Վերջին տարիներին աճել է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունն ու մահացությունը
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները ցանկացած զարգացող և զարգացած երկրի առողջապահական համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից են։ Ըստ այդ նույն ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհում չարորակ գոյացությունները մահացության կառուցվածքում զբաղեցնում են երկրորդ տեղը։ Հայաստանը, ցավոք, կրկնօրինակում է այդ պատկերը: Այս մասին փետրվարի 1-ին ասուլիսում ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Դիանա Անդրեասյանը։
«Հիվանդացության և մահացության տվյալների դիտարկումն ու համեմատական վերլուծությունը վերջին տասը տարիների ընթացքում, ակնհայտորեն փաստում է, որ դրանք Հայաստանում աճել են մոտ 1,9 անգամ։ Յուրաքանչյուր տարի ախտորոշվում է մոտ 8300-8400 նոր դեպք, իսկ դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը կազմում է 41000: Տղամարդկանց մոտ ավելի ակնհայտ է թոքի քաղցկեղից հիվանդացությունն ու մահացությունը։ Այն մոտավորապես հինգ անգամ գերազանցում է կանանց տվյալները»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլո ւծական կենտրոնի տնօրենը։
Նրա պնդմամբ՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ 20-ից բարձր տարիք ունեցողների շրջանում ծխախոտի օգտագործումը բավականին բարձր է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքի քաղցկեղից մահանում է բոլոր հիվանդների 50-53 %-ը։
Տղամարդկանց մոտ մահացության տեսանկյունից երկրորդ տեղում են շագանակագեղձի, լյարդի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղները։ Կանանց շրջանում զգալիորեն ավելի բարձր է կրծքագեղձի քաղցկեղը, ապա՝ արգանդի մարմնի, արգանդի վզիկի, ստամոքսի, հաստ աղիքի չարորակ գոյացությունները։
«Վերջին տարիներին և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ շատ են աճել ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունն ու մահացությունը։ Բավականին բարձր է ռիսկային գործոնների տարածվածությունը՝ ավել քաշը, ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը: Յուրաքանչյուր անձ պետք է զգոն լինի իր առողջության նկատմամբ»,- շեշտեց Դիանա Անդրեասյանը։