով եմ, այս փոքրիկ անդրադարձը Ձեզ ոչ թե կըմբոստացնի, այլ հնարավորություն կտա առավել լավ հարաբերություններ ստեղծել Ձեր և Ձեր երեխայի միջև, կխթանի, որ ավելի լավ հասկանաք միմյանց։

հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս