Բաժիններ՝

Հայկական «Ֆամբոքս» ստարտափն ու Համաշխարհային բանկը սկսել են բիզնես համագործակցություն

Հայաստանում առաջին անգամ կիրառվող «ՄարկԼոջիք» տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա  կիրականացվի ծրագիր, որը կլինի Համաշխարհային բանկի (ՀԲ) Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) գործող «Ֆամբոքս» սկսնակ ընկերության բիզնես համագործակցության սկիզբը:

Համագործակցության մեջ կարևոր դեր է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝  Գյումրու տեխնոլոգիական կենտրոն կայացած այցը դեռևս 2016 թվականի օգոստոսին: Այդ ընթացքում տեխնոլոգիական կենտրոնին ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարևորագույն պատվերի իրականացումը Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց ստարտափ ընկերությանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի  մենեջեր Ամալյա Եղոյանը նշում է, որ «Ֆամբոքսի» ընտրությունը պատահական չէր, քանի որ այս  ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին:

«ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը «Ֆամբոքսի» թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը Համաշխարհային բանկում՝ որպես գործընկեր: Արդյունքում՝ ստարտափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր»,- նշում է  Ամալյա Եղոյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն «Ֆամբոքսի», այլև տեխնոլոգիական կենտրոնի  համար սա հնարավորություն է՝ ձեռք բերել միջազգային ճանաչում ՄարկԼոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:

Ամալյա Եղոյանի խոսքով՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, և հատկապես վերջին ամիսներին  շարունակական բանակցություններ են վարվում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նշում են, որ կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքները նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից՝ ստեղծվում են նոր աշխատատեղեր, մյուս կողմից՝ աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ տեխնոլոգիական  կենտրոնը բիզնեսի զարգացման համար դարձնելով գրավիչ և որակյալ վայր:

Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Տեխնոլոգիական կենտրոնն ունի առաքելություն՝  Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս