ՊԲ-ն պատասխան չունի՝ ինչու է ապրիլի պատերազմին մասնակցելու մասին նշումը «անվավեր» համարվել. ՀԺ
2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»:
«Ազատություն» ռադիոկայանը տեսանյութ է պատրաստել արդեն զորացրված զինծառայողների մասնակցությամբ, որոնք նախ ցույց են տալիս իրենց զինգրքույկում կատարված ջնջումը, ապա ենթադրում, թե ինչի համար պետք է ջնջված լինի մարտերին մասնակցելու փաստն արձանագրող գրությունը: Զինծառայողների պնդմամբ, ապրիլյան պատերազմի մասնակիցներն իրավունք են ստացել որոշ արտոնություններից օգտվել (օրինակ՝ բուհերում ուսման վարձի զեղչեր եւ այլն), սակայն այս կերպ նրանք զրկվում են այդ արտոնությունից օգտվելու հնարավորությունից:
Զորացրված զինծառայողների մեծ մասը ԼՂՀ պաշտպանական բանակում են ծառայություն իրականացրել եւ մասնակցել են ԼՂՀ սահմանի պաշտպանության մարտական գործողություններին:
ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Armtimes.com-ի հետ զրույցում նախ ասաց, որ մեկնաբանություն չունի, ապա նշեց. «Զինծառայողներին համապատասխան զինվորական կառույցներում պատասխանում ենք»: Նկատառմանը, որ զորացրված զինծառայողները դիմում են համապատասխան կառույցներին եւ պատասխան չեն ստանում, նա այսպես արձագանքեց. «Ես հարգում եմ, ընդունում եմ եւ գնահատում եմ յուրաքանչյուր զինծառայողի կատարածը ոչ միայն ապրիլյան մարտերի ժամանակ, այլ՝ ընդհանրապես իրենց զինվորական ծառայության ընթացքում, անգամ այսօրվա զինծառայողներին չափից ավելի հարգում եմ եւ յուրաքանչյուրն իր ներդրումն ունի հայրենիքի պաշտպանության գործում, բայց ոչ բոլորն են արժանանում հերոսի կոչման:
Մեկը «Մարտական խաչ» է ստանում, մեկը՝ «Ոսկե արծիվ», այսինքն՝ այստեղ գնահատման չափանիշներ կան: Եթե տվյալ զինծառայողի զինգրքույկում գրվում է՝ մասնակցել է մարտական հերթապահության կամ մասնակցել է մարտական գործողությունների, ուրեմն ինչ-որ որոշում կա հրամանատարի կողմից»:
Դիտարկմանը, որ զինգրքույկում սեւ գույնի գրիչով գրված է, որ մասնակցել է մարտական գործողությունների, իսկ կարմիրով՝ «անվավեր», ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Քանի որ ես դա չեմ տեսել, ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող դրան տալ»: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անեն նման խնդրի բախված զինծառայողները, նա ասաց. «Չեմ կարող պատասխանել»:
Սենոր Հասրաթյանն առաջարկում է զինծառայողներին դիմել զինկոմիսարիատ, որտեղից զորակոչվել են պարտադիր ժամկետային ծառայության: Պնդմանը, որ զինկոմիսարիատից էլ ասում են դիմեք զորամաս, Հասրաթյանն արձագանքեց. «Ես այսքանը կարող եմ ասել, ավելացնելու բան չունեմ: Ես ամենասկզբում ձեզ ասացի, որ ՀՀ պաշտպանության նախարարը համապատասխան պարզաբանում տվել է, ես դրան ավելացնելու բան չունեմ, այդքանով բավարարվում ենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: