Օրենքով նախատեսված կարգով ինքնազբաղված անձինք ազատվում են հարկերից
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվում են հարկումից: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանը նշեց, որ ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայություններին՝ հագուստի արտադրություն և վերանորոգում, փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, լեզուների ուսուցման դասընթացներ, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկում և այլն»,- ասաց նա:
Մուրադյանի խոսքով` ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից՝ բացառությամբ նրանց կողմից ՀՀ տարածք ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկերից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետի վստահեցմամբ` արտոնագիրը ստանալու համար առավելագույնս պարզեցված ընթացակարգ է նախատեսված: Նրա ներկայացմամբ` այն անձիք, ովքեր զբաղվում են նշված գործունեության տեսակներով, ընդամենը պետք է դիմեն տարածքային հարկային տեսչություն՝ ներկայացնելով համապատասխան դիմում, որից հետո մեկօրյա ժամկետում հակային մարմինը կտրամադրի արտոնագիրը:
«Պետք է դիմեն իրենց հարկային տարածքային տեսչություն անձնագրով և հանրային ծառայության համարանիշով, լրացնեն դիմումը, որտեղ պետք է նշեն գործունեության համապատասխան տեսակը և այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել: ժամանակահատվածը կարող են նշել մեկ ամիս, մի քանի ամիս, մեկ տարի, նույնիսկ մի քանի տարի, ըստ իրենց ցանկության»,- ասաց նա` հավելելով, որ արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:
Նրա խոսքով`2017 թվականի հունվարին 813 ինքնազբաղված անձիք արդեն իսկ նախընտրել են օգտվել օրենքի ընձեռնած հնարավորությունից և ստանալ արտոնագրեր:
Վերջում նա հավելեց, որ այս արտոնությամբ հնարավորություն կընձեռվի ինքնազբաղված անձանց իրենց միջոցներն ուղղել բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև ՊԵԿ-ի համար թիրախավորված կլինեն ավելի խոշոր ստվերային գործունեություն ծավալող գործունեությունները:
Հարկային արտոնությունների համար ներգրավված բոլոր գործունեության տեսակները մինչև 2011 թվականը հարկվել են ընդհանուր հարկման դաշտում, դրանից հետո հարկվել են արտոնագրային վճարների մասին օրենքի առաջին հավելվածի համաձայն: Տարբերակված դրույքաչափեր են եղել արտոնագրային վճարների մասին օրենքում, որոնք գործել են որոշակի առումով ըստ աշխարհագրական դիրքի: