
Ադրբեջանի դիվերսիոն փորձը ձախողվել է. Հակառակորդի զինծառայողը գերի է ընկել

Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաեւ առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն: