
ՊՊԾ գնդի գրավման ընթացքում իրավապահները հիմնականում ապահովել են բնակչության խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը. Ռիչարդ Միլս

Անցած տարվա հուլիսին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացել են լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«Նրանք միաժամանակ կարողացան ապահովել Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումները»,- նշեց դեսպանը:
Նա հավելեց, որ այդ ժամանակ իրենց մտահոգությունները ներկայացրել են՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: «Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր»,-եզրափակեց Ռիչարդ Միլսը: